National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ,� արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
Էլ. փոստ vasura@parliament.am
Հեռ. (374-10) 513415




Կանոնակարգ
ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։

2. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում եւ գործում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Հանձնաժողովն Ազգային ժողովի մարմին է:

3. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝

հարկեր, տուրքեր, վճարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռուստահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում:
 

ԳԼՈՒԽ Il
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

4. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է՝

ա) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ նրա փոխարինողի պաշտոններում.

բ) ընդգրկվել Հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ ձեւավորած աշխատանքային խմբի կազմում.

գ) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ.

դ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ  Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.

ե) Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը.

զ) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

է) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.

ը) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:

5. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

ա) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված  առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին.

դ) կատարել Հանձնաժողովի որոշումները եւ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները:
 

ԳԼՈՒԽ III
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

6. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով՝

ա) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

բ) նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

դ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

ե) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

է) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք.

ը) կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացնել առաջարկություն Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ.

թ) կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել փորձաքննության.

ժ) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

ժա) ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում է Հանձնաժողովին ուղղված դիմումներին եւ առաջարկություններին.

ժբ) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության` գործավարի եւ փորձագետների (մասնագետների)  աշխատանքը.

ժգ) կարող  է Հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների.

ժդ) իրազեկում է Հանձնաժողովին Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

ժե) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ)  հետ.

ժզ) իրականացնում է Կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

7. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

7.1. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) Կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

8. Կանոնակարգի 26-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը։
 

ԳԼՈՒԽ lV
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

9. Կանոնակարգի 27-րդ հոդվածին   համապատասխան՝ Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերին՝ ժամը 11-ին:

9.1. Կանոնակարգի 27-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

9.2. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է։ Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա նախապես ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

10. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Հանձնաժողովի արտահերթ նիստը չի կարող անցկացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

10.1. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագծում չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ (կամ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձրած օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու մասին հարցերի առկայության դեպքում Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է  առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 3 ժամ առաջ:

10.2. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է  արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

10.3. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ։

11. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են եւ հրապարակային, բացառությամբ Կանոնակարգի 90-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքի։

11.1. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել Կանոնակարգի 28-րդ հոդվածի   2-ից 4-րդ կետերով նախատեսված անձինք:

12.   Հանձնաժողովի նիստը վարողը՝

ա) բացում, ընդհատում  եւ փակում է նիստը.

բ) ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը.

գ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

դ) զգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

ե) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

զ) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սույն կանոնակարգով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

է) իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

12.1. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված:

13. Հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստն սկսվելուց առաջ Հանձնաժողովի անդամները գրանցվում են` Հանձնաժողովի անդամների ցանկում իրենց անուն, ազգանվան դիմաց ստորագրելու միջոցով։ Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ ձեւաթուղթը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է։

14.1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

14.2. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

15. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

15.1. Կանոնակարգի 51-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, 52-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում, 53-րդ հոդվածի 2-րդ կետում, ինչպես նաեւ սույն կանոնակարգի 16.1-րդ, 7.1-րդ, 8-րդ, 23-րդ, 28.2-րդ, 32-րդ, 35-րդ եւ 43-րդ կետերում նշված  հարցերը Հանձնաժողովի օրակարգ են  ընդգրկվում առանց քվեարկության։

15.2. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 3-րդ կետում, 37-րդ հոդվածի 3-րդ կետի «դ», «ե» եւ «զ»  ենթակետերում, ինչպես նաեւ սույն կանոնակարգի 9.1-րդ, 7.1-րդ, 8-րդ, 23-րդ, 28.2-րդ, 32-րդ, 35-րդ եւ 43-րդ կետերում նշված հարցերը Հանձնաժողովի նիստում քննարկվում են արտահերթ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկվում են Հանձնաժողովի նախագահի, իսկ արտահերթ նիստինը՝ դրա նախաձեռնողի կամ նախաձեռնողների ներկայացուցչի սահմանած հաջորդականությամբ:

16. Օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը Հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել միայն Ազգային ժողովում շրջանառությունից հանվելու դեպքում:

Սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցը հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել հեղինակի առաջարկությամբ: Հեղինակը կարող է այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության:

17. Հանձնաժողովի որոշումները, առաջարկությունները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի  առնվազն 1/4-ը:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։

Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

18. Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը:

19. Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ հանձնաժողովի նիստերի սենյակում տեղադրված հեռախոսի:

20. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։ Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը, ըստ որում՝ բացակայության պատճառը.

գ) նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը.

դ) նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը.

ե) օրակարգային հարցերի  քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը.

զ) քվեարկության անվանական արդյունքները.

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները։

Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը։

20.1. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից սույն կանոոնակարգի համապատասխան, քաղվածքը ոչ ուշ, քան ուրբաթ օրվա ժամը 16.30-ը ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

20.2. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
 

ԳԼՈՒԽ V
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

21. Կանոնակարգի 27-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝ շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների եւ որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

22. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը Հանձնաժողովի անդամներին են տրամադրվում այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ։

Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին Կառավարությունը եւ Աշխատակազմը տեղեկացվում են այդ նիստից առնվազն 3 օր  առաջ:

23. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ արտահերթ նիստի օրակարգի նախագիծը` այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:
 

ԳԼՈՒԽ VI
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ  ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

24. Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ, որը`

ա) 25 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կանոնակարգի 51-րդ հոդվածի առաջին կետով սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եւ Աշխատակազմի  եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր առաջարկը.

բ) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝  ներկայացնելով չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր եզրակացությունը.

գ) Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված եւ հեղինակի կողմից ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, դրան կցված ամփոփաթերթիկով ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, հեղինակի հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել փոփոխություններ եւ Հանձնաժողովի նիստում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը՝ դրան կցված ամփոփաթերթիկով, եւ դրա վերաբերյալ իր եզրակացությունը.

դ) օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 25-օրյա ժամկետում, հեղինակի հետ համատեղ կարող է նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ եւ դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը.

ե) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների վերաբերյալ իր եզրակացությունը.

զ) Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների քննարկման ժամանակ հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

24.1. Հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության դեպքում սույն կանոնանկարգի 30-րդ կետում սահմանված լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի այլ անդամը կամ Հանձնաժողովի նախագահը:

25. Եթե սույն կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

ա) հիմնական զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

բ)  հարցեր հիմնական զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

գ) հարակից զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

դ) հարցեր հարակից զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

ե) մտքերի փոխանակություն (մինչեւ 5-ական րոպե).

է) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

ը) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

25.1. Որպես հիմնական զեկուցող՝ ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը։

25.2. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝  եզրափակիչ ելույթով:

25.3. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

26. Հարցեր տալու ցանկություն ունեցող պատգամավորները դիմում են Հանձնաժողովի նիստը վարողը։ Հարցերը տրվում են ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

27. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամները դիմում են Հանձնաժողովի նիստը վարողին։

28.1. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Կանոնակարգի 58-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված անձինք։

28.2. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

28.3. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

29. Հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հիմնական զեկուցողն իրենց ելույթներում հայտնում են իրենց դիրքորոշումը մտքերի փոխանակության ընթացքում Հանձնաժողովի եւ Կառավարության անդամների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

30. Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առաջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն.

բ) օրենքի նախագիծը այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում   առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ։

30.1. Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությունները քվեարկության են դրվում նրա սահմանած հաջորդականությամբ: Եթե սույն կանոնակարգի 30-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Հանձնաժողովի ներկայացուցչի արած առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ առաջարկը չի արել, ապա համարվում է, որ Հանձնաժողովը հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

31. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։ Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը վարողը։ Քվեարկության պահին Հանձնաժողովի նիստը վարողին դիմելն արգելվում է:

31.1. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները: Եթե քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումներն ազդում են որոշման ընդունման վրա, ապա Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ նիստը վարողի հայտարարությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը կրկնվում է։

32. Առանձին հարցի քննարկման համար օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է զեկուցման ընթացքում, եւ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:
 

ԳԼՈՒԽ VII
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԳՈՐԾԸ

33. Կանոնակարգի 51-րդ հոդվածի առաջին կետի «բ» ենթակետով սահմանված կարգով Հանձնաժողով ուղարկված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի գործը ներառում է`

ա)  օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրաջանառության մեջ դնելու մասին դրա հեղինակի դիմումը.

բ) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրան կից ներկայացվող`

1) օրենքի ընդունման հիմնավորումը.

2) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

գ) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվող տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը.

դ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը.

ե) պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը.

զ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը.

է) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ը) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

թ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունները.

ժ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակի կողմից փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ այդ առաջարկությունների ամփոփաթերթիկը.

ժա) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

ժբ) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ժգ) երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

ժդ) երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրանում կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը.

ժե) Ազգային ժողովի ընդունած օրենքը.

ժզ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը.

ժէ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը.

ժը) Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան կամ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

ժթ) Հանրապետության Նախագահի ստորագրած եւ հրապարակած օրենքի պատճենը.

ի) օրենքի ռուսերեն թարգմանված տարբերակը.

33.1. Սույն կանոնակարգի  33-րդ կետի`

ա)  «ա» - «զ», «ը», «թ», «ժգ», «ժե», «ժզ» եւ «ժը»-ից «ի» ենթակետերում նշված փաստաթղթերը պաշտոնապես, իսկ Ազգային ժողովի էլեկտրոնային էջում դրանց տեղադրված չլինելու դեպքում՝ նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովի նախագահին է ուղարկում Աշխատակազմը.

բ) «ժ», «ժա» եւ «ժդ» ենթակետում նշված փաստաթղթերը պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը.

գ) «է», «ժբ» եւ «ժէ» ենթակետերում նշված փաստաթղթերը  Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմում եւ նրան է ներկայացնում Հանձնաժողովի գործավարը (օգնականը), իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները սույն կետի «ա» ենթակետում սահմանված կարգով Աշխատակազմից ստանալու դեպքում` դրանք նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ուղարկում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում:

33.2. Օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի գործը պահվում է Հանձնաժողովի գործավարի (օգնականի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։
 

ԳԼՈՒԽ Vlll
 
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

34. Կանոնակարգի 32-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան՝ Կանոնակարգով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

35. Հանձնաժողովին լսումներ կազմակերպելու մասին առաջարկություն կարող  են ներկայացնել Հանձնաժողովի անդամը եւ ենթահանձնաժողովը: Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի նախագահի կամ ենթահանձնաժողովի առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում  եւ քննարկվում է արտահերթ:

36. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների նախնական ցանկը:

37, Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցելու, ելույթ ունենալու, հարցեր տալու կարգը եւ ժամկետները, որոնք ապահովում են քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացման, դրանց քննարկման, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ հասարակայնության կարծիքը որոշելու հնարավորությունը:

38. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 4 օր առաջ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին:

39. Հանձնաժողովի նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի, լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող այլ անձինք կարող են լսումների անցկացման օրից 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին՝ ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ ներկա գտնվելու հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է:
 

ԳԼՈՒԽ lX
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

40. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է Հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

41. Համաձայն Կանոնակարգի 21-րդ հոդվածի 7-րդ կետի, Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ 3 փորձագետ (մասնագետ)։

41.1.  Հանձնաժողովի փորձագետ (մասնագետը) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

41.2. Հանձնաժողովի փորձագետի (մասնագետի) աշխատանքն իրականացվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն:
 

ԳԼՈՒԽ X
 
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

42. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են  Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

43. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS