National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.12.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 10
Դեկտեմբերի 6-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Երեւանի համար 116 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հարցի վերաբերյալ շարունակել են ելույթ ունենալ պատգամավորները:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է տասնյակ հազարավոր մարդկանց գործունեությանը: Ըստ պատգամավորի՝ նախագծի վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային քննարկումներ: Պարոն Մելքումյանն առաջարկել է համայնքներում ժամանակավորապես հանել տեղական վճարները, թողնել միայն տեղական տուրքերը:

Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ է համարել նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել հանրային լսումներ, որի ընթացքում համայնքների ղեկավարներն ու ավագանիները կներկայացնեն իրենց տեսակետները: Ըստ պատգամավորի՝ հարցը պետք դիտարկել նաեւ սահմանամերձ տարածքների զարգացման եւ սահմանապահ բնակավայրերի աջակցման տեսանկյունից:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել է պարզաբանումներ: Պարոն Տերտերյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է շուրջ 40 համայնքների ներկայացուցիչների հետ: 

Այնուհետեւ խորհրդարանը վերսկսել է 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՀՀ կառավարությունը պատգամավորների դատին է ներկայացրել ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում լրամշակված 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ պատգամավորների կողմից կառավարությանը ներկայացրած առաջարկությունների եւ եզրակացությունների ամփոփաթերթիկը:

Նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը նախ բարձրաձայնել է 2017 թ.-ի բյուջեի նախագծի հենքում դրված 4 հիմնական սկզբունքները, ապա տեղեկացրել, որ բյուջեի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել, հիմնականում պահպանվել են նախորդ ցուցանիշները: Նշվել է, որ փոփոխված տարբերակում կրճատվել են որոշ ծախսեր, 1 մլրդ 25 մլն դրամով նվազեցվել են կրթության ոլորտին ուղղված ծախսերը՝ կապված աշակերտների թվաքանակի ճշգրտման հետ, 1.1 մլրդ դրամով կրճատվել են այլ կապիտալ ծախսերի գծով հատկացումները, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերին ուղղված միջոցները կրճատվել են 0.3 մլրդ դրամով: Ըստ Վարդան Արամյանի՝ մի շարք ծախսերի գծով կատարվել են նաեւ ավելացումներ:

Վարդան Արամյանի տեղեկացմամբ՝ բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացվել է շուրջ 340 առաջարկություն եւ հաշվի առնելով բյուջետային միջոցների սղությունը՝ ՀՀ կառավարությունն ընդունելի է համարել միայն 31-ը:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարարը նշել է, որ բյուջեն պետք է լինի հաշվեկշռված եւ ցանկացած առաջարկ, որը պետք է ներառվի փաստաթղթում ծախսերի ավելացման մասով, պետք է ունենա իր ֆինանսավորման աղբյուրները:

Վարդան Արամյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տարբեր ոլորտների հետ կապված քաղաքական գնահատականներ է հնչեցրել՝ նշելով, որ քննարկվող բյուջեն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների բյուջետային ծրագրերից: Տիկին Բիշարյանի համոզմամբ՝ փատաթուղթը չի հուսադրում, որ 2017 թվականին երկրում տնտեսական աճ է արձանագրվելու, ինչի արդյունքում կանխվելու է արտագաղթը, բացվելու են աշխատատեղեր: Նա անդրադարձել է մասնավորապես առողջապահության, սոցիալական ոլորտների հատկացումներին եւ ծրագրային դրույթներին, աղետի գոտու, սահմանամերձ համայնքների խնդիրներին ու իր մտահոգություններն է հայտնել: Տիկին Բիշարյանը նշել է, որ իրենք դեմ են ներկայացված բյուջեի նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսել է բյուջետային փաստաթղթով նախատեսված տնտեսության զարգացման հեռանկարների մասին՝ ներկայացնելով տնտեսական աճի միտումների թվաբանական պատկերը: Նա կարծում է, որ իշխանությունը չունի երկրի զարգացման բանալին: Նշվել է, որ ՀԱԿ-ն առաջարկում է կազմաքանդել ներքին լայն սպառման ապրանքների շուկայում մենաշնորհները, նվազեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները 25 տոկոսով, 14 հարկատեսակից թողնել 5-ը, ինչպես հարեւան Վրաստանում է, պարզեցնել հարկային համակարգը, պաշտպանել սեփականությունն ու ներդրումները եւ այլն: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խոսել է կառավարման որակից բխող խնդիրների, իրականացվող հարկաբյուջետային եւ վարկային քաղաքականության, ստվերային տնտեսության դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի զարգացման վիճակագրությանը, համախառն ներքին արդյունքի ցուցանիշներին: Պարոն Մելքումյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները դեմ են քվեարկելու նախագծին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ֆինանսական փաստաթուղթն իրատեսական է, համահունչ է կառավարության ծրագրին, այն կայունացման բյուջե է եւ ռիսկային քայլեր չի պարունակում: Պարոն Բաղդասարյանի համոզմամբ՝ եթե կառավարությունը ներկայացներ խոստումնալից ու անհավանական բյուջե, այն կարող էր համարվել նախընտրական եւ չէր կարող հավատ ներշնչել հանրությանն ու քաղաքական ուժերին: Խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ կառավարությունն օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել, գործադիրի նպատակը եւ ծրագրային դրույթները միտված են ապագային: Նա կարծիք է հայտնել, որ կառավարությունը պետք է առաջիկայում քննարկման առարկա դարձնի գյուղատնտեսական վարկերի հարցը: Նշվել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:

Գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթը տես այստեղ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարությունը նախագծի հիմքում դրված սկզբունքներով նպատակ ունի կարգավորել պետական ֆինանսները՝ 2017 թվականին ունենալու համար կայուն տնտեսական միջավայր՝ հետագայում ապահովելու համար ավելի բարձր տնտեսական աճ:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


06.12.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ
«Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ, քննադատական եւ համակողմանի քննարկումների համար: Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետությունու...

06.12.2016
Հերթական բաց դասն անցկացրել է Արտակ Դավթյանը
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի թիվ 116 դպրոցի 8-րդ եւ 9-դ դասարանների աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Աշակերտները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, հետեւել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքին, ծանոթացել խորհրդարանի շենքային պայմաններին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am