Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ ուղղությունների մասով վեց տարվա կտրվածքով նախատեսված է կատարման ենթակա 60 միջոցառում, որից 36-ը` 2022 թվականի ընթացքում: Այս միջոցառումներից 21-ը կրում են շարունակական բնույթ, եւ միայն 15-ը պետք է ամբողջապես կատարվեին 2022 թվականին: Կատարումներ էլ ունենք, թերակատարումներ էլ: Սակայն կատարողականը միայն ծրագրից բխող զուտ կետերով չէ, դրանք բավական լայն են լինում: Ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Նախարարը պարզաբանել է, որ թերակատարված կետերից մեկն էլ այսօր հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկված ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն էր: Նախարարը ներկայացրել է կատարված եւ չկատարված աշխատանքները:
2022 թվականին ընդունվել է Ջրային օրենսգրքի եւ հարակից օրենքների փաթեթը, 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր պահանջ: Համակարգի արդյունավետ ներդրման նպատակով ձկնաբույծների հետ տարվում են աշխատանքներ` համատեղ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում: Սահմանվել է բնօգտագործման վճարի դրույքաչափ` հիդրոէներգետիկ նպատակով մակերեւութային ջրերի օգտագործման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 0,1 դրամ, որը պետական բյուջե շուրջ 620 մլն դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: Վերանայվել են ջրօգտագործման թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը, ինչը պետական բյուջե շուրջ 13,6 մլն դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նաեւ ՀԷԿ-երի համար տվյալների առցանց փոխանցմամբ էկոլոգիական թողքի հաշվառման պարտադիր պահանջ եւ այլն: Սեւանա լճի աղտոտվածության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2022 թվականին մաքրվել է լճի 46,60 հեկտար ափամերձ տարածք, այս տարի նախատեսվում է մաքրել 300 հեկտար:
2022 թվականին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց է թողնվել 165 մլն խորանարդ մետր` օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրաքանակից քիչ: 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 227,6 մլն խմ: Աշխատանքներ են տարվում` բարձրացնելու լճի ջրի մակարդակը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախորդ տարի ոլորտում ճշտված բյուջեն կազմել է 235 մլրդ դրամ, որից ծախսվել է 223 մլրդ դրամը: Նախարարության կատարողականը կազմել է 95 տոկոս: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 90,7 տոկոս: «Կապված դոլարի եւ եվրոյի փոխարժեքի հետ` մոտ 7 մլրդ դրամ չի ծախսվել: Նախատեսված աշխատանքներն արվել են, սակայն շինարարին վճարվել է ավելի քիչ` պայմանավորված փոխարժեքով: Եթե այս տեսանկյունից հարցը դիտարկվի, ապա կապիտալ ծախսերի կատարողականը կկազմի 96 տոկոս, իսկ նախարարության ամբողջ կատարողականը` 98 տոկոս»,- ասել է նախարարը: «Սահմանամերձ համայնքներին աջակցություն» ծրագրի շրջանակում 23 համայնքի 82 բնակավայրի տրվել է 998 մլն դրամ:
Նախորդ տարի համայնքներին տրվել է 64 մլրդ դրամ դոտացիա, այս տարի` 69,5:
Սուբվենցիոն ծրագրերի մասով եւս նախորդ տարի բարձր ցուցանիշ է արձանագրվել: 36,6 մլրդ դրամի չափով Կառավարությունը եւ համայնքները սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել, դրանցից 18,9 մլրդ դրամը հատկացրել է Կառավարությունը: Մոտ 550 մլն դրամ հատկացրել են բարերարները կամ այլ գործընկերներ: Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս աշխատանքները եւ անելիքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները:
2022 թվականին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի բյուջեն հաստատված եղել է 24,9 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է 37,9 մլրդ դրամ: Պատճառը մի քանի ընթացիկ ծրագրերն ու մարտահրավերներն են եղել, որոնց պետք էր լուծում տալ: Մասնավորապես, Կառավարությունը սուբսիդավորել է պարարտանյութերի գները: Ծրագրի արդյունքում շուրջ 20.500 տոննա պարարտանյութ մատակարարվել է պահանջներ ներկայացրած ֆերմերներին եւ ֆերմերային տնտեսություններին:
Փոխնախարարը ներկայացրել է նաեւ կատարված մյուս ծրագրերն ու անելիքները:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է մարտի 15-ին: