National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.03.2014
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Մարտի 12-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

Մինչ ընդհատված հարցի քննարկումը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ քառօրյա նիստի աշխատանքին են հետեւում Երեւանի համար 105 ավագ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները: Պարոն Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին նրանց:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը սկզբունքորեն դրական է վերաբերվում առաջարկվող փոփոխություններին, սակայն մի շարք դրույթներ առաջինից երկրորդ ընթերցում դեռեւս քննարկման եւ շտկման կարիք ունեն: Պարոն Հարությունյանն անդրադարձավ դատարանի նախագահի՝ որոշակի ժամկետով նշանակմանն առնչվող հոդվածին՝ նշելով, որ այն հակասություն ունի Սահմանադրության հետ: Հանձնաժողովն առաջարկել է վերոնշյալ հոդվածն ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ առաջինից երկրորդ ընթերցում պաշտոնական եզրակացություն ստանալու նպատակով: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ դատավորների ծանրաբեռնվածության խնդրին:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, անհրաժեշտ համարեց դատական օրենսգրքի հնարավորինս շատ դրույթներ վերանայել, որոնց փոփոխությունը հնարավորություն կընձեռի էական տեղաշարժ արձանագրել դատական իշխանության անկախության ոլորտում:

Ամփոփիչ ելույթներում հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը եւ հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը անդրադարձան պատգամավորների հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու բոլոր առաջարկները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է սահմանել պարտապանի գույքի օտարման կապակցությամբ կատարվող գործողությունների առավել կարճ ժամկետներ եւ պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվում եղած դրամական միջոցների բանկի կողմից օգտագործման եւ դրա դիմաց տոկոսներ վճարելու վերաբերյալ դրույթներ: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է մեծացնել պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետությունը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նախագծերով սահմանվում են սնանկության կառավարչի համար բանկի ընտրության հարցում որոշակի չափորոշիչներ, բանկային հաշվի պայմանագիր կնքելու պարտավորություն եւ բիզնես միջավայրի բարելավման առումով ժամկետների կրճատումներ:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է հանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար լիցենզիայի պահանջը, ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, առաջարկվում է հստակ սահմանել տրանսպորտային միջոցներին ներկայցվող չափանիշների գնահատման համակարգը, Երեւանում սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման առանձնահատկությունները, սահմանել երթուղու սպասարկման պետական տուրք, ավտոբուսներին եւ միկրոավտոբուսներին ներկայացվող պահանջներ, փոխադրումների իրականացման հստակ ժամկետներ, կրճատել ավելորդ վարչարարությունը:

Հիմնական զեկուցողը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքային տրանսպորտի խնդիրների կանոնակարգմանը, առաջարկվող փոփոխությունների արդյունքում տրանսպորտի վարձի բարձրացման հնարավորությանը եւ դրա վերահսկմանը:

Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 13-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:


12.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 12-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի համար 105 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:Աշակերտների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով հյուրերին ներկայացրեց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am