National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.7.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.07.2012
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ազգային ժողովում
1 / 3

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հուլիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այնուհետեւ  նիստերի դահլիճում  ԱԺ պատգամավորների առջեւ ողջյունի խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի  նախագահ Հովիկ Աբրահամյանը, ելույթով` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:

Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Եվրոպական խորհրդի մեծարգո նախագահ պարոն Վան Ռոմպոյ,

Հարգելի գործընկերներ,

Պատիվ ունեմ ողջունել Ձեզ` մեծարգո նախագահ, եւ Ձեր ղեկավարած Եվրոպական խորհրդի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Նախեւառաջ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ` պարոն նախագահ, Հայաստան այցելելու որոշման, ինչպես նաեւ Ազգային ժողովում ելույթով հանդես գալու նախաձեռնության համար: Մեզ համար մեծ պատիվ է, որ Արեւելյան գործընկերության անդամ-երկրներից Դուք առաջինը այցելում եք հենց Հայաստանի Հանրապետություն: Այս հանգամանքը վկայում է Հայաստանի  ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ մեր երկրում իրականացվող  ժողովրդավարական բարեփոխումները Եվրամիության կողմից ճանաչելու եւ խրախուսելու մասին:

Եվրոպական ուղղությունը, Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը  ՀՀ  արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս առումով գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու,  Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ,  եւ այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հայաստանը եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգացնելու ձգտումը վայելում է նաեւ համընդհանուր կոնսենսուս մեր հասարակությունում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը առանցքային դերակատարություն է ունեցել այդ գործընթացում, եւ մեր խորհրդարանի կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Մասնավորապես կցանկանայի նշել Ազգային ժողովի ընդունած նոր «Ընտրական օրենսգիրքը», որն արժանացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, ինչպես նաեւ  «Հավաքների ազատության մասին» օրենքը: Ըստ միջազգային կառույցների գնահատականների` այս երկու օրենքները կարեւորագույն ներդրում են ունեցել մեր երիտասարդ հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու գործում: Մեզ հաջողվեց իրականացնել  եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որոնց արդյունքում  ձեւավորվեց Հայաստանի քաղաքական դաշտը առավելագույնս ներկայացնող խորհրդարան: Վստահ եմ, որ այս հանգամանքը կնպաստի պառլամենտարիզմի նոր մշակույթ ձեւավորելուն եւ Ազգային ժողովը բազմակարծության իրական ամբիոն դարձնելուն:

Հայաստանի օրենսդիր մարմինը կարեւոր դեր խաղաց նաեւ Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ բանակցություններ սկսելու հարցում:

Հայաստանի Հանրապետությունը առաջինն էր, որ հավանության արժանացրեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ստեղծման գաղափարը, որն ի սկզբանե Հայաստանի կողմից դիտվել է որպես ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, այլեւ փոխվստահության մթնոլորտ ու տարածաշրջանային լիարժեք համագործակցություն հաստատելու կարեւորագույն հարթակ:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիությանը Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը կշարունակվի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մակարդակներով:

Մեր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ Եվրամիության հավասարակշռված քաղաքականության ձեւավորման հարցում, հարգելի պարոն նախագահ, մենք  հատկապես  կարեւորում ենք Ձեր անձնական ներդրումը: Դուք, ունենալով փորձառու  պետական գործչի եւ հմուտ բանակցողի բարի համբավ, կարողանում եք հարթել Եվրամիության առջեւ ծառացած խնդիրները եւ հաջողությամբ դիմակայել մարտահրավերներին:

Վստահ եմ, որ Ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում»:

Իր ելույթում  Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը նշեց.

«Պարոն նախագահ, պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք:

Ինձ համար այսօր մեծ հաճույք ու պատիվ է Երեւանում գտնվելը: Հայաստանը շատ մեծ ներդրում է ունեցել Եվրոպայի պատմության եւ մշակույթի մեջ, հայկական ազդեցությունը շատ ծանոթ է բոլոր եվրոպացիներին` անկախ նրանից`  բախտ վիճակվել է նրանց լինել Հայաստանում, թե` ոչ: Համոզված եմ, որ ընդհանուր ապագա նույնպես ունենք: Որպես անձ, ես միշտ հիացել են  ձեր երկրի հարուստ պատմությամբ: Որպես ամենահին քրիստոնյա ազգ` ունեք սքանչելի եկեղեցիներ եւ վանքեր: Ինձ համար պատիվ է խոսք ուղղել Հայաստանի խորհրդարանին, որը ներկայացնում է ողջ հայ հասարակությունն իր ամբողջ բազմազանությամբ: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօր այստեղ գտնվելու հրավերի համար, թեպետ այս պահին նստաշրջան չի ընթանում: Ուղղակիորեն պատգամավորների հետ  մեր հարաբերությունների այս փուլում շփվելը շատ արժեքավոր է ինձ համար, եւ թույլ տվեք երաշխավորել եւ հայտնել ձեզ, որ այստեղ եկել եմ նաեւ լսելու եւ սովորելու:

Պետք է նշեմ, պարոն նախագահ, որ շատ ճիշտ եւ պատեհ պահի եմ գտնվում այս սրահում. խորհրդարանը  նոր մանդատ է ստացել` բարեփոխումներ իրականացնելու, ինչը շատ կարեւոր է երկրի ու տարածաշրջանի համար: Եվ նվիրումը  բարեփոխումներին հիմնված է առանցքային արժեքների վրա, որ ընդհանուր է մեզ համար, եւ սա շատ կարեւոր ազդակ է հույսի եւ փոփոխության: Հույսի  եւ փոփոխության, որի համար դուք ունեք մեր լիարժեք աջակցությունը:

Պարոն նախագահ, հարգարժան պատգամավորներ, մեր հարաբերությունները խորացնելու հարցում ելնում ենք ընդհանուր արժեքներից ու հավակնություններից: Եվրոպան Հայաստանին դիտում է որպես հիմնական  գործընկեր միջազգային  խաղաղություն եւ  անվտանգություն ապահովելու գործում, գործուն մուլտիրատերալիզմ ապահովելու  եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում` ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ձեւաչափերով: Կուզենայի սկսել խոսքս հենց այս մտայնությամբ. այն հավակնությունները, որ ունենք  Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցում, կարդարացվեն միայն այն դեպքում, երբ հիմնված լինեն խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: Իրավիճակը տարածաշրջանում  շատ լուրջ մարտահրավեր  է ներկայացնում: Ղարաբաղյան հակամարտության  կարգավորումը այս երկրի, այս տարածաշրջանի ահռելի ներուժը կյանքի կոչելու հիմնական գրավականներից ու նախապայմաններից է: Բայց որպեսզի այս դռները բացվեն,  շատ բան կախված է կամքի առկայությունից, ոչ միայն քաղաքական գործիչներից, այլ նաեւ քաղաքացիներից, ովքեր համատեղ պետք է դժվար որոշումներ կայացնեն, միասին աշխատեն` պոպուլիստական հռետորաբանությունից փորձելով զերծ մնալ: Եվրոպայի կայացման նախաձեռնությունը ծնվեց այն գաղափարից, որ մենք մեր  պատմության գերիներն այլեւս չենք լինի, կհաղթահարենք հակամարտության սպիները եւ վերքերը եւ նախկին  թշնամիներ լինելով` համատեղ ապագա կստեղծենք: Եվրոպան կառուցելն սկսեցինք փոքր, կառավարելի քայլերից: Ամենաառաջին քայլն այն էր, որ նախկինում ոխերիմ թշնամիները որոշեցին համախմբել ածուխի եւ պողպատի մեր արտադրությունը. այս  ապրանքներով էր սնվում պատերազմական մեքենան նախկինում:  Քայլ առ քայլ մեր  մայրցամաքում  երկրների հասարակությունները մերձեցան: Եւ այն երկրները, որ նախկինում դարեր շարունակ պայքարում ու պատերազմում էին միմյանց դեմ, սկսեցին միասին հանդես գալ: Յուրաքանչուր փուլն այս ճանապարհի հարուստ էր իր ուրույն մարտահրավերներով: Կան մարտահրավերներ նաեւ հիմա, բայց անհերքելիորեն կարող ենք նշել` այս ճանապարհով է, որ Եվրոպա մայրցամաքում հասանք բարեկեցության եւ խաղաղության: 
  
Ասեմ, որ ԵՄ-ն  նախ եւ առաջ  արժեքների հանրություն է: Արժեքների, որ , ըստ մեզ, արժե պաշտպանել ու կիսել: Հայաստանը մի գործընկեր է, որ  ցանկանում է որդեգրել այս արժեքները: Այն սերտ ասոցացումը, որի ուղղությամբ աշխատում ենք, անմիջականորեն կապված է այս հավակնությանը եւ մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի վրա` համագործակցությունը քաղաքացիների համար ավելի տեսանելի ու զգալի դարձնելով:  Եվրոպան համախմբելը, միավորելը երբեք հեշտ գործ չէր կարող լինել: Ճանապարհին խնդիրներ են եղել, հարթել ենք երկխոսության, կոնսենսուսի, փոխզիջումների ու  քաղաքական կամքի շնորհիվ: Երբեմն սխալներ ենք գործել: Ներկայիս տնտեսական եւ ֆինանսական  ճգնաժամը եվրոպական ինտեգրման պատմության միգուցե ամենադժվար պահերից  մեկն է: Բայց եթե հաջողվի վճռականությամբ անցնել այս փուլը` հաշվետվողականության եղանակով, ավելի ուժեղացած դուրս կգանք: Անելիքները դեռ շատ են, բայց մենք պատրաստ ենք շարունակելու աշխատել եւ կայացնել ապագայի հիմքերը:  Համակարգային խնդիրներ ունի Եվրոպայի  տնտեսական եւ դրամավարկային միությունը, եւ մենք ջանում ենք անել այնպես, որ այն լինի անվտանգ, կայուն ու ապահով: Ընթացքում դասեր ենք քաղում ֆիսկալ կարգապահության, կառուցվածքային բարեփոխումների եւ խորը ինտեգրման մասին:

Պարոն նախագահ, Հայաստանը մտադիր է խորացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, եւ մեզ համար սա ողջունելի է: Ձեր չափանիշներն ու նորմերը եվրոպականին մերձեցնելու-մոտարկելու ցանկությունը Հայաստանի կողմից կատարված ռազմավարական, ստրատեգիկ ընտրություն է , եւ  այս ընտրությունը  մեր համաձայնագրի  առանցքում է:  Համոզված եմ, որ  շատ ամուր հիմքեր ունենք համագործակցության համար. թարմացված հարեւանության քաղաքակությունը  ունի հստակ նպատակներ` ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին ժողովրդավարության կայացման գործում, ինչպես նաեւ օգնել առավել ներառական եւ արդյունավետ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու: Սա մեզ բերում է այն սկզբունքին, որ մենք անվանում ենք  «ավելին ավելիի դիմաց»: Կուզենայի շեշտել, որ Հայաստանը շատ օգուտներ ունի քաղելու այս սկզբունքից:  Արեւելյան  գործընկերության  հիմքում ընկած է երկուստեք եւ համատեղ հանձնառություն` պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ապահովել հիմնարար արժեքները,  զարգացնել շուկայական տնտեսությունը եւ  կառավարումը: Ինչքան մեծ լինեն հավակնություններն ու ձեռքբերումներն այս բարեփոխումների ուղղությամբ, այնքան մեծ կլինի ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը` «ավելին ավելիի դիմաց»: Մեր հարաբերությունները համագործակցության նոր մակարդակի վրա դուրս բերելու համար  կարիք չկա խրթին կամ բարդ քաղաքականութուն կամ օրակարգեր մշակել: Ունենք անելիքներ, համատեղ աշխատանք, եւ  մեր ուղին արդեն իսկ հստակ ուրվագծված է մեր համաձայնագրերում եւ գործիքներով: Ուրախ եմ, որ մասնավորապես ասոցացման համաձայնագրի բանակցություններն իր խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման  բաղադրիչով շատ լավ առաջ են շարժվում, նույնը կարելի է ասել նաեւ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին: Մեր անլիքները կպահանջեն ջանք, համբերություն եւ հանձնառություն, որպեսզի այս ամենը ստանա այն քաղաքական ճանաչումը, որին արժանի է: Մենք կարիք ունենք ջատագովների, ովքեր գործն առաջ կտանեն, եւ ինձ թվում է, որ այս շենքում է, որ ջատագովներ կհայտնվեն եւ կան: Միեւնույն ժամանակ քաղաքացիները եւ քաղհասարակության կառույցները, արհմիությունները եւ, իհարկե, մամուլը նույնպես կարող են կարեւոր դերակատարում ունենալ բարեփոխումներն առաջ տանելու գործում: Բարեփոխումները, որ  համահունչ են պահանջներին եւ հարատեւ կլինեն:

Պարոն նախագահ, թույլ տվեք օրինակով ցույց տալ, թե ինչ նկատի ունեի, երբ ասում էի` մենք համատեղ անելիքներ ունենք ապագայում: Հայաստանի  ներքին զարգացումներին, նաեւ վերջին զեկույցներին եւ երկկողմ հարաբերությունների առաջընթացին ծանոթանալով` առաջին իմ դիտարկումը կատարում եմ ժողովրդավարության վերաբերյալ: Մայիսի 6-ի ընտրությունները  ցույց տվեցին առաջընթաց առավել թափանցիկ եւ մրցակցային ընտրական համակարգ կայացնելու  ուղղությամբ: Կարեւոր քայլ էր սա,  կուզենայի հորդորել, որ Հայաստանը շարունակի ընթացքն այս ճանապարհով` զարգացնելով ժողովրդավարական կառույցները, ամրացնելով դրանք, զարգացնելով թափանցիկությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը:  Միեւնույն ժամանակ կան մի շարք հարցեր, որոնք վկայում են ընտրական համակարգը էլ ավելի բարեփոխելու մասին: Արժեքավոր աշխատանք է կատարվել դիտորդների կողմից, ինչպես նշված է ԵԱՀԿ-ի, ԺՀՄԻԳ-ի երզրափակիչ հաշվետվության մեջ: Եւ  համոզված եմ, որ այնտեղ նշված խնդիրները լուծում կգտնեն մինչեւ նախագահական ընտրություններ: Հաջորդ դիտարկումը վերաբերում է հիմնարար կամ արմատական բարեփոխումներին. մի բան, որ պետք է մեր քաղաքական ասոցացումը լիարժեքորեն իրականացնելու համար: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի նվաճումները մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ասպարեզում, բայց կան կարեւոր ոլորտներ` խոսքի ազատություն, մամուլ, հեռարձակում, խղճի ազատություն, խտրականության վերացում, որտեղ դեռ կան անելիքներ, եւ արժե, որ համատեղ աշխատենք` համաձայնեցված առաջնահերթությունների ոլորտներում` արդարադատության համակարգ, մարդու իրավունքներ, լրատվամիջոցներ եւ միջուկային էներգետիկա:
Պարոն նախագահ, ես լիահույս եմ, որ Հայաստանը կշարունակի իրական բարեփոխումներ իրականացնելու իր ճանապարհը: Կարող եք ապավինել մեր աջակցությանը. հենց սա էլ ուզում էի ասել այսօր: Մեր հանձնառությունը եւ մեր պատրաստակամությունը անկեղծ են եւ մնայուն: «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համապատասխան` Հայաստանի` ճիշտ ուղղությամբ քայլեր կատարելուն պես մենք կընդլայնենք եւ կավելացնենք մեր աջակցությունը:

Եզրափակելով խոսքս` անդրադառնամ տարածաշրջանային  համատեքստին: Արեւելյան գործընկերության օգուտները հնարավոր չէ լիարժեքորեն քաղել, եթե չլինի կայունություն. կայունություն  հարեւանների միջեւ  հարաբերություններում` եւ միջնաժամկետ, եւ հեռանկարային նպատակների իրագործմամբ: Գործը առաջ չի գնա, եթե շարունակաբար հակամարտության սպառնալիք լինի  տարածաշրջանում, բայց թույլ տվեք  նշել, սա իրականություն է, եւ այս իրականության հետ ինչ որ բան պետք է անել: Եվրամիությունը կշարունակի պնդել,  որ Հայաստանը եւ Ադրբեջանը զարկ տան իրենց ջանքերին` ընդհանուր համաձայնության գալու  ուղղությամբ: Մադրիդյան սկզբունքները շարունակում են արժեքավոր հիմք  ծառայել խաղաղություն հաստատելու համար` համաձայն այն հանձնառությունների, որ ստնաձնել են երկու երկրների նախագահները Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, այսինքն` Մինսկի խմբի համանախագահների առջեւ: Եւ մենք կշարունակենք հայցել առանց որեւէ նախապայմանների ազատ մատույցները դեպի Լեռնային Ղարաբաղ եւ շրջապատող տարածքներ Եվրամիության համար:

Պարոն նախագահ, շատ մեծ մտահոգությամբ տեղեկացա վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա տեղի ունեցած լուրջ միջադեպերի մասին: Եւ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել, եւ դրանց հետ կապված հնարավոր չէ որեւէ բան անել: Միեւնույն ժամանակ  հարկ է խոսել սրանց մասին, հրապարակավ խոսել, որպեսզի չզարգանան դրանք, չստանան բացասական ու անցանկալի զարգացումներ:  Մինսկի խմբի համանախագահները եւ նրանց ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորմանը, ունեն մեր լիակատար աջակցությունը: Եւ մենք կարող ենք  լրացուցիչ աջակցություն տրամադրել  վստահության կայացմանն ուղղված միջոցառումների տեսքով: Եւ երբ հաաստատվի խաղաղություն, կօգնենք վերականգնողական  աշխատանքում:

Երկու բառով անդրադառնամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Ակնհայտորեն  այս հարաբերությունները շատ մեծ նախապատմություն եւ պատմություն ունեն, ես այդ պատմությունից քաջատեղյակ եմ: ԵՄ-ն շարունակում է հորդորել երկու կողմերին էլ շարունակել նվիրում ցուցաբերել հարաբերությունների երկկողմանի կարգավորմանը` առանց որեւէ նախապայմանի: Համոզված եմ, որ այս հարաբերությունների նորմալացումը մեր  ընդհանուր հարեւանի ու ԵՄ թեկնածուի հետ շատ դրական նպաստ կբերի խաղաղության, կայունության եւ համագործակցության զարգացման ուղղությամբ Հարավային Կովկասում:

Պարոն նախագահ, հարգարժան պատգամավորներ:

Բարեկեցության ճանապարհը, կայուն զարգացման եւ անվտանգության ճանապարհը  իրական բարեփոխումներրի ու ժողովրդավարության, խաղաղության  ճանապարհ է, եւ տարածաշրջանային հակամարտության կարգավորման առաջընթացը  դրական ազդեցություն կունենա  Հայաստանի աճի, ներդրումային ներուժի վրա, նպաստավոր կլինի նաեւ տարածաշրջանի համար եւ թույլ կտա այս երկրին վայելել բարեփոխումների պտուղները: Սրա համար պետք է վստահություն, առանց վստահության չի լինի խաղաղություն, իսկ վստահությունը կախված կլինի երկու կողմերի առաջնահերթություններից, փոխզիջումների գնալու պատրաստակամությունից: Յուրաքանչյուր փոքր քայլ այս ուղղությամբ կմոտեցնի  կայուն եւ բարգավաճ ապագան ամբողջ այս տարածաշրջանում, մի բան, որին արժանի են այս տարածաշրջանի քաղաքացիները:

Պարոն նախագահ, համոզված եմ, որ Ձեր վճռականությունը եւ այս խորհրդարանի վճռականությունը կարող են ճանապարհ հարթել դեպի ավելի պայծառ ապագա: Հայաստանի քաղաքացիները` ձեր օգտին իրենց քվեները տված կանայք եւ տղամարդիկ,  ձեզանից ավելի քիչ բան չեն կարող ակնկալել»:
 
 


04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո 5-րդ անգամ կանցկացվի ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոն,...

04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը տարածաշրջան եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է անմիջականորե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am