National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
04.02.2013
Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանը
1 / 12

Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո փետրվարի 4-ին մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ ներկայացրեց նստաշրջանի, ապա եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումներ: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատացեց երկու օրակարգերը: Չստանալով անհրաժեշտ թվով կողմ ձայներ՝ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով ՀՀ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Նստաշրջանի առաջին նիստում, ԱԺ կանոնակարգի համաձայն, ձեւավորվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: Աժ նախագահն առաջարկեց վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը եւ խմբակցություններին կոչ արեց թեկնածուներ առաջադրել թե հաշվիչ հանձնաժողովում եւ թե էթիկայի հանձնաժողովում ընդգրկելու համար:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ խորհրդարանը լսեց երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացված մի քանի նախագծեր:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը գործընկերների գնահատմանը ներկայացրեց խմբակցության այլ պատգամավորների հետ հեղինակած՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Այն նախատեսում է ռեկտորների ընտրության հարցում առաջնորդվել ոչ թե «Կրթության մասին», այլ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, որում ընտրության չափորոշիչներն առավել ամբողջական են: Համահեղինակը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական որոշ շտկումներ:

Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, որը ներկայացրեց գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

«Համայնքային ծառայության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Արաիկ Հովհաննիսյանի առաջարկների հիման վրա լրամշակվել է, հստակեցվել են որոշ դրույթներ: Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը կառավարության նախագիծը դրական է գնահատել. հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանն առաջարկեց ընդունել այն:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ օրենսգրքի որոշ դրույթներ կհամապատասախանեցվեն Սահմանադրությանը, նաեւ՝ կվերացվեն ընդհանուր եւ հատուկ մասերի միջեւ առկա հակասությունները: Երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորներին այս նախաձեռնութունը ներկայացրեց նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրեց Էդմոն Մարուքյանը:

Կառավարության՝ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հետ համատեղ օրենսդրական նախաձեռնությունը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» առաջին ընթերցմամբ ընդունվել է մեկ տարի առաջ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ այս ընթացքում նախագիծը քննարկվել է տարբեր ձեւաչափերով՝ այդ թվում եւ խորհրդարանական լսումների, լրամշակվել բազմաթիվ առաջարկների հիման վրա: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են նաեւ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարակից ելույթում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նկատեց, որ ընդունվել է ՀԿ-ներից ստացված առաջարկությունների մի մասը, այդուհանդերձ, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը:

Պատգամավորների ելույթներից պարզ դարձավ, որ նախագիծն անհրաժեշտ եւ անգամ ուշացած են համարում բոլորը: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, սակայն, այն ունի ձեւական բնույթ, չի առաջարկում ազգային մեխանիզմներ, հետեւաբար նոր խնդիրներ է առաջացնելու: Նաեւ՝ չեն ընդունվել իր խմբակցության առաջարկները: Նախագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ թեեւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այս փաստաթղթով չեն լուծվել, բայց սա առաջին կարեւոր քայլն է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ունենալու ճանապարհին:

Արտահերթ ելույթում Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս կարեւորեց տասնամյա ճանապարհ անցած այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ոչ միայն բխում է մեր ստանձնած միջազգային պարտավորություններից, այլ նախ եւ առաջ պետք է մեր հասարակությանն ու երկրին: Կանանց ներուժը, Աժ փոխնախագահի բնորոշմամբ, մեծ է եւ որակյալ, նրանց գերակշիռ մասն ունի բարձրագույն կրթություն, եւ շռայլություն կլիներ չօգտագործել այդ ուժը, չուղղորդել այն երկրի կայացմանը: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց հեղինակներին մեծ աշխատանքի համար, նաեւ ողջունեց հասարակական սեկտորին աշխատանքներում ներգրավելու աշատաոճը: Բանախոսի գնահատմամբ՝ օրենքը կամքի հռչակագրումն է, բայց այն պետք է ապահովված լինի նաեւ գործուն մեխանիզմներով: Այստեղ ԱԺ փոխնախագահը դեռ անելիքներ է տեսնում: Նա նաեւ մատնանշեց առաջարկներ, որոնք օգտակար կլիներ ընդունել:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագծին կողմ կքվեարկի, սակայն այն համարում է հռչակագրային եւ գործուն մեխանիզմներից զուրկ: Պատգամավորը դեմ է պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին՝ համարելով, որ սեռերի իրավահավասարությունը պետք է նախ արմատավորվի ազգային մտածելակերպով: Այդուհանդերձ, եթե այս օրենքը կդառնա այդ մտածելակերպի փոփոխման հիմք, պատագամավորը կողմ է նաեւ այս տաբերակին: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախագծում արտացոլված չեն հասարակական կազմակերպություններից ստացված մի շարք առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում կառավարության ներկայացուցիչն ասաց, որ, ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, ընտրել են ամենալավ տարբերակը, որը հետագայում հնարավոր է բարելավել: Նրա խոսքերով՝ սա լուրջ իրավական հիմք է՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը եւս փոփոխությունների են ենթարկվել առաջին ընթերցումից հետո: Առաջարկներ է ներկայացրել նաեւ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթում հիմնավորեց դրանց ընդունման անհաժեշտությունը: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը նշեց, որ առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:

Տնտեսական հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, ինչի մասին հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա դրական գնահատեց նաեւ հաջորդ՝ «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» պատգամավոր Հակոբ Հակոբյանի նախաձեռնությունը՝ կրկին երկրորդ ընթերցման ներկայացված:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Կառավարությունն առաջարկում է այս կանոնագիրքը համապատասխանեցնել կարգապահական կանոնագրքին, որում «կարգապահական մեկուսացում» տույժը փոխարինվել էր «կարգապահական վաշտ ուղարկել» տույժով: Նախագծով նաեւ ամրագրվում են զինված ուժերում ներդրված սպա-հոգեբանի եւ հրամանատարի՝ հրետանու գծով օգնականի գործառույթները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կարեւորելով զինված ուժերում սպա-հոգեբանի եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի (տեղակալի) ինստիտուտների ներդրումը: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկումները եւ լրամշակել օրինագիծը, գտնել ընդունելի լուծումներ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ՝ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի պետական կրթական չափորոշիչներում ներառել ռազմական կրթական ծրագրերը, ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների` կուրսանտների եւ ունկնդիրների կարգավիճակը, ռազմաուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրի մակարդակը, ուսուցման ժամկետները, լրացուցիչ կրթության շրջանակներում ռազմական կրթության ապահովման հնարավորությունները, ռազմաուսումնական հաստատությունների կառավարման ոլորտի առանձնահատկությունները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է նշված կանոնագրքի դրույթները «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի համահեղինակ Արմեն Բաբայանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կատարել խմբագրական փոփոխություն, որպեսզի հանրապետության բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջանների բնակիչները կարողանան օգտվել օրենքով իրենց համար սանմանված կրթական արտոնություններից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ այս փոփոխության վերաբերյալ եւս հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացվեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակել էին պատգամավորներ Արմեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը: Ըստ հեղինակների՝ գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից է ճյուղում օգտագործվող բարձր բերքատու պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ սերմերի դժվարամատչելիությունը: Դա հիմնականում վերաբերում է ներմուծվող ռեսուրսներին: Գյուղատնտեսությունում օգտագործվող նշված ռեսուրսների բարձր գների պատճառով դրանք մատչելի չեն գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար, որը բացասաբար է անդրադառնում ճյուղի արտադրողունակության եւ մրցունակության վրա:

Հանրապետության պտղաբուծության եւ խաղողագործության ճյուղի զարգացման եւ արդյունավետության բարձրացման հիմնական նախադրյալներից է բարձրորակ պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների եւ տնկիների օգտագործումը: Վերջինս պահանջում է նշված տնկիների եւ արմատակալների մեծածավալ ներկրումներ, սակայն դրանց իրացումից գանձվում է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք, որը զգալիորեն բարձրացնում է այդ ռեսուրսների գները:

Ըստ հեղինակների՝ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի չգանձումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռք բերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի մշակումը պայմանավորված է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու եւ ազգային օրենսդրությունն աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, օրինագծի ընդունումը բխում է «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» ԱՊՀ երկրների միջեւ 1994թ. ապրիլի 15-ին կնքված միջպետական համաձայնագրի դրույթներից, ըստ որի՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ են համարվում նաեւ նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս՝ վիրավորվելու, կոնտուզիաների եւ ստացած վնասվածքների հետեւանքով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով: Նախարարը նշեց, որ օրինագծի ընդունմամբ կպահպանվեն նախկինում սահմանված կենսաթոշակների չափերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ 2000 թ-ից իրականացվում է բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործընթացը: Վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` վարկառուները դժվարանում են սահմանված ժամկետում մարել ստացած վարկը: Պատճառները հիմնականում կապված են վարկառուների սոցիալական վիճակի հետ:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում, վարկերը կտրամադրեն առեւտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթեւացնի քաղաքացու վարկային բեռը: Վարկը տրամադրվում է բնակարան ձեռք բերելու, նոր տուն կառուցելու կամ վթարային բնակարանը վերականգնելու համար՝ 25 տարի ժամկետով, տարին 1 տոկոսով, մինչեւ 5 մլն դրամի չափով:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի դրական տեսակետը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրեց, որ, ըստ նախագծի, պետությունն իր քաղաքացիներին դատի չի ուզում տալ, բայց թույլատրում է դա անել առեւտրային բանկերին: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ սա հարցի լուծում չէ, ավելին՝ ազնիվ չէ: Նա առաջարկեց հարցի լուծման արդյունավետ տարբերակ գտնել եւ այնպիսի լուծում տալ, որը կբխի ժողովրդի շահերից:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը եւ Խոսրով Հարությունյանը: Նրանք նույնպես անընդունելի համարեցին հարցի նման լուծումը եւ առաջարկեցին գտնել այնպիսի ձեւ, որը բռնադատվածներին զերծ կպահի առեւտրային բանկերի հետ գործարքների քաղաքականությունից եւ միաժամանակ կլուծի խնդիրը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեցին նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում հանգամանալից քննարկել հարցը եւ հաշվի առնելով առաջարկները՝ գտնել առավել արդյունավետ լուծում:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 5-ին:


04.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը փետրվարի 4-ին հանդիպեցին Բահրեյնի Թագավորության խորհդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ: Ողջունելով հյուր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am