«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում: Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու հավելել, որ կարեւոր ձեռքբերում կլինի ՀՀ ՆԳՆ-ի եւ Եվրապոլի միջեւ փոխգործակցությունը: Այս դեպքում ՆԳՆ-ն հանդիսանում է ոչ թե Կառավարության առանձին անդամ, այլ ՀՀ իրավապահ համակարգի միասնական ներկայացուցիչը Եվրապոլի հետ միասնական համագործակցության շրջանակում: Կնշանակվի Եվրապոլի հետ համագործակցության կապի սպա, որը կապահովի տեղեկատվության փոխանակումն ու հետադարձ կապը հայկական իրավապահ համակարգի եւ Եվրապոլի միջեւ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը մանրամասնել է, թե վավերացնելուց հետո ինչ ծավալով են օգտագործվելու համաձայնագրի հնարավորությունները: Փոխնախարարը նշել է, որ գործնականում մեկնարկել են ներդաշնակեցման գործընթացներն ու հավելել. «Մեր կապի սպան, որը կներկայացնի ՀՀ իրավապահ համակարգը, Նիդերլանդներում կունենա նստավայր, որի միջոցով Եվրապոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները: Ամբողջ գործընթացն իրականացվելու է Եվրամիության հաշվին: Համանման ենթակառուցվածք կունենանք նաեւ ՀՀ ՆԳՆ շենքում: Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր դատաբազաներին, ինչը հնարավորություն կտա ապահովելու փոխգործակցությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրապոլի եւ ՀՀ-ի միջեւ»:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւս կարեւորել է համաձայնագրի ընդունումը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Եվրապոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրապոլը չունի ձերբակալելու եւ հարցաքննելու լիազորություններ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: