National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
23.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 10

Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ:

«2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եվ պակասուրդ) հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ներկայացնելով 2015 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները՝ գլխավոր գանձապետը նշել է, որ հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 3.0%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաեւ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը: 2015 թվականին 2014 թվականի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 3.0% աճ: Ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին նպաստել են գյուղատնտեսությունը (2.1%-ային կետ), արդյունաբերությունը (1.0 տոկոսային կետ) եւ ծառայությունները (0.8%-ային կետ), իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն (0.4 %-ային կետ):

Հաշվետու տարում 5.1%-ով նվազել են կապիտալ ներդրումները՝ պայմանավորված մասնավոր ներդրումների շուրջ 8.9% իրական նվազմամբ: Իսկ պետական ներդրումներն աճել են 15.7%-ով: Արձանագրվել է միջին գնաճի 3.7% մակարդակ, որը գտնվում է օրենքով սահմանված 4+-1.5% միջակայքում: Գործազրկության մակարդակը կազմել է 18.5%: 2015 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի նկատմամբ աճել է 7.8%-ով:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 4740.9 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 20.6%-ով: Հաշվետու տարում դոլարային արտահայտությամբ նվազել են արտահանման եւ ներմուծման ծավալները. արտահանումը նվազել է 3.9%-ով` կազմելով 1486.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 26.5%-ով եւ կազմել է 3254 մլն ԱՄՆ դոլար:

Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների թվային ցուցանիշներին՝ պարոն Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտների 91.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1067.9 մլրդ դրամ: Նշված գումարից 1035.5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 32.4 մլրդ դրամը` պետական տուրքերը: Հաշվետու տարում արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 29.9 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ, իսկ ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 70 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 6%-ը:

Հաշվետու տարում պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,409.0 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.9%-ը: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1,238.9 մլրդ դրամ, որից 11.4%-ը` շուրջ 141.0 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, իսկ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով՝ 258.6 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 20.9%-ը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է շուրջ 241.3 մլրդ դրամ պակասուրդով: Գլխավոր գանձապետը տեղեկացրել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 2,088.5 մլրդ դրամ (4,317.3 մլն ԱՄՆ դոլար):

«ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը` ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Ներկայացնելով 2015 թվականի պետական բյուջեի եկամտային, ծախսային մասերն ու բյուջեի պակասուրդը` նրանք հայտնել են, որ ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Արթուր Ջավադյանը նաեւ ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. վարչական ծախսերի նախահաշվի եվ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝ նշելով, որ ԿԲ 2015 թ.-ի վարչական ծախսերը նախահաշվի նկատմամբ կատարվել են 97%-ով, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 97.9%-ով:

Նույն օրը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն անդրադարձել են ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին:

Ոլորտների պատասխանատուները տեղեկացրել են, որ պետական բյուջեի ծախսային մասում բյուջետային ծրագրերի համար պետական մարմինների կողմից սահմանված պարտավորությունների դիմաց վճարումները կատարվել են ժամանակին եւ ամբողջությամբ:

ՀՀ ոստիկանության ծախսերը կազմել են 63.4 մլրդ դրամ, որը կատարվել է համապատասխանաբար 99.9%-ով: 2014 թվականի համեմատ ոստիկանության ծախսերն աճել են 11%-ով:

Նշվել է, որ ակտիվորեն շարունակվում են աշխատանքներն իրավաստեղծ ոլորտում: Կառավարության հավանությանն են արժանացել ոստիկանության ոլորտում 2015-2017 թթ. բարեփոխումների ծրագիրը, թմրամոլության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը, մուրացկանությամբ եւ թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը:

Ազգային անվտանգության բնագավառին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 19.9 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 98.2%-ը: 2014 թվականի համեմատ Ազգային անվտանգության դասի ծախսերն աճել են 7%-ով կամ 1.3 մլրդ դրամով: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի պահպանման նպատակով օգտագործվել է 422.5 մլն դրամ կամ նախատեսված միջոցների 89.7%-ը` պայմանավորված տնտեսումներով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 3.8%-ով:

Նշվել է, որ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 283 մլն 729 հազար դրամ: Շենքերի եւ շինությունների ծրագրով հայ-իրանական սահմանում սպաների համար կառուցվել են բնակարաններ, վերանորոգման ծրագրով՝ աշխատանքներ են իրականացվել սպաների բնակարաններում:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է շուրջ 7.4 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 99.7 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 1.4 տոկոսով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից գերակա ծրագրերի իրականացման համար ստացել է 78 մլն դրամ: Մոտ 30 մլն դրամ հատկացվել է քաղաքային որոնողափրկարարարական թիմի՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի արտաքին որակավորմանը նախապատրաստվելու համար: Նշվել է, որ ՀՀ ԱԻՆ-ը միջազգային որոնողափրկարարական թիմի անդամ է դարձել: Հսկայածավալ աշխատանքներ են կատարվել հակակարկտային ծառայություններն ամրացնելու հարցում, սեյսմիկ պաշտպանության բնագավառում: Հայաստանում կավելանա հակակարկտային երկու կայան. կայաններից մեկը կտեղադրվի Շիրակի մարզում, իսկ մյուսը՝ Արարատյան դաշտավայրում, որտեղ կայանի փոփոխության խնդիր կա, քանի որ նախորդը մաշվել է:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության ոլորտին եւ պետական ռեզերվներին, դռնփակ էր:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2015 թվականին հատկացված ֆինանսական միջոցների եւ ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել են ֆինանսական ցուցանիշների կատարողականն ու իրականացված ծրագրերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը 2015 թվականին կազմել են 238.7 մլն դրամ կամ նախատեսվածի 96.5%-ը՝ պայմանավորված տնտեսումներով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 11.7%-ով: Իրականացվել են բյուջետային դասակարգման 5 ծրագրեր: «Սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով 82 տոկոս կատարողական է արձանագրվել:

Նշվել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը ստացել է 5200-ից ավելի դիմում: Որպես ՄԻՊ գործունեության կարեւոր ուղղություններ՝ մատնանշվել են արագ արձագանքման ծառայությունը եւ իրավական-վերլուծական աշխատանքը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցադրումներին:


23.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 44-րդ լիագումար, Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. մայիսի 1...

23.05.2016
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ-ում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ
Մայիսի 23-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Միքայել Մելքումյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ: Ողջունելով հյուրին՝ պատվիրակության ղեկավար Արտաշ...

23.05.2016
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ-ում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ
Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը եւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ...

23.05.2016
Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանությունը, ԻՊ գործողությունները եւ ադրբեջանական ագրեսիան ունեն միեւնույն ձեռագիրը. Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Աթենքում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Աթենքի Օլիմպիական Զեւսի հրապարակում մասնակցել է Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո տեղի ունեցած Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը Հունաստանի Հանրապետության կառավարու...

23.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Աթենքում հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի հետ
Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am