National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.06.2012
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպեց ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
1 / 4

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով պատվիրակության այցը տարածաշրջան, բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության եւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակություն ունեցող կազմակերպության դերը: Պատգամավորը հույս հայտնեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահին հնարավորություն կտա էլ ավելի ամբողջական պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպման ընթացքում խոսեց ԼՂ հակամարտության մասին` այն մի քանի առումներով մտահոգիչ համարելով: Նախ, որ վերջին դեպքերը տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ու նաեւ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրերին: Վարդան Օսկանյանի կարծիքով` սա  Ադրբեջանի կողմից հատուկ էր արված եւ որոշակի ուղերձ էր: Ըստ նրա` ադրբեջանական կողմը ցանկանում  է ասել, որ իրենք «հիասթափված են» բանակցային գործընթացից եւ հարցն ուզում են լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ  հիասթափությունը հենց իրենց պատճառով է. բանակցությունների ընթացքում այնպիսի պահանջներ են դնում, որոնք ծայրահեղական են ու անիրականանալի»,- նկատեց պատգամավորը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին  եւ կիսելով նախորդ բանախոսի տեսակետը,  անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ն դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ԵԱՀԿ-ն ոչ միայն անվտանգության, այլեւ ժողովրդավարացման գործում մեծ դերակատարություն ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման գործում: Նա ԵԱՀԿ-ի ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված խմբավորումների նախաձեռնած գործողություններին, որոնք ուղեկցվում են զոհերով: Պատգամավորն անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ի մոտեցումները լինեն հստակ եւ կոնկրետ:

Խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների, ժողովրդավարական գործընթացների առնչությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահն արձագանքեց բարձրացված հարցերին: «Այն, ինչ ասում եմ այսօր Երեւանում, ասելու եմ վաղը Բաքվում. Լեռնային Ղարաբաղի  համակարտության ռազմական որեւէ  լուծում չի լինելու», -ընդգծեց նա:  Պրն. Գիլմորի խոսքերով` իրենց համար մերժելի է ուժի կիրառումը. հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր  առաքելությունն իրականացնելու  եւ երեք հիմնական սկզբունքներն առաջ տանելու համար: Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության  եւ ուժի չկիրառման սկզբունքները, նրա համոզմամբ, անբաժանելի են: ԵԱՀԿ գործող  նախագահի գնահատմամբ` պետք է վերջ դրվեն թե սահմանային միջադեպերին, թե դիպուկահարների գործողություններին: «Պետք է մեխանիզմներ գտնել այդ միջադեպերը հետաքննելու համար»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը`  հավելելով, որ ԼՂ հակամարտությունը գերխնդիր է թե ԵԱՀԿ-ի եւ թե իր համար` իր պաշտոնավարման տարիներին:

Ժողովրդավարական գործընթացների, խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով` Էմոն Գիլմորը նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ԵԽ-ի հետ համագործակցաբար պատրաստած զեկույցն առաջարկներ է պարունակում: «Հույս ունեմ, որ այնտեղ ընդգրկված առաջարկները իրականություն կդառնան»,-ասաց ԵԱՀԿ պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` իր ուշադրության կենտրոնում է ԶԼՄ-ների ազատությունը, ինչը քննարկվել է նաեւ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ: Պարոն Գիլմորը հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այս հարցում եւս: «ԵԱՀԿ-ն մշտապես աջակցում է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am