National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.10.2016
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության ծրագիրը
1 / 13

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին շարունակել է քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանն անդրադարձել է ծրագրի դրույթներին եւ դրական գնահատել դրանում ներկայացված մոտեցումները, կարեւորել ապրանքների արտադրմանն ու արտահանման խթանմանն ուղղված կառավարության մոտեցումները: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել արմատական բարեփոխումներ: Նա ծրագիրն առանձնահատուկ է համարել իր հստակությամբ, խոսել գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է ծրագիրն իր հեռանկարայնությամբ, շարունակական ծրագրերով եւ հստակությամբ: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ ծրագիրը նշանակալի է ելքեր առաջարկելու տեսանկյունից, համաձայն որոնց՝ ներդրումների ներգրավման, տնտեսական զարգացման համար առաջարկվում են նոր մոտեցումներ: Ծրագիրը, նշել է ԱԺ փոխնախագահը, թեպետ կառավարության կես տարվա գործունեության համար է, այնուամենայնիվ նախանշում է առկա խնդիրների արագ ու ճշգրիտ լուծումներ: ԱԺ փոխնախագահը նաեւ խոսել է պետական կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված դրույթներից, համակարգում հնարավոր կրճատումներից, առաջարկել 10 տոկոսով բարձրացնել պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը: Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունն ի զորու է լինելու իրականացնել իր ծրագիրը:

Արամ Մանուկյանը ներկայացրել է իր դիտողությունները, ըստ որոնց՝ կառավարության ծրագրում անդրադարձ չկա երկրից բիզնեսի, ինչպես նաեւ մարդկային արտահոսքի խնդիրներին, Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած սպառնալիքներին: Պատգամավորն անդրադարձել է նախորդ կառավարությունների ծրագրերի չկատարված դրույթներին, քննարկվող ծրագրում առկա հակասություններին: Գագիկ Մելիքյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում տեղի ունեցած իրադարձություններին, ծրագրի սկզբունքային դրույթներին: Նա ծրագիրը գնահատել է որպես անցումային եւ հստակ, որն իրագործվելու է քաղաքական նոր իրավիճակում: Պատգամավորը գոհունակություն է հայտնել բազմաթիվ ելույթներում նկատված միասնականության կապակցությամբ եւ հավաստիացրել, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի իրականացմանը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները նույնպես հայտնել են իրենց տեսակետները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ իրական պայքարը, անդրադարձել տնտեսության խնդիրներին, հանրապետությունում ապրանքների եւ սննդամթերքի բարձր գներին եւ այլն: Խմբակցության ղեկավարը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրում որեւէ կետ չկա այն մասին, թե ինչպես պետք է ետ բերվեն օֆշորային գոտիներ արտահանված ստվերային գումարները: Պատգամավորն անհրաժեշտ է համարել կատարել քայլեր, որոնք կկրճատեն աղքատությունը: Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անիմաստ է համարել անդրադարձը նախկինում կատարված սխալներին, կարեւորել քննարկվող ծրագիրը, որը, նրա համոզմամբ՝ հստակ բարեփոխումներ է իրականացնելու: Նա կարեւորել է ծրագրի իրագործման համար նախադրյալների ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ կառավարության՝ ոչ ստանդարտ եւ համարձակ քայլերով այս ծրագրի իրագործումը մեզ մոտեցնելու է արժանապատիվ ապրելու նպատակին եւ երկրի երկարաժամկետ զարգացման կայուն հիմքեր է ստեղծելու: Նա նշել է , որ ՀՅԴ կուսակցությունն աջակից է լինելու ծրագրի իրականացմանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նորանշանակ կառավարության գործունեությանը: Նա կարծիք է հայտնել, որ դեռեւս չկան հիմքեր՝ հավատալու ծրագրում նշված բազմաթիվ դրական դրույթների իրականացմանը, տեսանելի չեն քայլեր, որոնք ուղղված կլինեին, բանախոսի գնահատմամբ՝ կոռումպացված համակարգն արմատախիլ անելուն եւ տնտեսության զարգացմանը: Խմբակցության ղեկավարի կարծիքով, ծրագրում չկան նաեւ դրույթներ, թե ինչ արդյունքներ են ակնկալվում ծրագրի կենսագործումից: Բացի այդ՝ ծրագրում չկան դրույթներ, որոնք պետք է արմատախիլ անեն կոռումպացված համակարգը եւ մենաշնորհները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է բիզնեսի զարգացման խոչընդոտներին, ներկայացրել իր տեսակետը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման հարցում: Նրա գնահատմամբ՝ այս հարցում ոչ թե հատվածական, այլ համալիր լուծումներ են անհրաժեշտ: Նշվել է, որ ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կառուցողական ծրագիր է ներկայացված: Խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստանդարտ մոտեցումներով նպատակին հասնել հնարավոր չի լինի: Նա զուգահեռներ է անցկացրել երկրի տնտեսական զարգացման եւ կրթական համակարգի միջեւ ու կարծիք հայտնել, որ պետք է կրթական համակարգում ուսումնասիրել մասնագիտությունների պահանջարկը եւ տեղայնացնել ըստ մարզերի: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, ծրագրի հանդեպ ժխտողական կեցվածքը համարել ոչ ճիշտ: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ համարելով, որ այն մեր երկրի զարգացման ծրագիրն է:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկման համար եւ նշել, որ անկախ քվեարկությունից՝ կառավարությունը բաց է առարկայական եւ գործնական առաջարկների ու քննադատությունների հարցում: Պարոն Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանականների առաջարկներին ու մտահոգություններին:

Քվեարկության արդյունքում խորհրդարանը 85 կողմ, 6 ձեռնպահ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը:


21.10.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 24-27-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների ն...

21.10.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հոկտեմբերի 21-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգր...

21.10.2016
Հանդիպում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն եւ պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը: Նշենք, որ ինստիտու...

21.10.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ
«Հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը գործունեության ծրագրի ներկայացման առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկման համար: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am