National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.04.2015
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 14

Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ջերմուկի ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով պատգամավորներին, նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ դրանց վերաբերյալ արձագանքները ցույց են տվել, որ Ցեղասպանության երեւույթի ընկալումն ու գնահատականները թեւակոխում են վճռական փուլ, եւ պետք է ողջ ազգը լինի միասնական ու հաստատակամ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում ակնհայտ է դարձել, որ միասնական լինելու պարագայում կարելի է հասնել մեծ ձեռքբերումների եւ ունենալ մեծ ակնկալիքներ: Խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին, քաղաքացիներին, կամավորներին, կազմակերպություններին, ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի եւ գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով եւ կազմակերպվածությամբ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած զարհուրելի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Կառավարությունն առաջարկում է ներդնել հաշտարարության ինստիտուտ

Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել հաշտարարության ինստիտուտ, որը բացակայում է մեր երկրի իրավական համակարգում: Ըստ հիմնավորման՝ հաշտարարության ինստիտուտն առավել հեռանկարային է վեճերի՝ արտադատական կարգով լուծման ինստիտուտներից:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում հաշտարարության ինստիտուտ ներդրված չէ եւ դատական համակարգը ծանրաբեռնված է, փաթեթին տվել է դրական եզրակացություն:
 
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները:
 
Մհեր Շահգելդյանն անդրադարձել է քաղաքական եւ իրավական ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումներին: Նա կարեւորել է առաջարկվող ինստիտուտի ձեւավորումը եւ զարգացումը: Թեւան Պողոսյանը կարեւորել է նոր ստեղծվելիք ինստիտուտի հանդեպ հանրության վստահության ձեւավորումը եւ իրազեկման խնդիրը: Դեմ չլինելով հաշտարարի գրասենյակի ստեղծման գաղափարին՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը պետք է համալիր լուծման համատեքստում դիտարկել, եւ այս փուլում ԲՀԿ-ն ձեռնպահ է մնալու հաշտարարի գրասենյակի կիրառման հարցում: Կարեւորելով հաշտարարության ինստիտուտի դերը՝ Հովհաննես Մարգարյանը որոշ մտահոգություններ է արտահայտել ինստիտուտի գործունեությունից հետո ստեղծվելիք խնդիրների վերաբերյալ: Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ ուշադրություն պետք է դարձվի հաշտարարի մասնագիտությանը. այս հարցում առաջնություն պետք է տրվի իրավաբանական կրթությանը: Նրա խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի քաղաքացիների համար կարեւորվի այս ինստիտուտը: Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ՝ դրական նախաձեռնություն է, որն անգամ ուշացած է: Նա առաջարկում է վարչական վարույթում եւս ներդնել այս ինստիտուտը:
 
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ քննարկվող խնդիրը դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարեւոր հարցերից է: Նա նշել է, որ առաջարկվում է արտադատական մեխանիզմ, որը միջազգային պրակտիկայում արդյունավետ գործում է եւ հնարավորություն է տալիս կողմերին լուծել վեճերը: Խմբակցության ներկայացուցիչը կողմ է կառավարության նախաձեռնությանը եւ հորդորել է գործընկերներին առաջարկներ ներկայացնել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է դատական համակարգի անկախության խնդիրների, հաշտարարի մասնագիտական որակավորման անհրաժեշտության եւ չափորոշիչների սահմանման մասին: Նա կարծիք է հայտնել, որ կառավարության առաջարկած գաղափարը դրական է, սակայն լրջագույն ռիսկեր է պարունակում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը կքվեարկի ձեռնպահ:
 
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հովհաննես Սահակյանը: Նա հիշեցրել է, որ հաշտարարության ինստիտուտը գործելու է կամավորության սկզբունքի հիման վրա: Օրենքի նախագծի հիմնական նպատակը դատարանների եւ դատավորների ծանրաբեռվածության նվազեցումն է ու քննվող գործի ժամանակի կրճատումը: Պարոն Սահակյանի համոզմամբ՝ սխալ է հաշտարարության ինստիտուտը կապել արդարադատության համակարգում առկա անարդարությունների հետ. ինստիտուտի ստեղծումը իրականացվում է դատաիրավական բարեփոխումների շրջանակում: Խմբակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլորի կողմից ընդունելի գաղափար է առաջարկվում ներդնել: Հովհաննես Սահակյանն իր խոսքում նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագիծն առաջարկների հիման վրա կլրամշակվի:
 
Եզրափակիչ ելույթներում Էդմոն Մարուքյանը եւ Արսեն Մկրտչյանը պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորների մտահոգությունների վերաբերյալ: Նրանք եւս մեկ անգամ ընդգծել են, որ օրենքի նախագիծն ուղղված է շուկայի ազատականացմանը եւ վերաբերում է վեճերի արագ լուծման ընթացակարգերին:

Կառավարությունը փոփոխություն է  առաջարկում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում 
 
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թվականի զորակոչից երկարաձգել մինչեւ 2014 թվականի զորակոչը: Այսինքն, ինչպես ասել է ՀՀ սփյուռքի նախարարը, մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երիտասարդները, ում 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ, վճարել սահմանված գումարը եւ ազատվել քրեական հետախուզումից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշել է, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների կարծիքները տարբեր են եղել, մասնավորապես, առաջարկ է եղել իրականացնել լրացուցիչ քննարկումներ: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կքննարկի առաջարկված մոտեցումները եւ կփորձի գտնել խնդրի լուծման այլ եղանակ:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:

Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է հնչած որոշ կարծիքների եւ տեղեկացրել, որ որեւէ երեխա շինծու բժշկական տեղեկանքներ չի ստանում բուժհաստատություններից՝ հետագայում զինծառայությունից խուսափելու նպատակով: Հեղինե Բիշարյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ. նա նպատակահարմար է համարել քննարկել սահմանված վճարի բարձրացման հարցը: Գագիկ Ջհանգիրյանն ընդհանրապես անարդյունավետ է համարել քննարկվող օրենքը: Միքայել Մելքումյանը բարձրաձայնել է ոլորտում առկա խնդիրները եւ առաջարկել քննարկել դրանք: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենքի ընդունման նախադրյալներին, խոսել ձեւավորված աշխատանքային խմբի ծրագրերից: Նա տեղեկացրել է, որ այս թեմայով նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ: Մհեր Շահգելդյանն անդրադարձել է խնդրի կարգավորման մեխանիզմներին եւ գործընկերներին առաջարկել ներկայացնել դրանք, եթե կան: Ըստ նրա, սա խնդրի լուծման դեռեւս միակ տարբերակն է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու քննարկվող նախագծին, թեեւ կարծում են, որ սա իրավիճակային լուծում է, ելք՝ ստեղծված իրավիճակից: Ըստ նրա՝ խնդիրը հիմնավոր կարգավորման կարիք ունի: Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ եւ պայմանագրային բանակ:
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչած մտահոգություններին եւ տվեց պարզաբանումներ:

Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի ապրիլի 28-ին:











27.04.2015
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
ՀՀ Ազգային ժողովում ապրիլի 27-ին տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանի եւ Մհեր Շահգելդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում բանախոսները մանրամասներ են ներկայացրել ապրիլի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ...

27.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Ջերմուկի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Պարոն Դավթյանը ներկայացրել է խորհրդարանի կա...

27.04.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 27-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կա...

27.04.2015
Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստը
Ապրիլի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստը, որը վարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հայկական կողմից նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակ...

27.04.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am