National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.12.2012
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին հրավիրել էր արտահերթ նստաշրջան՝ գործադիրի սահմանած օրակարգով:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկումներից առաջ ներկայացրեց եւ շնորհավորեց թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներից արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած՝ Ռոբերտ Սարգսյանին եւ Արման Սահակյանին:

Խորհրդարանն ընդունեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգ, ինչպես նաեւ օրենքների ընդունման հատուկ կարգ: Նաեւ՝ քվեարկություն կազմակերպեց մի շարք օրինագծերի վերաբերյալ՝ ընդունելով դրանք առաջին ընթերցմամբ:

Կառավարությունը նստաշրջանի օրակարգում ներառել էր երկու միջազգային համաձայնագիր: Դրանցից առաջինը փոփոխություն էր նախատեսում «Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրում: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հիմնավորեց, որ բանկի կառավարիչների խորհուրդը, վնասներից ու ռիսկերից խուսափելու համար, նպատակահարմար է գտել բանկի հաշվարկային միավոր ճանաչել եվրոն: Ներկայում որպես այդպիսի միավոր է դիտարկվում Հատուկ փոխառության իրավունքը, սակայն բանկի գործարքների գերակշիռ մասն իրականացվում է եվրոյով եւ դոլարով: Այս տարբերությունը փոխարժեքի տատանման ժամանակ հանգեցնում է ֆինանսական կորուստների, ինչով պայմանավորված էլ առաջարկվող փոփոխությամբ կառավարիչների խորհուրդը կստանա բացառիկ իրավունք՝ փոփոխելու թե բանկի հաշվարկային միավորը, թե վերաբաշխելու կապիտալը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը օպերատիվ կառավարման առումով արդյունավետ համարեց նշված փոփոխությունը եւ պատգամավորներին առաջարկեց վավերացնել այն:

Հաջորդ համաձայնագիրը՝ «2009 թ. հոկտեմբերի 19-ին եւ 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նախատեսվում է միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական ստորաբաժանման առաքելությունը երկարաձգել մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 31-ը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համաձայնագրին տվել է դրական եզրակացություն. այս մասին հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նիստում ներկայացրեց իր եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած փոփոխություններն ու լրացումները՝ «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքում: ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում խորհրդարանի քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունն արտացոլելու եւ հավասարակշռություն ապահովելու նպատակով հեղինակներն առաջարկում են հանձնաժողովում որոշումներ կայացնելու նոր կարգ: Բանախոսի ներկայացմամբ՝ գործող օրենքի «ոչ ընդդիմադիր» եւ «ընդդիմադիր» եզրույթները փոխարինվել են նորով՝ համապատասխանաբար «իշխանական» եւ «ոչ իշխանական»՝ այսպիսով առավել ճշգրիտ դասակարգելով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, այդ թվում՝ որպես այլընտրանքային հանդես եկող: Գործող կարգով՝ հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Նախագծի ընդունման պարագայում որոշմների ու եզրակացությունների ընդունման պայման է դառնում նաեւ, որ կողմ քվեարկեն ոչ իշխանական եւ իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ: Համահեղինակի կարծիքով՝ էթիկայի հանձնաժողովը չպետք է լինի քաղաքական մարմին, խորհրդարանական խմբակցությունները պետք է կարողանան այստեղ քաղաքական հայացքները մի կողմ դնել:

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, իրենց հարցադրումներում չհամաձայնեցին հանձնաժողովում հավասարակշռություն հաստատելու՝ համահեղինակի ձեւակերպման հետ եւ առաջարկվող փոփոխությունը գնահատեցին ընդդիմության դեմ ուղղված: Պատգամավորները նաեւ մտահոգություն հայտնեցին, որ նախագիծը խորհրդարան է ներկայացվել արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ առանց նախնական քննարկումների:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրին իրենց տեսակետներն ու առաջարկները:

«ԲՀԿ» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է առաջարկվող փոփոխությանը, քանի որ դրանով խորհրդարանական մեծամասնությունը մեծամասնություն կունենա նաեւ էթիկայի հանձնաժողովում: «ՀԱԿ» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի համար եւս առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէր, քանի որ, ըստ նրա, դրանով կապահովվի խորհրդարանական մեծամասնության կողմից փոքրամասնության վերահսկողություն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում գործընկերներին կոչ արեց պահպանել կոռեկտություն եւ հարցը չքաղաքականացնել, խոսել միայն օրինագծի բովանդակությունից: Նա անհասկանալի համարեց այն մոտեցումը, ըստ որի՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է ավելի շատ իրավունքներ ունենա ԱԺ էթիկայի հանձնաժողովում, քան իշխանությունը: Ըստ նրա, քանի որ իշխանությունն ունի ավելի շատ պատասխանատվություն, ուստի դրանից ելնելով՝ իշխանության ներկայացուցիչները, ովքեր «ՀՀԿ» խմբակցությունից են, առաջարկել են այս փոփոխությունը:

«ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հակաժողովրդավարական որակելով նախագիծը, կարծիք հայտնեց, թե փորձ է արվում արհեստականորեն փոփոխել ուժերի հավասարակշռությունը: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ եթե ԱԺ որեւէ խմբակցությում չընդգրկված պատգամավորը չի կարող ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ լինել, նույն տրամաբանությամբ էլ՝ անկախ խմբակցությունը չպետք է անդամակցի հանձնաժողովին: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ պետք է լինեն նաեւ անկախ պատգամավորները: Հանձնաժողովում որպես հավասարակշռության ապահովման տարբերակ նա առաջարկեց, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվի նաեւ մեկ անկախ պատգամավոր: Ըստ նրա՝ անկախ պատգամավորը կաշկանդված չի լինի քաղաքական դիրքորոշմամբ, ուժերն էլ կհավասարակշռվեն: «ԲՀԿ» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի դիրքորոշումը եւս բացասական էր: Նա առաջարկեց կամ շրջանառությունից հանել նախագիծը, կամ այն քննարկել ԱԺ խմբակցություններում, այնուհետեւ ներկայացնել քննարկման: «ՀՅԴ» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով՝ նախագիծը հապճեպ է ներկայացված: Նա եւս առաջարկեց ետ վերցնել նախագիծը, լրամշակել եւ ներկայացնել ընդունելի լուծումներ: «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ նախագիծը հապճեպ չի ներկայացվել, հակառակը, ուշացած է: Անդրադառնալով Աժ խմբակցություններին, որոնցից երկուսը իշխանական խմբակցություններ են, երեքը՝ ընդդիմադիր, իսկ մեկը ոչ իշխանական է ոչ ընդդիմադիր, նա նկատեց, որ վերջին խմբակցությունը կարող է դոմինանտ եւ վճռորոշ դերակատարություն կատարել ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության ընթացքում: Պատգամավորի կարծիքով, սա նորմալ երեւույթ չէ, ուստի անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություն: «ՕԵԿ» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ դրական կարծիք ունի ներկայացված օրինագծի վերաբերյալ, քանի որ այն միտված է կարգավորելու չլուծված հարցերը: «ՀՅԴ» խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի տեսակետը օրենսդրական փոփոխության վերաբերյալ բացասական էր: Ըստ նրա՝ փոփոխությունը հեռահար նպատակներ ունի:

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա մինչ այդ հնչած ելույթների զգալի մասը քաղաքականացված ու անձնավորված համարեց, այն դեպքում, երբ խնդիրն իրավական դաշտում է, շատ ավելի առարկայական, ինչը կոնկրետ լուծումներ է պահանջում:

Ըստ նրա՝ էթիկայի հանձնաժողովը կոչված է քաղաքական մարմնի անդամների վարքագիծը կամ էթիկայի կանոնները քննարկել եւ ոչ թե քաղաքական հարցեր: Այդ հարթակում պետք է ոչ միայն հավասար ներկայացվածություն լինի, այլեւ հավասարակշռված քննարկումներ: Օրինագծի անհրաժեշտությունն էլ պայմանավորված է նրանով, որ էթիկայի հանձնաժողովը զերծ մնա քաղաքականացված խնդիրներից:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը՝ նկատելով, որ ավելի շատ մեծամասնությունն է քննարկվող հարցի մեջ քաղաքական ենթատեքստ դնում՝ դրանում մեղադրելով ընդդիմությանը: Նա հորդորեց քաղաքական մեծամասնությանը վերանայել իր մոտեցումները եւ չխոչընդոտել ժողովրդավարությանը՝ հակառակ դեպքում խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին: Նա ոչ կոալիցիոն խմբակցություններին առաջարկեց քննարկել էթիկայի հանձնաժողովում անդամ ունենալու խնդիրը, եթե քաղաքական մեծամասնությունը հետ չկանգնի իր որոշումից եւ ընդունի օրենքը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Նրա գնահատմամբ՝ իրական ժողովրդավարությունը հիմնված է հակակշիռների մեխանիզմի վրա. էթիկայի հանձնաժողովի ստեղծումը խորհրդարանում այս ուղղությամբ կատարված փոքրիկ քայլերից է, ինչին քաղաքական մեծամասնությունն այս նախագծով փորձում է վերջ դնել:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Նաիրա Զոհրաբյանը անընդունելի համարեց, որ առանց խմբակցություններում քննարկվելու հարցը ընդգրկվել է ՀՀ կառավարության ձեւավորած օրակարգում: Նրա գնահատմամբ՝ քաղաքական մեծամասնությունը փորձում է մյուս խմբակցություններին զրկել որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորությունից: Նա հորդորեց հետ վերցնել օրինագիծը, այլապես էթիկայի հանձնաժողովում կարող են մնալ միայն իշխանական խմբակցությունները:

Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության տեսակետը: Ըստ նրա՝ ընդդիմությունն իր ելույթներում փորձում է հարցն այնպես ներկայացնել, կարծես խախտվում են իրենց իրավունքները: Այնինչ համաձայնության սկզբունքը միայն կարող է գործել որոշումն ընդունելուց առաջ քննարկումների ու համաձայնություն ձեռք բերելու ճանապարհով: Այս նախագծով հենց հավասարակշռության հարցն է լուծվում՝ թույլ չտալով քաղաքականացնել հանձնաժողովի քննարկելիք օրակարգը: Նա հորդորեց օրինագիծը քննարկել միայն իրավական հարթության մեջ եւ զերծ մնալ շանտաժ պարունակող հայտարարություններից:

Եզրափակիչ ելույթում Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ ու բովանդակային քննարկումներ ծավալեցին եւ տարակուսանք հայտնեց ընդդիմադիր պատգամավորների ոչ կառուցողական դիրքորոշման ու փաստերը խեղաթյուրելու համար: Ըստ նրա՝ անհասկանալի է, երբ ընդդիմությունը փորձում է քաղաքական մեծամասնությանը պարտադրել իր կարծիքը, անընդունելի է, երբ առաջարկում է ԲՀԿ-ին հստակեցնել իր դիրքորոշումը՝ ըննդդիմադի՞ր, թե իշխանական թեւում է, որպեսզի ընդգրկվի կամ չընդգրկվի հանձնաժողովում: Արփինե Հովհաննիսյանն անընդունելի համարեց նաեւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին հանձնաժողովում ընդգրկելու առաջարկը, ինչը հակասում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորման ոչ միայն կանոնակարգային դրույթին, այլեւ եվրոպական փորձին:

Թեեւ բանախոսը բոյկոտը քաղաքական պայքարի ձեւերից մեկը համարեց, բայց ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց այդ քայլն անելուց առաջ օբյեկտիվորեն հիմնավորել այն:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ խմբակցություններին առաջարկեց նախքան հաջորդ օրվա նիստն սկսելը հավաքվել եւ քննարկել հնչած առաջարկները՝ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի տեղեկացմամբ՝ մշակվել է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան եւ սահմանում է 2013-2015 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները:

Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը: Նշվածից զատ՝ համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի` եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` համաձայն առաջարկվող ժամանակացույցի:

Օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովը կշարունակի դեկտեմբերի 18-ի նիստում:


17.12.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 17-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմա...

17.12.2012
Դեկտեմբերի 17-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am