National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
19.02.2016
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Մինչ օրենսդրական աշխատանքի մեկնարկը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու նիստի աշխատանքներին՝ անընդունելի համարելով առաջարկված օրակարգը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում նախատեսված եւ նրա գնահատմամբ՝ «հապճեպ եւ չհիմնավորված» փոփոխությունները:

Խորհրդարանն ընդունել է որոշում, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, ինչպես նաեւ օրակարգի երկրորդ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարել՝ արդյունքում նախատեսելով ունենալ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Ինչպես նշել է Արփինե Հովհաննիսյանը՝ փոփոխությունը պայմանավորված է քաղաքական գործընթացներով՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր ձեւաչափով:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են արտահերթ նիստ հրավիրելու հրատապությանը, նախարարության կառուցվածքային փոփոխության պատճառներին, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձեւաչափին, պետական բյուջեում ծախսերի ավելացման չափին, նախարարության կառավարման ձեւերի արդյունավետությանը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կառավարության կառուցվածքային փոփոխության նպատակահարմարությանը եւ այլն:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները: Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին, բացասական կարծիք հայտնել նախատեսված փոփոխության վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ արհեստական փոփոխությունները չեն նպաստելու երկրի կառավարման արդյունավետությանը: Նա նշել է, որ դեմ է քվեարկելու օրինագծին: Թեւան Պողոսյանը դեմ է արտահայտվել նախարարության բաժանման գաղափարին, քանի որ դրա հետեւանքով ավելանալու են պետական բյուջեի ծախսերը: Նա ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցություններին կոչ է արել խնդրի լուծման համար գտնել այլ տարբերակ՝ զերծ մնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունից: Նաիրա Զոհրաբյանն առաջարկվող փոփոխությունը համարել է քաղաքական պարտադրանք: Պատգամավորը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ կառավարման արդյունավետության գաղափարը ստորադասվում է քաղաքական նպատակահարմարությանը, ինչը, ըստ պատգամավորի, վատ նախադեպ է: Ըստ Վահան Բաբայանի՝ կառավարությունը չի ներկայացնում որեւէ հիմնավոր պատճառ, այն է՝ կառավարման արդյունավետությանը եւ վիճակագրությանը վերաբերող տվյալներ, որոնցով պայմանավորված առաջարկվում է կառույցների տարանջատումը: Ըստ Ստեփան Մարգարյանի՝ նախագիծը որեւէ հիմնավորում չունի եւ պատգամավորները պարտավոր չեն կողմ քվեարկել երկու քաղաքական ուժերի քաղաքական համաձայնության արդյունքում առաջացած կառավարման համակարգի փոփոխությանը: Միքայել Մելքումյանը, խոսելով նախագծի հիմնավորումից, նշել է, որ այն թերի է: Ըստ պատգամավորի՝ քաղաքական նպատակահարմարությունը կատեգորիա չէ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջարկվող փոփոխությանը եւ նշել, որ որոշումը վճռական դեր կունենա ՀՀ քաղաքացիների համար: Ռուբիկ Հակոբյանը, դեմ չլինելով եւ ողջունելով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը, կարծում է, որ այն պետք է համոզիչ դարձնել ազգաբնակչության համար:

Արտահերթ ելույթով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը:

Հերմինե Նաղդալյանը վստահեցրել է, որ պետական կառավարման արդյունավետության եւ քաղաքական նպատակահարմարության միջեւ չկա եւ չի կարող լինել որեւէ տարաձայնություն: «Պետության եւ պետականության հզորացմանը նվիրված եւ իր կենսագրությունն այդ դաշտի վրա կերտած յուրաքանչյուր քաղաքական ուժ շատ լավ պատկերացնում է, որ եւ պետական կառավարման արդյունավետությունը եւ քաղաքական բոլոր տեսակի նպատակահարմարությունները եւ քաղաքական բոլոր տեսակի համաձայնություններն ու համագործակցություններն ունեն մեկ նպատակ՝ հզորացնել մեր պետականությունը», ասել է Հերմինե Նաղդալյանը: Հայաստանը տարիների ընթացքում կոալիցիոն եւ համագործակցային կառավարություն ստեղծելու փորձ ունի եւ այդ գործողությունները հիմնավորվում են համապատասխան փաստաթղթով, հուշագրով կամ համաձայնագրով: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ առաջիկայում ներկայացվելիք համագործակցության համաձայնագիրը կամ հուշագիրը ցույց կտա, որ քաղաքական համագործակցությունը նպատակ չէ, այլ միջոց: Կարեւորն այն է, թե որն է համագործակցության նպատակը եւ բովանդակությունը: Նպատակներից մեկը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Ի լուր ողջ քաղաքական դաշտի եւ ՀՀ հասարակության՝ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունն ունի մեծ նպատակ եւ իմաստ՝ համատեղ ջանքերով եւ մեկտեղելով ուժերը՝ համատեղ պատասխանատվությամբ հասնել ավելի մեծ արդյունքների:

Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ընդդիմադիր ելույթներին, նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը գործում է ոչ թե ընդդեմ, այլ հանուն վաղվա ավելի լավ Հայաստանի եւ պատրաստ է համագործակցության բոլոր կառուցողական՝ թե քաղաքական, թե քաղաքացիական ուժերի հետ:

Օրինագծի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշել է, որ նախարարության բաժանումը պայմանավորված է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Ըստ Աղվան Վարդանյանի՝ ՀՅԴ-ն աշխատանքի եւ պատասխանատվության կողմնակից է:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ արդյունավետ կառավարման սկզբունքը զոհաբերվում է հանուն քաղաքական գործարքի: Պատգամավորը խոսել է նաեւ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խոսելով քաղաքական ուժերի համագործակցությունից՝ պարոն Բաղդասարյանը նշել է, որ համագործակցությունը լայն գաղափար է եւ 2018 թվականից հետո կընդլայնվեն համագործակցության հնարավորությունները: Ըստ խմբակցության ղեկավարի՝ նախագիծը պետք է ծառայի իր նպատակին. եւ ապագայում, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, կներկայացվեն նախագծեր, որոնք ուղղված կլինեն կամ գլոբալացմանը կամ տարանջատմանը: Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանումներ է տվել ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ արդյունավետ կառավարումը չի ստորադասվում քաղաքական նպատակահարմարությանը:

Օրինագիծն ընդունվել է 68 կողմ, 20 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Կառավարությունն առաջարկում է ծանուցման ենթակա Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող, միայն պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել նաեւ խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է խորհրդարանի հավանությանը, որից հետո կազմակերպվել է օրվա ընթացքում քննարկված երկու հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


19.02.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 22-25-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների ն...

19.02.2016
ԱԺ հանձնաժողովի նիստում
Փետրվարի 19-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:Նիստի օրակարգում ներառված երեք հարցերից առաջինը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա հիմնավորել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն...

19.02.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 24-27-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամ...

19.02.2016
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարան էին այցելել դպրոցականները
Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ այդ օրը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ օրն անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ: Օրվա տոնական ավանդույթներից մեկը միմյանց հետաքրքիր գիրք նվիրելն է: Գեղեցիկ այս օրը հիշարժան դարձնելո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am