National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
25.02.2013
Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Ազգային ժողովը փետրվարի 25-ին սկսեց հերթական քառօրյա նիստերի  աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալն ընդդիմադիր պատգամավորներն առաջարկեցին քննարկել հետընտրական գործընթացներն ու զարգացումները՝ հիմնավորմամբ, որ երկրի օրենսդիր մարմինը պետք է անմասն չմնա եւ արձագանքի հասարակությանը հուզող խնդիրներին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես առաջարկեց քառօրյան սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրության քննարկումով, այդ համատեքստում անդրադառնալով նաեւ նախագահական ընտրություններին:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովների առաջարկով ձեւավորված օրակարգը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացմամբ, վերջին ընտրությունների մասին քննարկում կազմակերպելու հնարավորություն չի ընձեռում: Խորհրդարանի ղեկավարը, սակայն, խմբակցություններին առաջարկեց միասին ընտրել հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափ: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Ազգային ժողովը բազմակարծության աբիոն է, եւ քաղաքական բոլոր ուժերն ունեն տեսակետներ արտահայտելու հնարավորություն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը համաձայնեց Աժ նախագահի առաջարկին եւ բաց քննարկման պատրաստակամություն հայտնեց՝ նշելով, որ օրենսդիր մարմինն առավել կարեւոր խնդրի, քան ընտրություններն են, չունի: ԱԺ նախագահն ընդունելի համարեց հրապարակային ձեւաչափով քննարկում անցկացնելու առաջարկը:

Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին ներկայացրեց նախ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ապա նաեւ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Դրանք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ նախորդ քառօրյայում քննարկված մի շարք նախագծեր:

Այս նիստում եզրափակվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Եզրափակիչ ելույթում թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, թե կառավարության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը նշեցին, որ փաթեթը կբարելավի գործարար միջավայրը, կկրճատի լիցենզիաների քանակը եւ կվերացնի անհարկի քաշքշուկը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատգամավորներին առաջարկեց երկրորդ ընթերցմամբ ընդունել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ հարակից նախագծերը: Պատգամավորների եւ կառավարության առաջարկներով փաթեթն առաջին ընթերցումից հետո խմբագրվել է: Նախարարը նշեց, որ այս նախաձեռնությունը, «Եկամտահարկի մասին» նոր օրենքի կիրարկմամբ պայմանավորված, կապահովի վերահաշվարկ ու որոշ ճշգրտումներ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն, հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեց ընդունել այն:

Նախարարը ներկայացրեց մեկ այլ նախագիծ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնությունը: Օրենքով ամրագրված է, որ տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր իսկ ընտրությամբ: Մինչդեռ կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման ու տվյալների համադրման արդյունքում հայտնաբերվել էին դեպքեր, երբ անձը մի քանի տեղից էր կենսաթոշակ ստացել: Ներկայացված նախագծով կառավարությունը սահմանում է օրենսդրության խախտումով նշանակված կենսաթոշակները դադարեցնելու, կենսաթոշակից պահումներ կատարելու հիմքերը: Առաջնորդվելով Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նախագծում վերանայվել են լիազորագրով կենսաթոշակ վճարելու կանոնները: Լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը կդադարեցվի, եթե ավարտվել է լիազորագրի ժամկետը, տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով է անձը ստացել կենսաթոշակ կամ, եթե լրացել է լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզարակացությունը խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացրեց Հակոբ Հակոբյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է 1988-92 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված փախստականներին թույլատրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագիծը վերաբերում է այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործությունների օգտագործման կարգին: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման՝ թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում եւ այցելության համար բաց այլ վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների կրիչի վրա, ցանկացած միջոցներով եւ ձեւերով վերարտադրումը, հեռարձակումը, վերարտադրված օրինակների տարածումը, այդ թվում՝ համացանցի միջոցով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության մշակած «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գարեգին Նուշիկյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթը նպատակ ունի թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզավորման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, նկատեց, որ թեեւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, սակայն թանկարժեք մետաղների ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է ավելացված արժեքի հարկի վճարմանը:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի եւ Հայկ Գրիգորյանի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ նախագիծը նպատակ ունի ապահովել նպատակային արձակուրդի տարբեր տեսակների տրամադրման դեպքում աշխատողի աշխատատեղի պահպանման երաշխիքի միատեսակ կիրառումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հղիության եւ ծննդաբերության կապակցությամբ տրվող արձակուրդներին: Ըստ օրինագծի դրույթների՝ գործատուն իրավունք կունենա աշխատողին իր զբաղեցրած աշխատանքից ազատել բացառապես ձեռնարկության լուծարման դեպքում: Կարինե Աճեմյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի պաշտպանել աշխատողներին կամայական ազատումներից:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դրական էր նաեւ ՀՀ կառավարության կարծիքը. այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ պետք է միակողմանի չդատել եւ պաշտպանել նաեւ գործատուի շահերը, ինչին ի պատասխան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ աշխատողի սոցիալական երաշխիքների ապահովումը ստանձնել է պետությունը, ուստի դա գործատուի վրա լրացուցիչ բեռ չի կարող լինել:

Խորհրդարանը քննարկեց նաեւ միջազգային պայմանագրեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց «2012 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված» Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակը տնտեսության տարբեր ոլորտների աճին եւ զարգացմանը նպաստելն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը՝ տեղեկացնելով, որ համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների հարկային եւ մաքսային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով եւ նպատակ ունի նախ բացառելու եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը, ապա ստեղծելու կանխատեսելի ներդրումային դաշտ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» կոնվենցիան: Նրա տեղեկացմամբ՝ կոնվենցիան նախատեսում է 7 հիմնական սկզբունքներ, որոնցով սահմանվում են դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավունքներն ու պարտականությունները: Կոնվենցիան ճանաչում է այդ պետությունների տարանցիկ առեւտրի հավասար իրավունքները նավահանգիստ մուտք գործելիս, նավահանգստից օգտվելիս եւ բեռը տարհանելիս: Բոլոր այդ դեպքերում, ըստ կոնվենցիայի, դեպի ծով ելք չունեցող պետություններն ազատվում են մաքսային եւ հարկային բեռից, ունեն նույն իրավունքները, ինչ ծովափնյա երկրները: Կոնվենցիան սահմանում է նաեւ վեճերի լուծման մեխանիզմներ: Բանախոսի տեղեկացմամբ՝ այս կոնվենցիան բխում է ՀՀ շահերից՝ պայմանավորված արտաքին առեւտրի համար բարենպաստ պայմաններով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ արձանագրությունը վերաբերում է բնակչության մասնակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, որոշումների քննարկմանը: Վաչե Տերտերյանը նշեց, որ արձանագրության շատ դրույթներ թեեւ ամրագրված են հայրենական օրենսդրության մեջ, բայց միջազգային պայմանագիրը լրացուցիչ մոտեցումներ է արձանագրում եւ ունի մեր երկրի ձեռքբերումներն ամրապնդող նշանակություն:

Քննարկված միջազգային պայմանագրերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 26-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am