Մայիսի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշեց որ գործում է իրական շահառուների, սեփականատերերի երկու ինստիտուտ, որոնք միեւնույն նպատակն են հետապնդում: Ուստի առաջարկվում է փոխություն կատարել եւ ներդնել մեկ միասնական ինստիտուտ:
Նախատեսվել է նաեւ իրավաբանական անձին լուծարելու հնարավորություն, եթե վերջինս երեք տարի անընդմեջ չի ներկայացնում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր կամ այլ կերպ կոպիտ խախտում է իրական շահառուների բացահայտման կանոնները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց եւ հանրամատչելի ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա: Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:
Հեղինակի կողմից ներկայացված առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: