Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող եւ ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները եւ վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը:
Ռազմավարությունը քննարկվել է հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում` Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանի հավաստմամբ` ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխել է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջեւ ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից:
Ըստ նրա` ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության եւ աջակցության համակարգերը:
Վիկտորյա Այդինյանը նշել է, որ ռազմավարության կարեւորագույն ուղերձներն են աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը:
Նշվել է նաեւ, որ ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ` ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչեւ կյանքի ավարտը: Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաեւ կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները եւ ազդեցությունը մարդու, ընտանիքի եւ հասարակության վրա:
Վիկտորյա Այդինյանը համոզմունք է հայտնել, որ ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային եւ թափանցիկ` այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն: Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին, եւ ճգնաժամային իրավիճակներում ունենալ բավարար ճկունություն: Ավելին, իբրեւ առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը` միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը:
Ըստ նախարարի խորհրդականի` առաջիկա 5 տարիներին ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող եւ խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հարցին ի պատասխան` Վիկտորյա Այդինյանը շեշտադրել է, որ ռազմավարության մեջ ներառված մատչելի բնակապահովման, ժողովրդագրության եւ ինտեգրված սոցիալական ծառայությունների վերաբերյալ փաստաթղթերը հիմնաքարային են:
Հերիքնազ Տիգրանյանն ու հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախարարության ներկայացուցչին հորդորել են առավել ուշադրություն դարձնել օգտագործված տերմինաբանությանը:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հավաստմամբ` Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը կարեւորագույն քայլ է բնագավառում առկա խնդիրների լուծման գործում: