National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.03.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

Մարտի 31-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ փաթեթով սահմանվում են դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հարաբերությունները, դեղային պետական քաղաքականության սկզբունքները` որպես հիմնական նպատակ ունենալով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության եւ դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը: Առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը, օրենսդրական կարգավորման են ենթարկվում դեղերի շրջանառության բոլոր փուլերը` սկսած դեղի ստեղծումից մինչեւ գովազդի եւ իրացման փուլեր: Այս ամենից բացի` նախատեսվում է դեղերը դեղատներից բաց թողնել դեղատոմսերով եւ հայերեն ներդիրով:

Հանձնաժողովի որոշմամբ եւ փոխնախարարի համաձայնությամբ «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի ընդգրկումն ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ պետական եկումուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ փաստաթղթով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 21 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու հանրային ֆինանսական հաշվետվությունների որակը եւ ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիությունը: Ծրագրի պատշաճ վերահսկողությունը, համակարգումը եւ կատարումն ապահովելու նպատակով դրա իրականացման պատասխանատվությունը կվերապահվի Պետական կառավարման հատվածի բարեփոխումների հանձնաժողովին:

Փաստաթղթի վերաբերյալ ելույթ են ունեցել հանձնաժողովի անդամները: Նրանք խոսել են վարկի օգտագործման նպատակահարմարությունից, նախատեսվող ծախսերի, մասնավորապես խորհրդատվական ծառայությունների համար հատկացվելիք գումարների հիմնավորվածությունից, մտահոգություն են հայտնել յուրաքանչյուր վարկային համաձայնագրի վավերացմամբ ՀՀ արտաքին պարտքի ավելացման առնչությամբ: Պատգամավորները կարեւորել են վարկային միջոցների օգտագործման վերահսկողությունը, ինպես նաեւ՝ արդյունավետություն եւ թափանցիկություն ապահովելու համար հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է 2013 թվականի հունիսի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը: Հիմնական զեկուցողը նշել է, որ արձանագրությամբ նախատեսվող փոփոխություններն ուղղված են բարձրացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես առաջարկվում է դատավորների թեկնածուների առավելագույն տարիքը սահմանել 65 տարեկանից ցածր՝ հնարավորություն ընձեռելով բարձր որակավորում ունեցող դատավորներին պաշտոնավարելու լիարժեք ինը տարի, նաեւ՝ նվազեցնել Դատարան դիմելու վեցամսյա ժամկետը չորսամսյա ժամկետով, բացառել կողմերի իրավունքը առարկելու՝ Պալատի կողմից հօգուտ Մեծ պալատի գործի ընդդատությունից հրաժարմանը:

Պատգամավորները նաեւ քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Փաստաթղթով նախատեսվում է, որ Եվրասիական զարգացման բանկը 20 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, ընդլայնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել ջրօգտագործողների միավորումների կառավարչական կարողությունները եւ բարձրացնել տեխնիկական հագեցվածությունը, ստեղծել ՋՕՄ ֆեդերացիաներ:

Քննարկված միջազգային փաստաթղթերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը որոշել է ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ:


31.03.2016
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
Մարտի 31-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը: Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը: Այնուհետեւ երիտասարդ խորհրդարանականները քննա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am