Մայիսի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
Օրենքի գործող իրավակարգավորումները պարտատիրոջը զրկում են արդեն իսկ ճանաչված ու կատարման փուլում գտնվող իր պահանջի կատարումը ստանալու հնարավորությունից` կատարողական վարույթով պարտապանի սնանկության դեպքում, ինչը խնդրահարույց է հատկապես անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է կարճել գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները` բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների:
Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը նշեց, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները:
Դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: