ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի գլխավորած պատվիրակությանը մարտի 8-ին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց հանդիպման մասնակից կանանց` տոնի կապակցությամբ, եւ իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների կապերի նման բարձր մակարդակով զարգացման եւ առաջընթացի առումով:Նա շնորհակալություն հայտնեց Լատվիայի պատվիրակներին միջազգային կառույցներում Հայաստանին աջակցելու համար:Նորին Սրբությունը նշեց, որ հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ դեր է ունեցել հայոց պետականության կայացման գործընթացում եւ այսօր էլ կատարում է իր հոգեւոր առաքելությունը` իր զորակցությունը բերելով հայրենի իշխանություններին:
Տիկին Ուդրեն ասաց, որ ծանոթանալով Հայաստանի պատմությանը, նկատել է, որ երկու ազգերն ունեն շատ ընդհանրություններ: Նա եւս կարեւորեց երկկողմհամագործակցությունը,պատրաստակամություն հայտնելով հայ գործընկերներին փոխանցելու Եվրամիությանն անդամակցության ընթացքում Լատվիայի խորհրդարանի կուտակած փորձը: Անդրադառնալով եկեղեցի-պետություն խնդիրներին` նա տեղեկացրեց, որ Լատվիայում եկեղեցին անջատված է պետությունից, սակայն կառավարությունն աջակցում է տաճարների եւ եկեղեցիների վերակառուցմանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը տեղեկացրեց, որ այս տարի նշվելու է Հայոց գրերի 1600-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցը, ավելացնելով, որ մայիսի 2-ին Լատվիայի Լյութերական եկեղեցու կենտրոնական տաճարում մասնավոր արարողություն է անցկացվելու ի հիշատակ այդ ոճրագործության զոհերի: Զրույցի ընթացքում նշվեց, որ Լատվիայի երեք հազարանոց հայ համայնքն ունի իր եկեղեցին եւ իրհոգեւոր սպասավորըեւ որ մեր հայրենակիցներն իրենց ներդրումն ունեն Լատվիայի տնտեսական ու մշակութային կյանքում: Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցու բարեմաղթանքներն ու աղոթքը հայտնեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակներին: