National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.12.2012
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի նշանակությունը քաղաքացու կյանքի, առողջության, իրավունքների պաշտպանության գործում: Ըստ նրա՝ հրավիրված խորհրդարանական լսումների հիմնական նպատակն է վեր հանել եւ գնահատել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները եւ մատնանշել դրանց լուծման կոնկրետ ուղիները: Այս առումով Կորյուն Նահապետյանը կարեւորեց օրենսդրական դաշտի կատարելագործումը, արդյունավետ մեխանիզմների մշակումն ու համապատասխան միջոցառումների անվերապահ կիրառումը: Նա անդրադարձավ 2005 թ. ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, 2009 թ. ընդունված ՀՀ եւ Երեւան քաղաքի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարության ու հնգամյա ծրագրի, ոլորտում իրականացված այլ օրենսդրական բարեփոխումների բարերար ազդեցությանը բնագավառի կարգավորման արդյունավետության վրա: Միաժամանակ վերլուծություններն ու դիտարկումները, հասարակական ազդակները, լրատվամիջոցների հրապարակումները, ԱԺ-ում առանձին քննարկումները փաստում են, որ ոլորտում դեռ առկա են բազում խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Այդ խնդիրների զգալի մասը վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությանը, տեխնիկական զննության իրականացմանը, հաշվառման կարգին, ոստիկան-քաղաքացի հարաբերություններին, իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած թերություններին:

Հանձնաժողովի նախագահը լսումների մասնակիցներին հորդորեց ակտիվություն ցուցաբերել եւ իրենց հարցադրումներով ու առաջարկներով նպաստել ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը, միաժամանակ առաջարկեց քննարկումների ժամանակ տեսադաշտում ունենալ մի կարեւոր խնդիր եւս. ոլորտը համապարփակ ձեւով կարգավորելու համար անհրաժեշտ չէ՞ արդյոք մշակել համակարգված օրենսդրական ակտ՝ ավտոճանապարհային օրենսգիրք, որը այսօր հաջողությամբ գործում է եվրոպական շատ երկրներում:

Քննարկվող հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» կազմակերպության քարտուղարության պետ Պողոս Շահինյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով կազմակերպության որդեգրած նպատակների, ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի ստեղծման, տվյալների բազայի ծրագրի մշակման եւ հանրային իրազեկման միջոցառումների անցկացման անհրաժեշտության վրա:

Բանախոսի տեղեկացմամբ՝ աուդիտի ձեռնարկի նպատակն է վեր հանել եւ հասկանալ այն դեպքերը, որոնք ճանապարհային երթեւեկության խախտումների ու դժբախտ հետեւանքների պատճառ են դառնում: Նման ծրագրեր մշակվել են Լոռվա, Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ մեքենաների արագ ընթացքի պատճառով դժբախտ հետեւանքները կանխելու նպատակով ճանապարհային նշաններից բացի կիրառելով ճանապարհի արհեստական անհարթությունները: Իրականացվել է նաեւ տվյալների հավաքագրում եւ վերլուծություն, ներկայացվել է տվյալների բազայի ծրագիր, հաշվառումն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի կիրառություն: Կազմակերպությունը Ճանապարհային երթեւեկության անվտանգությանը վերաբերող սեմինարներ է կազմակերպել լրագրողների համար, կրթական ծրագրեր իրականացրել դպրոցներում: Նշված համալիր ծրագրերի արդյունքում, բանախոսի տեղեկացմամբ, նվազել է տրանսպորտային պատահարների եւ դրա հետեւանքով մահացությունների թիվը, որի համար էլ Քենթի արքայազն Մայքլի կողմից պարգեւատրվել է Ճանապարհային անվտանգության միջազգային պարգեւով:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն իր զեկույցում ՀՀ ոստիկանության բարեփոխումների մեջ կարեւորեց ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրը, որը, բանախոսի հավաստիացմամբ, գտնվում է իրենց գերատեսչության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նա ներկայացրեց իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ անդրադարձավ 2013-2014 թթ.նոր ծրագրին, որի մեջ կարեւորվում է թե սպասարկումը, թե տրանսպորտային պատահարների կանխարգելումը: Արթուր Օսիկյաննը խոսեց տեխնիկական-կազմակերպչական միջոցառումների՝ տեսաձայնագրող, արագաչափ սարքերի, լուսաֆորների թվային ցուցիչների տեղադրման, ոստկանների վերապատրաստման ու էթիկայի կանոնների, ոստիկան-քաղաքացի քաղաքակիրթ հարաբերությունների մասին, անդրադարձավ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, արդյունավետ սպասարկման, օրենսդրական նոր բարեփոխումների ու ոլորտին առնչվող այլ խնդիրների մասին եւ հավաստիացրեց, որ ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:

Երեւանի պետական համալսարանի դասախոս Գնել Մուղնեցյանը անդրադարձավ վարչական պատասխանատվությանն առնչվող մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես տույժերի ու տուգանքների չափերի հիմնավորվածությանը, քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությանը եւ դրանք օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությանը: Նա հնացած համարեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք դրույթներ եւ առաջարկեց վերանայել տույժերի գանձման մեխանիզմները՝ այս գործում ավելորդ համարելով վարչական դատարանների մասնակցությունը: Դրա համար, ըստ նրա, հարկավոր է կյանքի կոչել Վարչական ակտերի հարկադիր կատարման մասին օրենք եւ վերանայել վարչական դատարաններին վերաբերող օրենսդրությունը:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ, թեեւ անելիքները դեռ շատ են: Մասնավորապես կարգավորված չեն ոստիկան-վարորդ հարաբերության, նրանց իրավունքների ու պարտականությունների համաչափության խնդիրները, տեխզննության բացակայության պայմաններում համապատասխան կտրոնների համար վճարումները դարձել են ինքնանպատակ: Նա կարեւորեց նաեւ օրենքների մի շարք դրույթների համապատասխանեցումը միջազգային կոնվենցիաների առաջադրած պահանջներին:

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը ներկայացրեց ոլորտում կատարված բարեփոխումներն ու օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական վերազինման, մեքենաների գրանցման ու հաշվառման նոր մեխանիզմների ներդրման ընթացքը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը խոսեց ճանապարհային երթեւեկության անվտանգության մեխանիզմների, տրանսպորտի շահագործման, ճանապարհային նշանների տեղադրման, ճանապարհաշինության եւ ընդհանրապես երթեւեկության անվտանգությունն ապահովող բոլոր այն միջոցառումների մասին, որոնք իրականացնում է նախարարությունը:

Ոստիկանության ոլորտի միջազգային փորձագետ Դավիդ Այենսոնը համեմատական վերլուծություն կատարեց Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի օրենսդրությունների միջեւ, անդրադարձավ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող օրենսդրական քայլերին ու տեխնիկական միջոցառումներին:

Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին, եղան նաեւ առանձին ելույթներ:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների, բազմաբովանդակ հարցադրումների համար, որոնք, նրա գնահատմաբ, բխում էին ոլորտը կարգավորելու, բարեփոխումներն ավելի ակտիվ փուլ մղելու նպատակադրումից: Նա հավաստիացրեց, որ ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ու նրա արդյունավետ մեխանիզմների մշակմանն ուղղված խորհրդարանական լսումները շարունակական են լինելու, եւ հույս հայտնեց, որ այս կարեւոր խնդրի իրագործման հարցում հանձնաժողովը կստանա գործադիր մարմնի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու մասնագետների աջակցությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am