Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդամներ Մարիա Կարապետյանն ու Անի Սամսոնյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է կառույցի շրջանակում հայկական պատվիրակության բազմակողմ համագործակցությունը: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծելով կառույցի դերը, նշել է, որ այն կարեւորագույն հարթակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ պատգամավորն ընդգծել է մասնավորապես, կոռուպցիայի դեմ տարվող պայքարը:
Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը եւ ընդգծել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի առաջ մղման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: