National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.05.2012
ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական խումբը ՀՀ Ազգային ժողովում
1 / 6

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության խումբը մայիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Դիտորդական առաքելության խմբի ղեկավար, Ուկրաինայի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Լոգվինենկոյի խոսքերով` այցի նպատակն է պարզել, թե որքանով են նախընտրական գործընթացները համապատասխանում օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետները: Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը փաստեց, որ լրատվամիջոցներով կուսակցությունների քարոզարշավի լուսաբանումն այս անգամ աննախադեպ էր, անաչառ ու հավասար: Տկն. Ալավերդյանի գնահատմամբ` օրենսդրական բարեփոխումներից բացի` այս հարցում մեծ դեր է խաղացել իշխանությունների քաղաքական կամքը: Փոխարենը պատգամավորը գոհ չէր քաղաքական մշակույթի  ներկա մակարդակից եւ որպես բացթողում` նշեց քարոզարշավի ընթացքում բանավեճերի ու ծրագրերի մրցակցության բացակայությունը: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից «Ժառանգության» ներկայացուցիչը թերացում համարեց արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն չընձեռելու հանգամանքը ու նաեւ`  բոլոր կուսակցություններին դեմ արտահայտվող քաղաքացիների ձայնն ընդհանուրի մեջ չարտացոլելու մոտեցումը: Տկն. Ալավերդյանը ժամանակավրեպ համարեց կուսակցությունների դիմումը ՍԴ-ին ընտրությունների նախօրեին`  քվեարկած անձանց ցուցակները հրապարակելու հարցի սահմանադրականությունը պարզելու  նպատակով, թեեւ նա կողմ արտահայտվեց ցուցակները հրապարակելուն: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ընտրացուցակների ճշգրտման ու վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործման խնդիրներին:

Դիտորդական խմբի անդամներն ընտրություններում հաջողություն մաղթեցին կուսակցությանը եւ հավաստեցին, որ իրենց գնահատականները լինելու են օբյեկտիվ ու անաչառ:  

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը դիտորդական խմբի անդամների հետ զրույցում նշեց, որ Ընտրական փոփոխված օրենսգրքում եւ ընտրական գործընթացներում առաջընացը նկատելի է: Նրա խոսքերով` այս քարոզարշավի ընթացքում կուսակցությունների համար  որեւէ խոչընդոտ չի ստեղծվել, լրատվամիջոցները հասանելի են եղել բոլոր կուսակցությունների համար հավասարապես: Չնայած Ընտրական  օրենսգրքի` ընտրությունները վերահսկելու առավել լայն հնարավորություններ տալուն` խմբակցությունը որոշակի մտավախություն ունի հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ: Մտավախությունների զգալի մասը վերաբերում է ընտրական ցուցակներին:  Փաստարկները, թե ընտրություններից հետո քվեարկած անձանց ցուցակը հրապարակելը մարդու իրավունքների խախտում է, ընդունելի չեն խմբակցության համար, եւ նրանք շարունակում են արդյունավետ միջոց համարել ցուցակի հրապարակումը` որպես կեղծիքներից խուսափելու լավագույն միջոց: Պրն. Շահբազյանը մտահոգված էր այն հանգամանքով, որ հանրապետության 5-6 հազար ընտրողներ գտնվում են արտերկրում, ինչը կարող է վերջիններիս ձայնն օգտագործելու սողանցք  թողնել:

 ՀՅԴ ներկայացուցիչը դիտորդների ուշադրությունը հրավիրեց նաեւ ընտրակաշառքների բաժանման` իրենց հասած տեղեկությունների վրա: Նրա կարծիքով` սոցիալ-տնտեսական վիճակը մարդկանց խոցելի եւ տարատեսակ ազդեցությունների համար բաց է  դարձնում:

Զրուցակիցներն անդրադարձան ընտրության օրը տեղամասերում վերահսկողություն սահմանելուն, հնարավոր խախտումները կանխելու միջոցառումներին, կազմակերպչական խնդիրներին: Դիտորդական խմբի բնորոշմամբ` պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում մեծ է վստահված անձանց դերակատարությունը:  Նրանց գնահատականով` Ընտրական  օրենսգիրքը ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լայն հնարավորություն է ընձեռում: 
  
ԱՊՀ ՄԽՎ-ի` Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման առաքելության պատվիրակները հանդիպեցին նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղարի օգնական Էդգար Առաքելյանի հետ:

ԱՊՀ ՄԽՎ-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Նա կարեւորեց Հայաստանում ընտրությունների ազատ եւ արդար, առանց ցնցումների անցկացումը:

Պարոն Առաքելյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավն անցնում է հանգիստ մթնոլորտում, Ընտրական օրենսգրքի խախտումներ չեն եղել, հեռուստաընկերությունները պահպանել են հավասարաչափ  լուսաբանումը: Նա նկատեց, որ մամուլի որոշ էլեկտրոնային միջոցներ կուսակցության դեմ իրականացրել են «սեւ» քարոզչություն, այնուամենայնիվ, Էդգար Առաքելյանը նախընտրական քարոզարշավը համարեց կայացած եւ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Պրն. Առաքելյանի կարծիքով` այս ընտրությունները մի քանի քայլ առաջ կլինեն նախորդ ընտրություններից ու կանցնեն ազատ, արդար եւ օրենքի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընտրացուցակների ճշգրտությանը:

ԱՊՀ ՄԽՎ-ի պատվիրակության ղեկավարը հավաստիացրեց, որ ընտրական գործընթացին իրենց վերաբերմունքը կլինի օբյեկտիվ: Նրա տպավորությամբ` ակնհայտ է ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու բարի կամքը: 
  
 Նույն օրը ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդների հետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպեցին Արամ Սաֆարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

 ԱԺ պատգամավորներն անդրադարձան փակցված ընտրացուցակներին` նշելով, որ լուրջ մտահոգություն են առաջացնում հատկապես ընտրողների լրացուցիչ ցուցակները: 

 Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն այլ քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ  մշակել է վերահսկողական մեխանիզմներ, որոնք կիրառվելու են ընտրությունների օրը` ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը վերահսկելու համար:

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդների հետ հանդիպեցին նաեւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը եւ Արայիկ Հովհաննիսյանը:

ՀՀԿ անդամ պատգամավորները հույս հայտնեցին, որ երկու օր հետո տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից, ինչի համար կան բոլոր նախապայմանները: Այդ մասին են փաստում ոչ միայն իրենց քաղաքական ուժի վճռականությունն ու կատարած կազմակերպչական աշխատանքը, այլեւ ընտրությանը հայտ ներկայացրած կուսակցությունների` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունները, նախընտրական շրջանում ստեղծված հանդուրժողական մթնոլորտը:

Նրանք լավ ընտրությունների նախապայման համարեցին նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք ստեղծում են բոլոր հնարավորությունները ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Նրանց գնահատմամբ` գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ փաստում են, որ ստեղծված են հավասար հնարավորություններ: Դա է վկայում նաեւ խաղաղ ու քաղաքակիրթ ընտրարշավի փաստը:

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները տեղեկացրին, որ խորհրդարանական մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո իրենց համար պարզ է դարձել, որ բոլորը լավատեսորեն են տրամադրված:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am