National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
27.03.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Թատերարվեստի եւ թատերական աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

Հայ թատրոնը ոչ միայն մեր մշակույթի, այլեւ մեր պատմության մի մասն է: Հաղթահարելով կայանալու, ձեւավորվելու տարբեր փուլեր, անցնելով տարբեր ժամանակաշրջանների միջով եւ, արդյունքում, շարունակաբար արժանապատվորեն ներկայանալով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս` ամենադժվար պայմաններում անգամ նա պահպանել է հանդիսատեսի հետ անմիջականորեն խոսելու կարողությունը, ընդ որում` թե դասականների, թե ժամանակակից արվեստագետների լեզվով: Եւ այդ ամենը ձեր` թատերական արվեստի ներկայացուցիչներիդ շնորհիվ, այն հավատի շնորհիվ, որ ռեժիսորն ունի դերասանի ու նրա շնորհքի հանդեպ, այն սիրո շնորհիվ, որ դերասանն ունի բեմի ու հանդիսատեսի նկատմամբ, այն անտրտունջ աշխատանքի շնորհիվ, որ կատարվում է նաեւ բեմից դուրս, այդ թվում` յուրաքանչյուր ներկայացման բեմելն ու թատերական կոլեկտիվի գործունեությունը ապահովող մարդկանց միջոցով, եւ իհարկե, թատրոնին հավատարիմ հանդիսատեսի շնորհիվ:

Մեր հաղթանակները կերտվում են նաեւ թատրոնի պատերի ներսում` սնվելով այն էներգիայով, որ ներկայացումից հասնում է հանդիսատեսին, այն ոգով, որ բեմից անցնում է դահլիճին ու դառնում հաղթանակաբեր ուժ, վերածվում հավատի եւ սիրո` հայրենիքի ու միմյանց հանդեպ:

Պահպանելով ավանդույթները եւ զարգացնելով դրանք` ժամանակակից թատրոնը փնտրում է նաեւ հանդիսատեսի հետ հաղորդակցության նոր ձեւեր: Ներկայումս մեր թատրոնը ստեղծում է որակյալ գեղարվեստական արտադրանք, որը ներառում է բազմաժանր նախագծեր եւ հետաքրքիր մտահղացումներ, եւ, անշուշտ, անդադրում աշխատանք: Այսօր, Թատրոնի միջազգային օրը, ոմանք բեմում են, ոմանց էլ պարգեւներ են հանձնում, ոմանք նոր պիես են գրում, ոմանք էլ` ներկայացման փորձ անում, այսինքն` ամենուր ինչ-որ բան է կատարվում, եւ բոլոր այս թատերական իրադարձությունները, տարբեր վայրերում տեղի ունենալով հանդերձ, ամբողջանում են մեկ` Հայաստանի հագեցած թատերական կյանքի համապատկերում:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նոր հաջողություններ»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am