ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով մարտի 7-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Լատվիայի Հանրապետության խորհրդարանի` Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեի գլխավորած պատվիրակությունը:
Մարտի 7-ին պատվիրակությանը խորհրդարանում կընդունեն ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները:
Տիկին Ուդրեի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ինգրիդա Ուդրեի գլխավորած պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պսակ կդնեն մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Հանդիպումները խորհրդարանում կամփոփվեն մամլո ասուլիսով: