ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին:
Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում էր ու տարածում հայ երգը եւ լեզուն: Օֆելյա Համբարձումյանի ընդգրկուն երգարվեստն ինքնատիպ էր ու յուրահատուկ իր մեղեդայնությամբ եւ կատարողական տեխնիկայով: Նրա կյանքն ու բազմամյա մշակութային գործունեությունն անբաժանելի էին բեմից, որտեղ նա կարողացավ փայլուն կերպով իրացնել իր բնատուր հարուստ շնորհքն ու բազմապատկել հայ կատարողական արվեստի ավանդույթները:
Օֆելյա Համբարձումյանի ձայնը հնարավոր չէր շփոթել որեւէ այլ երգչի ձայնի հետ, ձայն, որ դեռ կշարունակի հնչել նրա արվեստի երկրպագուների եւ աշակերտների սրտերում:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եւ վշտակցում եմ տաղանդավոր երգչուհու ընտանիքին, հարազատներին, նրա բարձր արվեստը գնահատողներին»: