National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.04.2015
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

Ապրիլի 9-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ պատգամավորների աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին:

Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը

Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: ԱԺ խմբակցությունները շարունակել են հարցի վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետները:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է գործընկերների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Նա առաջարկել է եզրակացությունից հանել որոշ հատվածներ, իսկ որոշ հատվածներ՝ փոփոխել: Բարձր գնահատելով ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը, Արծվիկ Մինասյանն անհրաժեշտ է համարել հետագա աշխատանքը՝ օգտվելով եզրակացությունից: Այս համատեքստում ՀՅԴ խմբակցության անդամն առաջարկել է, որպեսզի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը եզրակացությունը քննարկի համապատասխան կառույցների հետ՝ հիմքում ունենալով էներգետիկ անվտանգության ապահովման եւ գազամատակարարման համակարգում բարեփոխումների հայեցակարգային մոտեցումների ներկայացումը եւ սպառողների շահերի պաշտպանությունը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին 8-9 տարիների ընթացքում գազի սակագինը բարձրացել է 4 անգամ, ինչն, ըստ նրա՝ հիմնավորված չէ: Անդրադառնալով գազի սակագներին, Արամ Մանուկյանը նկատել է, որ իրավաբանական անձինք մոտ 50 տոկոսով ավելի են վճարում գազի համար, քան սպառում են: Արամ Մանուկյանի կարծիքով, եթե իրականացվեն որոշակի քայլեր, ապա հնարավոր կլինի 25-30 տոկոսով իջեցնել գազի սակագինը: ՀԱԿ խմբակցության քարտուղարի կարծիքով, թեեւ ժամանակավոր հանձնաժողովը մեծ ծավալի աշխատանք է կատարել, այնուամենայնիվ այն բավարար չէ:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, անդրադարձել է գործընկերների բարձրացրած հարցերին, նաեւ գնահատել ժամանակավոր հանձնաժողովի անդամների կատարած, իր բնորոշմամբ՝ քրտնաջան աշխատանքը: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն անհետեւանք չմնա: Անդրադառնալով համակարգում առկա խնդիրներին, Միքայել Մելքումյանը հնարավոր է համարել գազի սակագնի՝ 7-8 տոկոսով իջեցումը: Իսկ համակարգի զարգացման համար նա կարեւորել է էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնելը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Չհամաձայնելով գործընկերների որոշ ելույթների հետ՝ Գագիկ Մելիքյանը նշել է, որ ժամանակավոր հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել, մասնավորապես ուսումնասիրվել է 10000 փաստաթուղթ, որոշումներն ընդունվել են բոլոր անդամների համաձայնությամբ: Գագիկ Մելիքյանն անդրադարձել է նաեւ համակարգում առկա խնդիրներին ու գործընկերների դիտողություններին եւ նկատել, որ դրանցից շատերը հիմնավորված չեն: Գագիկ Մելիքյանն անդրադարձել է նաեւ խնդիրներին, անհրաժեշտ համարել գազի կորուստների նվազեցումը: Բարձր գնահատելով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը՝ Գագիկ Մելիքյանը համոզմունք է հայտնել, որ եզրակացությունն ու առաջարկները կօգնեն բարելավելու համապատասխան մարմինների, մասնավորապես՝ «Գազպրոմ-Արմենիայի» աշխատանքը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ: Նա իրազեկել է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է 10000 փաստաթուղթ, արդյունքում ստացվել է արժանահավատ եզրակացություն, որը երկարատեւ աշխատանքի հնարավորություն է տալիս:

Նշենք, որ եզրակացությունն ընդունվում է ի գիտություն:

Քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Վահե Էնֆիաջյանի, Արտակ Զաքարյանի, Կորյուն Նահապետյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Նաիրա Կարապետյանի, Արտաշես Գեղամյանի, Համլետ Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շիրակ Թորոսյանի, Սամվել Ֆարմանյանի, Վոլոդյա Բադալյանի, Տաճատ Վարդապետյանի, Մհեր Շահգելդյանի, Արծվիկ Մինասյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացրել է Զարուհի Փոստանջյանը: Հայտարարության նախագծում ասվում է.

« Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

- արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված դրույթները,

- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ունեցած ներդրումը,

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.

Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին՝ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ առաջարկել լրացնել հայտարարության տեքստը, ինչն ընդունվել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանի կողմից:

ԱԺ պատգամավորները իրենց տեսակետներն են արտահայտել քննարկվող հարցի վերաբերյալ: Հովհաննես Մարգարյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հայտարարության նախագծի ընդունումը: Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով հայտարարության նախագծի դրույթներին, նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է պետական քաղաքականություն լինի: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում պահանջատիրության գաղափարին եւ դրա հետեւանքներին: Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին որեւէ փաստաթուղթ չընդունելը ճիշտ չէր լինի: Նա կարեւորել է նախագծի ընդունումը: Ռուբիկ Հակոբյանը խոսել է խմբագրական շտկումների մասին եւ առաջարկներ ներկայացրել: Պատգամավորն անդրադարձել է ցեղասպանված կամ ցեղասպանության ենթարկված պետությունների կողմից համակարգող մարմնի ստեղծման հարցին: Շիրակ Թորոսյանը խոսել է պահանջատիրությունը հատուցումից եւ ճանաչումից տարանջատելու խնդրից: Նրա գնահատմամբ՝ պահանջատիրությունից խուսափելու խնդիր չկա: Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ այս փաստաթուղթն ունի առանցքային նշանակություն եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների արժեւորումն այս հայտարարության կարեւոր մասն է կազմում: Մհեր Շահգելդյանը եւս անհրաժեշտ է համարել ՀՀ Ազգային ժողովի կողմից դիրքորոշում արտահայտելը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մեր երկրի կողմից իրականացվող ռազմավարական, քաղաքական ծրագրավորման ուղիներին: Սամվել Ֆարմանյանը կարեւորել է հայտարարությունում երախտագիտության խոսք հնչեցնելը բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ: Կարեւորելով հայտարարության նախագծի ընդունումը՝ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ հայտարարությամբ եւս մեկ անգամ արժեւորվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը համայն հայության կամքն է արտահայտում:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ ցեղասպանությունները, անկախ նրանից՝ ում կողմից են եղել, երբ եւ որտեղ, պետք է դատապարտվեն: «Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք եւ բնական է, որ պետք է հայտարարություն ընդունենք, կոչով դիմենք միջազգային հանրությանը, տարբեր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական կազմակերպություններին ու միջազգային կառուցներին, որպեսզի նրանք դատապարտեն Հայոց ցեղասպանությունը»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով մեր պայքարը չի ավարտվում, այլ սկսվում է պայքարի նոր փուլ: Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ պատահական չէ, որ հայտարարության մեջ հստակ ամրագրված է ժխտողականությունը քրեականացնող դրույթ: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ժխտողականությունը նույնքան վտանգավոր ու հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը, եւ 21-րդ դարում ժխտողականությունը պետք է քրեորեն պատժվի: Նա համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը պետք է լինի հայկական սփյուռքի մենաշնորհը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի կարող ստորադասել որեւէ այլ հարցի, այն մեր անվտանգության հենասյունն է: Նա, փաստաթղթի ընդունումն անհրաժեշտ համարելով, նշել է, որ դրան պետք է հաջորդեն իրավական այլ գործընթացներ: Տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարությանը՝ պարոն Մինասյանը նախագիծն առավել կուռ եւ ամբողջական դարձնելու նպատակով առաջարկներ է ներկայացրել:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԱԺ հայտարարության ընդունումը՝ հիմքում ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված դրույթները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ օրերից մի օր Թուրքիայի նոր սերունդը կառերեսվի սեփական պատմությանը եւ կճանաչի ու կդատապարտի տեղի ունեցած Ցեղասպանությունը: Նա իրազեկել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությանը, քանի որ դրա հիմքում, մասնավորապես, ընկած են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթները, որոնք անընդունելի են ՀԱԿ խմբակցության համար: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ հռչակագրում ամրագրված դրույթները որոշակի վտանգներ են պարունակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ այն երկրները, որոնք դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առաջնորդվել են բացառապես քաղաքական եւ տնտեսական շահերով: Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պիտի լինի ՀՀ քաղաքական օրակարգում: Տիկին Զոհրաբյանը կարեւորել է Ցեղասպանության ճանաչման խնդրի բարձրաձայնումը միջազգային հարթակներում: Կարեւորելով հայտարարության նախագծի ընդունումը՝ նա խորհուրդ է տվել գործընկերներին չխեղաթյուրել հայտարարության բովանդակությունը եւ քննարկումները չտեղափոխել այլ դաշտ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն այն դեպքերից է, երբ համընկնում են խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի տեսակետները՝ որոշ բացառություններով:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթում հնչած տեսակետներին եւ նրա նշած վտանգներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ նման կարծիք հնչում է ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա համարող քաղաքական ուժի կողմից: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված դրույթներն արտահայտում են համայն հայության կամքը եւ այդ հարցում միահամուռ է ողջ հայությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին:

Ամփոփիչ ելույթում հարակից զեկուցող Արտակ Զաքարյանը կարեւորել է համայն հայության միասնությունը, միջազգային հանրության հետ միասնական ջանքերի ներդրումն այս պայքարում: Զեկուցողը շնորհակալություն է հայտնել առաջարկների եւ շահագրգիռ քննարկումների համար:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է հնչեցված տեսակետներին եւ ներկայացրել է պատգամավորների առաջարկների հիման վրա հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը:

Կառավարությունն առաջարկում է ներդնել հաշտարարության ինստիտուտ

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններն են արբիտրաժը, ֆինանսական համակարգի հաշտարարը եւ հաշտարարությունը: Ըստ նրա` եթե առաջին երկուսը Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգավորում ստացել են, ապա հաշտարարության ինստիտուտը ընդհանրապես բացակայում է ՀՀ իրավական համակարգում: Այդ իսկ պատճառով առաջարկվող օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկվող փաթեթը նախ եւ առաջ ուղղված է հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյա նիստերում:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


09.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն շրջանակներում խորհրդարանական հարաբերությ...

09.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հյուրընկալել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղո...

09.04.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացմանը
«Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող այս հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացում է: Մեզնից յուրաքանչյուրը գենետիկական ինչ-որ մի թելով, հիշողության ինչ-որ մի հատվածով, տոհմածառի առնվազն մի հեռավոր ու աննշան մա...

09.04.2015
Ազգային ժողովում տեղի են ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ
Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքո...

09.04.2015
Ստացվել է 704 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2015 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am