National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
06.05.2016
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
1 / 4

Մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Նիստի մեկնարկին երիտասարդ խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը:

Երիտասարդական խորհրդարանի նիստին մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը եւ Միլդա քաղաքի շուրջօրյա դպրոցի աշակերտները:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը համառոտ ներկայացրել է գերմանացի պատգամավորի հայանպաստ գործունեությունը:

Ողջունելով Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ազգերի բարեկամության հարատեւության հիմքում ընկած են երիտասարդների շփումներն ու փոխայցերը. այդ է պատճառը, որ իր հետ այս անգամ Հայաստան են այցելել իր հայրենի Միլդա քաղաքի մի խումբ դպրոցականներ: Հայաստանում գտնվելու օրերին գերմանացի դպրոցականները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը եւ բազմադարյան մշակույթին: Նորաստեղծ գերմանա-հայկական ֆորումը հնարավորություն է տալիս ընդլայնելու կապերը, ստեղծելու նոր շփումներ, կյանքի կոչելու բազմաթիվ նոր ծրագրեր: Ալբերտ Վայլերն իր երախտագիտությունն է հայտնել Արտակ Դավթյանին՝ ընձեռված հնարավորության համար եւ նշել, որ գերմանա-հայկական ֆորումը զբաղվում է մշակութային, կրթական, տնտեսական հարցերով, ինչպես նաեւ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացով: Ալբերտ Վայլերը խոսել է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանության ընդունմանը վերաբերող բանաձեւի մասին: Հանդիպման ավարտին գերմանացի պատգամավորը սիրով պատասխանել է Երիտասարդական խորհրդարանի անդամների հարցերին:

Երիտասարդ խորհրդարանականներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ նիստում քննարկված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Այնուհետեւ երիտասարդ պատգամավորները քննարկել են Խաչատուր Մարգարյանի, Ալեքսան Հովհաննիսյանի, Վարդուհի Սարգսյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ նախատեսվում է երիտասարդների առողջության պահպանման կանխարգելիչ բաղադրիչը դարձնել պարտադիր եւ միեւնույն ժամանակ դրա ֆինանսական բեռը հնարավորության սահմաններում թեթեւացնել: Օրենքի նախագիծը նախատեսում է կանխարգելիչ բուժական միջոցառումների ֆինանսական ծավալների առավելագույն չափեր՝ ըստ երիտասարդի կարգավիճակի: Մասնավորապես, ուսանողների առողջության պահպանման երաշխավոր պետք է դառնան բուհերը, քանի որ հենց ուսման գործընթացում է տեղի ունենում երիտասարդի առողջության զգալի վատթարացում:

Երիտասարդ պատգամավոր Արտաշես Խալաթյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակի տեղեկացմամբ՝ փոփոխությամբ դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել լրացուցիչ ապացույցներ: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ապացույցին ծանոթանալու համար:

Քննարկվել է նաեւ Էդգար Հակոբյանի հեղինակած «Եկամտային հարկի օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Էդգար Հակոբյանի՝ կարգավորման նպատակն է Հայաստանի պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ վճարովի համակարգի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողներին աջակցելը եւ գիտելիքահեն ներուժի զարգացմանը նպաստելը:

Երիտասարդ պատգամավորները քննարկել են նաեւ Պարույր Խաչատրյանի հեղինակած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Պարույր Խաչատրյանը նշել է, որ նախագծով նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջեւ դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Օրհներգի հնչյունների ներքո Երիտասարդ խորհրդարանն ավարտել է նստաշրջանի աշխատանքը:



06.05.2016
Մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

06.05.2016
Հերմինե Նաղդալյանը ԱԺ պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանակա...

06.05.2016
Տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը
Մայիսի 6-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ...

06.05.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է գերմանացի դպրոցականների հետ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի նախաձեռնությամբ Հայաստան այցելած գերմանական Միլդա քաղաքի շուրջօրյա դպրոցի եւ Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 դպրոցի մի խումբ աշա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am