Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ամիր Աբդուլլահին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մուզաֆար Չուդերին եւ ծրագրերի բաժնի ղեկավար Բելլա Կարապետյանը:
2006 թ. ավարտվում է տասից ավելի տարիներ Հայաստանում գործող ՄԱԿ-ի ՀՊԾ-ի գործունեության ժամկետը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այդ ծրագրի շարունակման ձեւերին ու միջոցներին առնչվող հարցեր:ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ամիր Աբդուլլահը նշեց, որ իր կարճատեւ այցի ընթացքում եղել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում, ծանոթացել է «Սնունդ աշխատանքի դիմաց» եւ «Ուսում աշխատանքի դիմաց» ծրագրերի կատարմանը: Նրա գնահատմամբ` եւս 2-3 տարի Հայաստանում ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն կա:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ծրագրի շարունակման ձեւերի շուրջ առաջարկություններին, շեշտեց, որ Հայաստանում այսօր ամենից շատ աջակցության կարիք ունեն լեռնային եւ հեռավոր բնակավայրերում, որտեղ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը մնում է ծանր: Այդ բնակավայրերում պետք է ծրագիրը շարունակել` համադրելով եւ պարզ օգնությունը, եւ զարգացման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մարզերի բնակչությանը սեփական գիտելիքներով ու միջոցներով լուծել իրենց խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում կազմակերպել ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովում` պատգամավորների հետ քննարկելու ծրագրին առնչվող խնդիրները:
Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի ՀՊԾի գործունեությունը, որի ընթացքում 75 միլիոն դոլարի օգնություն է տրամադրվել Հայաստանին, եւ կարեւորեց օգնության ծրագրերի նպատակային օգտագործումը մարզերում,դրանց հրապարակային լուսաբանումը: