National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.04.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 11

Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Նիստի սկզբում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: «Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին` միասնականության եւ Արցախին աջակցության համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Պարոն Շարմազանովն ընդգծել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ բազմաթիվ են այն պատգամավորները եւ քաղաքացիները, ովքեր ցանկանում են ֆինանսական եւ այլ օժանդակություն ցուցաբերել արցախահայությանը: Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունն արդեն ստեղծել է նմանատիպ շտաբ. «Արցախբանկ»-ում բացվել է հաշվեհամար:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: Ըստ նախարարի` ներկայում ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ եւ, ըստ ընկերության ծրագրի, որը հավանության է արժանացել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կողմից, նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թ. տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազար տոննայի եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, սակայն ընկերության գույքն ու հաշիվները գտնվում են արգելանքի տակ եւ գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը: Կառավարությունն առաջարկում է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանն ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Արծվիկ Մինասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ձեռնարկությունում տուգանքների գոյացման պատճառներին, կառավարության կողմից ձեռնարկությանը տրվելիք արտոնությանը եւ դրա արդյունավետությանը, օրինագծի ընդունմամբ կոռուպցիայի խրախուսման հնարավորությանը, այլ ձեռնարկություններին եւս նմանատիպ արտոնությունների տրամադրմանը, ձեռնարկության գնահատված ակտիվների ծավալին:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը փոխանցել է Վարդան Այվազյանը: Նա ներկայացրել է հանձնաժողովի մտահոգությունները հարկային արտոնությունների տրամադրման դեպքում շուկայում ոչ հավասար մրցակցային իրավիճակի ստեղծման հնարավորության, բնապահպանական արտոնությունների տրամադրման գործընթացի անթույլատրելիության հետ կապված եւ այլն: Պարոն Այվազյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ խնդիրների առնչությամբ կառավարության համապատասխան գերատեսչությունների կողմից տրվել է բացատրություն, ինչի արդյունքում հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Արամ Մանուկյանն օրենսդրական առաջարկի ընդունման նպատակահարմարությանն անդրադարձել է հարկային արտոնությունների տրամադրման տնտեսական արդյունավետության տեսանկյունից: Նրա գնահատմամբ՝ չպետք է տնտեսվարողների արտոնյալ խավ ստեղծել: Միքայել Մելքումյանն էլ ընդգծել է, որ «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը տեղական հումքի արտադրության վրա հիմնված բացառիկ ձեռնարկություններից է եւ անդրադարձել այս ոլորտում համաշխարհային շուկայական զարգացումներին: Լեւոն Դոխոլյանը կարծիք է հայտնել, որ տնտեսական հավասար պայմաններ մեր տնտեսվարողների համար ստեղծված չեն, ուստի խնդիրը համալիր լուծում է պահանջում: Պատգամավորի խոսքով՝ մեր երկրի տնտեսության զարգացումը եւ գործարարների հանդեպ հավասարության սկզբունքը փոխկապակցված են: Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է որոշ ձեռնարկությունների լուծարման ու դրանց հաջորդող գործընթացներին եւ խոսել հարկային արտոնությունների տրամադրման նպատակահարմարությունից: Հեղինե Բիշարյանը կարծում է, որ օրենքի նախագծում պետք է տեղեկանք լիներ «Հրազդան-ցեմենտ» ընկերության ֆինանսական վիճակի մասին: Նա մատնանշել է հարկային արտոնությունների սահմանման հետ կապված մի շարք խնդիրներ եւ նշել, որ դեմ է նախագծին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջարկվող լուծմամբ գործարանի զարգացման երաշխիք չի տրվում, բայց մյուս կողմից էլ գործարանն անվճարունակության եզրին է եւ պետք է որոշել՝ սնանկացնել, թե հետագա գործունեության հնարավորություն տալ: Պարոն Փաշինյանը սոցիալական պատասխանատվության համատեքստում անդրադարձել է քաղաքի խնդիրների լուծմանը խոշոր ձեռնարկություններին ներգրավվելու անհրաժեշտության հարցին:

Հարցի առնչությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով երկօրյա քննարկումների ընթացքում հնչած մտահոգություններին ու առաջարկներին: Նրա գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկը եւ ընդհանրապես կառավարության քաղաքականությունն անձերին չի առնչվում՝ հիշեցնելով, որ «Հրազդան ցեմենտ» գործարանը կարեւոր նշանակություն ունի թե տնտեսության եւ թե Հրազդան քաղաքի համար: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նման քայլերը բնորոշ են հակաճգնաժամային ծրագրերին. գործարանի վերագործարկման ծրագիրն արդյունաբերական քաղաքականության մաս է կազմում: Տիկին Նաղդալյանը գործարանի վերագործարկումն առանձնակի կարեւորել է 470 աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:

ԱԺ փոխնախագահն իր անհամաձայնությունն է հայտնել օրենքի նախագծի՝ ՓՄՁ-ների վրա եւ սոցիալական պաշտպանության հարցում ազդեցության գնահատականների հետ կապված: Նա կարծիք է հայտնել, որ օրենսդրական առաջարկով ոչ միայն Հրազդանում աշխատատեղերի խնդիր է լուծվելու, այլեւ վերագործարկված ձեռնարկությունը ՓՄՁ-ների հարցում լոկոմոտիվի դեր է ունենալու: Տիկին Նաղդալյանը հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել ներկայացված նախագծին, որը միտված է նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության աշխուժացմանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Կողմ լինելով մրցակցային հարաբերությունների բարելավմանը՝ նա կարեւորել է ոլորտի զարգացման հարցում ժամանակակից գործիքների կիրառումը: Պարոն Մելքումյանն անդրադարձել է տարիների ընթացքում գործարանի իրականացրած ներդրումային քաղաքականությանը:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


05.04.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-58....

05.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողները եւ դասախոսները: Ապագա լրագրող ուսանողները նախ հետեւել են Ազգային ժողովի նիստին, ապա մասնակցե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am