National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.04.2015
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում
1 / 4

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Լեւոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, ապրիլի 13-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ԵԽԽՎ նախագահի այցը մեր երկիր, նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը մասնակցել է ԵԽ-ի բոլոր մակարդակներում աշխատանքներին, իրականացրել ստանձնած պարտավորությունները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նա մասնավորապես նշել է, թե բարեփոխման ինչպիսի աշխատանքներ են իրականացվում դատաիրավական, ոստիկանության ոլորտներում, գենդերային հավասարության, սեռական եւ կրոնական փոքրամասնություններին առնչվող իրավական պաշտպանության մասում:

Հերմինե Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ կրկին հավաստիացրել, որ այս հարցում Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով քննարկումները եւ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ ու ԼՂՀ մասնակցությամբ:

Նա տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին, որ ամառվանից սկսած հաճախակիացել են գնդակոծություններն Ադրբեջանի կողմից, որի հետեւանքով մի քանի անգամ ավելացել են զոհերը շփման գծում, ինչը, ըստ նրա, կապված է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի հետ: Տիկին Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները:

Այս համատեքստում խոսվել է վստահության ցածր մակարդակի եւ անաչառության դեֆիցիտի մասին:

Պատվիրակության ղեկավարը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների կասեցման վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւորել է հատկապես դրանց կրկնությունը կանխարգելելու տեսանկյունից:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Լեւոն Զուրաբյանը խոսել են ներքաղաքական իրավիճակից եւ գործընթացներից, ներկայացրել իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները քննարկվող եւ այլ հարցերի առնչությամբ: Հայկական պատվիրակության անդամները կարեւորել են ԵԽԽՎ պատգամավորների նախաձեռնած միավորման ստեղծումը, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողության եւ ժխտողականության դեմ:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ անդրադարձել բարձրացված հարցերին: Նա կարեւորել է տարբեր խնդիրների լուծման համար միահամուռ ջանքերի գործադրումը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտին՝ նա կարեւորել է դատական մարմինների անկախությունն ու հանրության վստահության մեծացումը դրանց նկատմամբ, անհրաժեշտ համարել անպատժելիության բացառումը: Տիկին Բրասերն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել դրանց համապատասխանության անհրաժեշտությունը ԵԽ չափանիշներին եւ նշել, որ սահմանադրական բարեփոխումները չպետք է լինեն ինքնանպատակ. նրա խոսքով՝ դրանք պետք է դառնան գործիք՝ երկիրը զորացնելու համար: Նա նաեւ կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Հերմինե Նաղդալյանը խոսել է նաեւ ԼՂՀ-ի հետ ԵԽԽՎ-ի համագործակցության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով, որ խորհրդարանական ձեւաչափը լավագույնն է նման համագործակցության համար, որին ի պատասխան՝ ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ ԼՂ-ի բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն:

Նույն օրը ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպել են նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Անդրադառնալով «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցին՝ նշվել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել փաստաթղթի զեկուցող Ռոբերտ Վոլտերի հետ, քանի որ չի հավատում զեկույցի անաչառությանը: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ զեկույցը պատվիրված է ադրբեջանական պատվիրակության կողմից: Տիկին Բրասերի՝ պատվիրակությունների միջեւ վստահության մակարդակը բարձրացնելուն վերաբերող առաջարկին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրա նախապայմանը պիտի լինի ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույցներից հրաժարվելը:

Խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ ԼՂ-ի մասին զեկույց պատրաստողը նախ պետք է այցելի Ղարաբաղ եւ մոտիկից ծանոթանա արցախցիների հետ: Նրանք առաջարկել են ԵԽԽՎ նախագահին առաջիկայում ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ կարեւորել են Եվրոպայի խորհրդում ԼՂ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արխիվները բացելու եւ պատմագիտական ուսումնասիրություն իրականացնելու առաջարկի վերաբերյալ՝ խորհրդարանական խմբակցությունների անդամները փաստել են, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ուսումնասիրվել է մասնագետների կողմից եւ ճանաչվել: Նշվել է, որ Հայաստանը արխիվներում ոչինչ չի թաքցնում, իսկ աշխարհասփյուռ հայությունն ապացույցն է այն բանի, որ հենց Ցեղասպանության պատճառով է հայ ժողովուրդը սփռվել աշխարհով մեկ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Անն Բրասերը կարեւորել է խնդրի կարգավորումը: Հայ-թուրքական հարաբերությունների առումով ԵԽԽՎ նախագահը, կարեւորելով երկխոսությունը եւ շփումները երկու երկրների միջեւ, նշել է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները՝ ընդգծելով նաեւ, որ առանց անցյալի հետ հաշտվելու՝ հնարավոր չէ ապագա կառուցել: Նրա գնահատմամբ՝ այն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեծ եղեռնը երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անվանել է Ցեղասպանություն, դա եւս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:


14.04.2015
ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են եղել ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ
ՀՀ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Արծվիկ Մինասյանը ապրիլի 14-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի /GR...

14.04.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի ապրիլի 19-21-ը ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: ...

14.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան շատ կարեւոր է եւ ճանաչողական, քաղաքական ու հանրային պատկերացումների մեծ հնարավո...

14.04.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Ողջունելով ԵԽԽՎ նախագահին` Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքները, գործունեության ոլորտները, օրինագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am