National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.11.2015
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, ինչպես նաեւ քննարկվել է պատգամավորների հետ:

Տեղեկացնենք, որ նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը, որը խախտում է անձանց` ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը: Խնդիրն առավել կարեւորվում է, երբ մի շարք լրատվամիջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկությունը՝ դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այն հայտնի է դառնում նույնիսկ սոցցանցերում չգրանցված անձանց: Նշված խնդիրը լուրջ մտահոգում է ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներին եւ բլոգերներին, այնպես էլ համացանցից օգտվող բազմաթիվ անձանց: Ուստի կարեւոր է սահմանել այն լրատվական միջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները եւ մեկնաբանությունները:

Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ավելացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Հիմնավորելով առաջարկվող փոփոխությունները՝ պարոն Մկրտչյանը նշել է, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, ինչպես նաեւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակի ավելացումը պայմանավորված է դատավորների գերծանրաբեռնվածությամբ:

Նա տեղեկացրել է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կա քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 եւ 2014 թվականներին կազմել է շուրջ 80-90 քրեկան գործ: Նմանատիպ խնդիր կա նաեւ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այստեղ կա քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 եւ 2014 թվականներին կազմել է շուրջ 900-1700 քաղաքացիական գործ:

Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթեւանա Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթն ու «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն դրանք դրական եզրակացություն չեն ստացել:

Նույն օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Առաջարկվող փոփոխություններով միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական նոր հզորություններ, այդ թվում՝ արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Դրա արդյունքում կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

ՀՀ կառավարության հեղինակած «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Հաշվի առնելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հանձնարարականը եւ ներկա իրավիճակը՝ կառավարությունն առաջարկում է ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը, սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:

«Հարկերի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել գործունեություն իրականացնել նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում:

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նախագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական եւ առեւտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես` արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման եւ արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել: Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթով կարգավորվում եւ պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները՝ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը: Առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունն առաջարկում է 2018 թվականից կանխել նոր գերավճարների առաջացումը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվելու են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:


06.11.2015
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 6-ին Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆի...

06.11.2015
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ...

06.11.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ
Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Կողմերը քննարկել են միջխորհր...

06.11.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Վիշեգրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաս...

06.11.2015
Նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am