Մարտի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսսելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Սվերդլովսկի նահանգի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները:
Հանդիպման առանցքում միջռեգիոնալ համագործակցության խնդիրներն էին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում բացվել է ՌԴ-ի հետ միջռեգիոնալ համագործակցության կենտրոն, որի աշխատանքների արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել Սվերդլովսկի նահանգը: Կարեւորվեց համագործակցությունը նահանգի Օրենսդիր ժողովի հետ` օրենսդրական փորձի ու տեղեկատվության փոխանակման առումով: Խորհրդարանի նախագահը կոչ արեց ակտիվացնել տնտեսական կապերը` նկատի ունենալով, որ եւ Հայաստանը, եւ նահանգը առեւտրատնտեսական կապերի խորացման ռեալ հնարավորություններ ունեն` վերականգնելու միասնական տնտեսական շուկան: Քննարկվեցին նաեւ գիտության ու կրթության, մշակույթի բնագավառում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նահանգում բնակվում են 15000 հայեր, խորհրդարանի նախագահը կարեւորեց նրանց լիարժեք ինտեգրումը նահանգի հասարակական-տնտեսական կյանքում:
ՌԴ Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսսելը հանգամանալից ներկայացրեց նահանգի կյանքը` կառավարման համակարգի բոլոր օղակների գործառնությունները եւ այն ոլորտները, որտեղ Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն կարող է ձեւավորվել: Կողմերը պատվիրակությունների փոխանակման պայմանավորվածություն ձեռք բերեցին` տեղում միմյանց փորձը ուսումնասիրելու համար: Հատկապես կարեւորվեց նահանգի Օրենսդիր ժողովի եւ Ազգային ժողովի միջեւ օրենսդրական փորձի փոխանակումը, որը կընդգրկի պետական կառավարման համակարգի առավել օպտիմալ մոդելների ուսումնասիրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ խնդիրներ: