National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.07.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.07.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 7

Հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման վերաբերյալ: Հրայր Թովմասյանը խոսել է դատախազության ոլորտի խնդիրների, դատախազի գործառույթների վերաբերյալ, անթերի է գնահատել ներկայացված հաղորդումը: Նա գլխավոր դատախազին առաջարկել է ներկայացնել առաջարկների փաթեթ, որն ի զորու կլինի լուծելու համակարգում առկա խնդիրները: Մանե Թանդիլյանը խոսել է քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերից, մասնավորապես անդրադարձել խափանման միջոցը կալանքով իրացնելու խնդրից՝ այդ հանգամանքը համարելով անընդունելի եւ անարդյունավետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք խնդրահարույց քրեական գործերի դատավարություններին եւ չբացահայտված սպանություններին, կասկած հայտնել դրանց արդարացի դատաքննությունների վերաբերյալ:

Տեսակետներ են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա շարունակել է իր տեսակետները հայտնել աղմկահարույց քրեական գործերի դատավարությունների, մի խումբ կալանավորված անձանց նկատմամբ իրականացված փորձաքննությունների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձել Արթուր Սարգսյանի կալանավորմանն ու նրա նկատմամբ իրականացված փորձաքննության արդարացիության հարցին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը հայտնել է Գեւորգ Կոստանյանը: Նա անդրադարձել է դատախազության կողմից իրականացվող գործառույթներին, մասնավորապես՝ կալանքի հիմնավորվածության վերաբերյալ հարցին եւ այս հարցում իրականացվող բարեփոխումներին: Նա նշել է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված կան լրջագույն հարցեր: ՀՀ նախկին գլխավոր դատախազը կարեւորել է հիմքերը, որոնց առկայությամբ միայն կարող է առաջանալ քաղաքացուն կալանավորելու որոշում: Պարոն Կոստանյանն ընդգծել է ոլորտի նկատմամբ հանրային վստահության մեծացման կարեւորությունը, այս հարցում առանձնակի արժեւորել գլխավոր դատախազի դերը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ եւ վստահեցրել, որ բարձրացված հարցերը կքննարկվեն եւ հաշվի կառնվեն:

Քննարկվել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը՝ նշելով, որ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2017 թվականի ապրիլի 2-ին` Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասում նախատեuված ժամկետում: Ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է ՀՀ բարեփոխված ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը ենթարկվել է միջազգային փորձաքննության, դրանում իրացվել են փորձագետների ներկայացրած առաջարկություններն ու կարծիքները, իսկ Եվրոպական հանձնաժողով հանուն ժողովրդավարության օրենքի միջոցով (Վենետիկի հանձնաժողով) եւ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ԵԱՀԿ գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2016 թվականի հունիսի 13-ի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացության համաձայն (կարծիք CDL-AD(2016)019) ընտրական օրենսդրության բարեփոխումների արդյունքում ընդունված օրենսգիրքը դրական է գնահատվել: Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ Ընտրական օրենսգրքում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք ապահովում են աննախադեպ եւ լիակատար թափանցիկություն ընտրական գործընթացների բոլոր փուլերի նկատմամբ: Ըստ բանախոսի՝ ընտրողների ռեգիստրը որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի ներբեռնման հնարավորությամբ հրապարակվում են համացանցում, քվեարկությունից անմիջապես հետո տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրամադրվում է տեղեկանք յուրաքանչյուր ընտրողի մասնակցության մասին, քվեարկության ողջ ընթացքը եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանվում եւ հեռարձակվում է համացանցով՝ ուղիղ ժամանակային ռեժիմում, քվեակության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ազատ տեղաշարժի որեւէ սահմանափակում չի կիրառվում, քվեակության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք գրեթե առանց սահմանափակման իրականացնում են տեսանկարահանում եւ ձայնագրում, համացանցում ներբեռնման հնարավորությամբ հրապարակվում են ընտրողների ստորագրած ցուցակները եւ մեկ ամսից ավելի շարունակվում են կայքում զետեղված մնալ, քվեարկությունից հետո ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրամադրվում են քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքներ, համացանցում հրապարկվում են քվեարկության բոլոր արդյունքներն ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների գրացումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ, որոնք բացառում են կրկնաքվեարկության ցանկացած հնարավորություն, տրամադրվում է տեղեկանք տեխնիկական սարքավորմամբ գրանցված ընտրողների վերաբերյալ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերը կայքում հեռարձակվում են ուղիղ ժամանակային ռեժիմում:

Խորհրդարանական ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1.575.786: Քվեարկությունն անցել է հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Ընտրական գործընթացին հետեւել են ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թվով 22.416 վստահված անձ, ընտրական տեղամասեր են այցելել ընդհանուր թվով 28.734 միջազգային եւ տեղական դիտորդներ, այցելուներ, զանգվածային լրատվության միջոցի 1321 ներկայացուցիչներ: 2009 ընտրական տեղամասերից 1953 տեղամասերում արդյունքների ամփոփմանը հետեւել է ընդհանուր թվով 28.365 դիտորդներ, այցելուներ ու զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ:

Հաղորդման վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներին, ընտրակեղծիքներին ու ընտրողներին կաշառելու մանրամասներին: Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է ընտրական գործընթացներին եւ կարծիք հայտնել, թե հանրության շրջանում գերիշխող է վստահության պակասը ընտրական գործընթացների նկատմամբ: Գեւորգ Կոստանյանը գործընկերներին հորդորել է դուրս չգալ քննարկվող հարցի շրջանակներից եւ որեւէ տեսակետ հայտնելիս հիմնվել փաստական ապացույցների վրա, զերծ մնալ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն 2017 թվականին ընթացել են խախտումներով, եւ հիմքեր չկան ԿԸՀ գործունեությունը դրական գնահատելու համար: Արտակ Զեյնալյանը խոսել է քաղաքացիների ընտրական իրավունքից, դրա խախտումներից եւ դրանց դատաիրավական հետեւանքներից, կարեւորել ստորագրված ցուցակների հրապարակումը, որն առաջին անգամ տեղի է ունեցել այս տարի կայացած խորհրդարանական ընտրություններին:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունն այս տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների բոլոր փուլերում՝ հստակեցնելով, որ հանձնաժողովը կարողացել է իրականացնել օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները: ԱԺ փոխնախագահը նաեւ փաստել է, որ ՝ դրական են եղել նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններն ընտրությունների անցկացման վերաբերյալ. դիտորդներն ընդգծել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Հաղորդման վերաբերյալ տեսակետներ են հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունները

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը, ով խոսել է ընտրական գործընթացներում, ինչպես նաեւ քրեադատավարական տիրույթում առկա խնդիրների մասին: Պատգամավորն ընտրական գործընթացներում առկա բացասական երեւույթների դեմ պայքարի հարցում կարեւորել է քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, քաղաքացիական գիտակցության բարձրացումը եւ ընտրական ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության աճը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Գեւորգ Կոստանյանը: Պատգամավորը դրական է գնահատել ԿԸՀ գործունեությունը՝ նշելով, որ հնչած քննադատությունները հանձնաժողովի լիազորություններից դուրս գտնվող հարցերին են վերաբերում: Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացների եւ ընտրական օրենսդրության կատարելագործման կարիք կա այն ուղղությամբ, որ հանրային վստահությունն ընտրական գործընթացների եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ լինի աներեր: Նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունը դրական է գնահատում ԿԸՀ գործունեությունը: Գեւորգ Կոստանյանն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում ԿԸՀ-ը պատշաճ գործել է:


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եզրափակիչ ելույթում ընդգծել է, որ հանձնաժողովը ԸՕ նախատեսված բոլոր գործառույթները կյանքի է կոչել լիարժեք ծավալով: Նա անդրադարձել է քննարկումների ընթացքում հնչած մտահոգություններին՝ նշելով, որ հանձնաժողովն այսուհետ եւս աշխատելու է բաց եւ հրապարակային:

«2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը քննարկման է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հաշվետու ժամանակաշրջանում ՄԻՊ-ի գործունեությունն իրականացվել է երկու հիմնարար ուղղությամբ՝ անհատական դեպքերի քննարկման, ինչպես նաեւ կանխարգելիչ գործունեության հիման վրա: Ուսումնասիրվել են կոնկրետ իրավունքի ենթադրյալ խախտման մասին վկայող հանգամանքները, ձեռնարկվել են օրենքով պահանջվող միջոցներ իրավունքի խախտման փաստը գնահատելու եւ վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ իրականացնելու ուղղությամբ: Պարոն Թաթոյանը նշել է, որ ներկայացված վիճակագրական տվյալներն արտացոլում է 2016 թվականի տասն ամիսների գործունեությունը: ՄԻՊ կանխարգելիչ գործունեությունն իրականացվել է մոնիթորինգային կամ պարբերական այցերի, դրանց ընթացքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկներ ներկայացնելու միջոցով եւ այլն:

Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է ՄԻՊ գործունեության հիմնական սկզբունքներին եւ ռազմավարական զարգացման ուղղություններին, առանձին ոլորտներում աշխատակազմի գործունեությանը, ՄԻՊ գործունեության թափանցիկությանը եւ քաղաքացիական հասարակության հետ աշխատանքին, ՄԻՊ փաստահավաք գործունեությանը:

Հաղորդման վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Գեւորգ Պետրոսյանը մասնավորապես անդրադարձել է մասնավոր կազմակերպություններում աշխատողների իրավունքների խախտումներին եւ կարծիք հայտնել, որ ՄԻՊ-ն այսուհետ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ պետք է գործուն միջամտություն ունենա քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներին եւ ներկայացրել վիճակագրական տվյալներ դատավարությունների վերաբերյալ՝ նշելով, որ անհրաժեշտ են օրենսդրական հիմքեր այդ մարդկանց գործերը նոր օրենսդրության շրջանակում վերանայելու համար: Պարոն Փաշինյանը խոսել է նաեւ դատապարտյալների պահման պայմանների մասին: Արտակ Զեյնալյանը ՄԻՊ որոշումները չկատարելը դիտարկել է ազգային անվտանգության համատեքստում: Միհրան Հակոբյանը կարեւորել է ՀՀ ՄԻՊ-ի եւ Արցախի ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությունը՝ նշելով, որ դա ՀՀ դիվանագիտությանը ծանրակշիռ փաստարկներ է տալիս՝ հակամարտության էությունը միջազգային հանրությանն ավելի լավ ներկայացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի վայրագություններին: Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության հարցին, մասնավորապես խոսել իրացված տարածքների բնակիչների, կալանավորված անձանց խնդիրների վերաբերյալ:

Արտահերթ ելույթի իրավունքից օգտվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաղորդումը կառուցվածքային լուրջ փոփոխության է ենթարկվել, համակարգված աշխատանք է ներկայացված, փաստարկված են խնդիրները, առաջարկված են համապատասխան լուծումներ:

Խոսելով հաղորդման մեջ ներկայացված խնդիրների մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր համաձայնությունն է հայտնել կալանքի միջնորդությունների բավարարման պրակտիկան փոխելու անհրաժեշտություն վերաբերյալ. կալանքը պետք է համարվի եւ դիտվի վերջնական միջոց, ոչ թե համատարած քննարկման եւ բավարարման առարկա լինի: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ օրենսդիրներն իրենց իրավասությունների շրջանակում պետք է անեն հնարավորը քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում նման խնդիրները լուծելու համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ տեսակցությունների արգելքի հարցին՝ իրավական եւ բարոյական հարթություններում, հարկերից չարամտորեն խուսափելուն, վարչական իրավախախտումների հետ կապված որոշ խնդիրների:

Ավարտելով ելույթը՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ներկայացված է ծավալուն եւ որակյալ փաստաթուղթ, որը զերծ է պոպուլիզմից, կառուցված է մասնագիտական հենքի վրա:

Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հնչած մտահոգություններին եւ առաջարկներին: Ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության մասով նա կարեւորել է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը եւ կարծիք է հայտնել, որ աշխատողի իրավունքը եւ բիզնեսի ոլորտում իրավունքը պետք է շաղկապված լինեն, այդ իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմ պետք է լինի:

ՀՀ ԱԺ խմբակցությունները՝ հաղորդման վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը հաղորդման վերաբերյալ ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ հետեւում է ՄԻՊ գործունեությանը եւ գոհունակություն է հայտնել ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքի վերաբերյալ: Պատգամավորը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունն ու ոլորտի համապատասխան կառույցների հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը, ով Պաշտպանի ուշադրությունը հրավիրել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի գործունեության վրա, ինչը, նրա գնահատմամբ իմիտացիոն բնույթ է կրում: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է կալանավորների պահման վատ պայմաններին, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անընդունելիությանը, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ այլն:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հրայր Թովմասյանը: Նա անդրադարձել է խորհրդարանական կառավարման նրբություններին, կարեւորել բարեփոխումները: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցերին՝ Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ներկայացված հաղորդման համար, նշել, որ քրեակատարողական հիմնարկներում իսկապես բարեփոխումներ իրականացվել են, նվազեցվել են խնդիրները: Նա նույնպես անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին եւ կարեւորել դրա հիմնավորվածության հանգամանքը:


Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ով շնորհակալություն է հայտնել խորհրդարանին կառուցողական ելույթների համար եւ անդրադարձել նրանց բարձրացրած հարցերին: Պաշտպանը խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


10.07.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային վիճակագրական ծառայության 2018 թվականի ծրագրի վերաբերյալ առաջին աշխատանքային քննարկումը: Նման քննարկման համար հիմք են հանդիսացել նախ երկարաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով երկրի տնտ...

10.07.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հուլիսի 10-ին հանդիպել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություններից հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ խմբակցության ...

10.07.2017
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 10-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համընդհանուր եւ ընդլայնված համագործակցութ...

10.07.2017
Ստացվել է 681 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ...

10.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS