National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.10.2016
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 10

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմումով ետ է վերցրել հրաժարականի իր դիմումը:

Խորհրդարանն ընդունել է արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշումը, համաձայն որի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ. առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ: Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11-00-ին, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է:

ԱԺ ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ մի շարք օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հատուկ ընթացակարգով կիրականացվի նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երրորդ ընթերցմամբ քննարկումը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է ԱԺ նախորդ քառօրյա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որից հետո առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գործող Ընդերքի մասին օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար համածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միեւնույն ընթացակարգը: Սակայն օրենսգրքով չեն կարգավորվում ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով առաջարկվում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը տալ մրցութային կարգով՝ հաշվի առնելով ընտրվող կազմակերպության փորձը, առաջարկվող ծրագիրը, նախատեսվող ներդրումների ծավալը, միջազգային փորձի հաշվառումը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը եւ այլն:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները, մտահոգություններն ու խնդրահարույց դրույթներն են ներկայացրել պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Վարդան Այվազյանը, Միքայել Մելքումյանը եւ Թեւան Պողոսյանը: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել օրինագծի մանրամասն քննարկումն ու ոլորտում առկա խնդիրների վերհանումը, կարեւորել նախագծի լրամշակումն ու առավել ընդգրկուն նախագծի ներկայացումը: Մասնավորապես, առաջարկ է եղել շրջանառությունից հանել նախագիծը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին եւ պատրաստակամություն հայտնել մինչեւ երկրորդ ընթերցում լրամշակել նախագիծը, հաշվի առնելով բարձրացված ռազմավարական նշանակության խնդիրները:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի զեկուցող, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը տեղեկացրել է, որ փաթեթը լրամշակվել է, կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ: Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ վերականգնվում է ընտրական ցուցակներում ընտրողների կողմից ստորագրելու պարտականությունը. այդ ցուցակները սկանավորված հրապարակվելու են ԿԸՀ կայքի առանձին բաժնում՝ պարունակելով ընտրական տարածքի եւ ընտրական հանձնաժողովի համարը: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ սա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում է, սակայն այս փուլում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից կարեւոր էր, ուստի իշխանությունը գնացել է վերոնշյալ ճանապարհով: Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումները պետք է ստուգվեն սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով. բոլոր նմանատիպ դիմումներն ուղարկվելու են իրավապահ մարմիններին: Որպեսզի չչարաշահվի նմանատիպ դիմումներ ներկայացնելու իրավունքը, նախատեսվել են նաեւ հակակշռող մեխանիզմներ, մասնավորապես քրեական պատասխանատվություն կեղծ եւ սուտ հայտարարություն տալու համար:

Նշվել է, որ տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից ՀՀ տարածքում՝ ապահովելով ուղիղ հեռարձակում, ինչպես նաեւ տեսանկարահանման արդյունքների արխիվացում: Առաջարկվում է ժամանակակից հեռախոսների համար ծրագրային հավելված, որը ամփոփման նիստի մասնակիցներին հնարավորություն կտա հեշտությամբ ստանալ եւ արձանագրել արդյունքները:

Հարցուպատասխանի ձեւաչափում ԱԺ պատգամավորները հետաքրքրվել են այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ հայտարարություն տալու դեպքում նախատեսված պատասխանատվության սահմանմամբ, ընտրությունների ընթացքի տեսանկարահանմամբ, անդրադարձել ընտրություններն առավել թափանցիկ դարձնելուն միտված քայլերին:

Դավիթ Հարությունյանը պատգամավորների հետ համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն արտացոլում է այն համաձայնությունը, որի շուրջ պայմանավորվել են ԱԺ 5 խմբակցությունները: Պարոն Սահակյանն անդրադարձել է ստորագրված ցուցակների հրապարակմանը, տեսախցիկների տեղադրմանը: Նա դրական է գնահատել փաթեթում կատարված փոփոխությունները եւ ընտրական գործընթացում կարեւորել վստահության մթնոլորտի ձեւավորումը:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնալու իր կողմից ձեռք բերված պայմանավորվածությանը: Ըստ պատգամավորի՝ քվեարկած ընտրացուցակների հրապարակումն ամբողջությամբ չի լուծելու ընտրական գործընթացում առկա խնդիրները:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին, ներկայացրել իր մոտեցումները: Ըստ պարոն Մելքումյանի՝ Հայաստանի դատական համակարգն ունակ չէ լուծելու ընտրությունների ժամանակ առաջացող դատական վեճերը:

Ռուբիկ Հակոբյանը եւս խոսել է ՏԻՄ ընտրությունների ընթացքում, իր կարծիքով, իրականացված խախտումներից: Պատգամավորը հորդորել է գործել օրինականության եւ քաղաքական մշակույթի դաշտում:

Էդմոն Մարուքյանն իր դիտարկումներն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Պատգամավորի կարծիքով՝ ընտրական գործընթացում իրականացվող փոփոխությունները չեն լուծում առկա խնդիրները:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա արձանագրել է, որ վերջին տարիների ընթացքում քաղաքական ուժերը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, առաջին անգամ կարողացել են գալ ընդհանուր հայտարարի եւ այսօր ունենք առավել բարեփոխված ԸՕ, ինչը փոխադարձ աշխատանքի արդյունք է: «Սա եւ իշխանության, եւ ընդդիմության քաղաքական կամքի արդյունք է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:Պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել այն գործընկերներին, ովքեր ամիսներ շարունակ աշխատել են, որպեսզի առաջիկա ընտրությունները լինեն ավելի որակյալ, ժողովրդավարական եւ վստահելի: Նրա գնահատմամբ՝ սա աննախադեպ առաջընթաց է թե՛ Ընտրական օրենսգրքի եւ թե՛ ընտրական գործընթացների հետ կապված:

Արամ Մանուկյանը խոսել է ընտրական գործընթացի՝ վրացական փորձի մասին` այն համարելով ուսանելի: Պատգամավորը հաջողություն է համարել ընտրական գործընթացի վերաբերյալ քաղաքական 5 կուսակցությունների ստորագրած փաստաթուղթը: Ըստ պարոն Մանուկյանի՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը նվազեցնում է ընտրախախտումների հնարավորությունը:

Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է բոլոր ընտրախախտումների համար պատասխանատվության խստացումներ, ինչին կողմ է պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը խոսել է Հայաստանի քաղաքական համակարգից եւ ընտրական գործընթացում նոր մոտեցումներից:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 18-ին:


17.10.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am