National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.05.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց թուրք լրագրողների
1 / 3

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 4-ին ընդունեց մի խումբ թուրք լրագրողների:

Գալուստ Սահակյանը կարեւորեց ճանաչողական նշանակություն ունեցող նման հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնեց պատասխանելու նրանց հարցերին:

Թուրք լրագրողները տեղեկացրին, որ պատվիրակության մեջ ընդգրկված են Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  Հայաստան են ժամանել «Հրանտ  Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ նպատակ ունեն աջակցելու Թուրքիայի ժողովրդավարացմանը,  հայ-թուրքական մերձեցմանն ու երկու ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատմանը: Նրանք արձանագրեցին, որ հաճելիորեն զարմացած են Երեւանի գեղեցկությամբ ու Հայաստանի զարգացման մակարդակով, եւ արդեն համոզվել են, որ Հայաստանի մասին նախկինում իրենց ունեցած տեղեկությունները ճշմարտությանը չեն համապատասխանում:

Լրագրողների այն հարցին, թե Հայաստանի համար առաջնայինը տնտեսական զարգացումն է արդյոք, եւ  ինչպես է պետությունը դիմակայում տնտեսական ճգնաժամին, պարոն Սահակյանն ասաց, որ թեեւ Հայաստանն էլ աշխարհի մյուս երկրների նման չի կարողացել խուսափել տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, բայց  երկրում իրականացված տնտեսական քաղաքականության շնորհիվ ճգնաժամը հաղթահարվել է, եւ Հայաստանն այսօր ունի 4,6 տոկոս տնտեսական աճ: Նրա գնահատմամբ` տնտեսության զարգացումը երկրի համար շատ կենսական ու կարեւոր նշանակություն ունի, քանի որ ժողովրդի բարեկեցությունը հիմնականում դրանով է պայմանավորված, բայց Հայաստանն ունի նաեւ ոչ պակաս կարեւոր երկու խնդիր. մեկը  աշխարհի եւ առաջին հերթին Թուրքիայի կողմից իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսը`  Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը: Ըստ նրա` երկուսն էլ ինքնանպատակ չեն, եւ երկրի ամրապնդման առումով շատ կարեւոր են. ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դեպքում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում կկանխվեն հակամարդկային նման երեւույթները, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը նրա ժողովրդի անվտանգության ու ազատ ապրելու երաշխիքն է: «Այսպիսով` Հայաստանի քաղաքական օրակարգում երկու կարեւոր խնդիր կա` երկրի ամրապնդումն ու նրա տնտեսական զարգացումը»,-նշեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ դրա հետ կապված արձանագրությունների ճակատագրին` պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու խնդիրը այսօր էլ կա քաղաքական օրակարգում, բայց դա չի նշանակում` Հայաստանը հանուն այդ խնդրի լուծման կարող է զիջումների գնալ իր համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում: Ստորագրված արձանագրությունները ոչ մի նախապայման չէին պարունակում երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու առումով, այնինչ Թուրքիան սկսեց շահարկել ղարաբաղյան հարցը` փորձելով առուվաճառքի տրամաբանությամբ առաջնորդվել, ինչը անընդունելի է Հայաստանի համար:

Անդրադառնալով ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մերժմանը` Գալուստ Սահակյանն ասաց. « Ի՞նչ է նշանակում քննել մի բան, որն ակնհայտ է.  քաղաքական շահարկումներն այս հարցում  անընդունելի են: Մենք կենդանի պատմություն ենք», - ասաց պարոն Սահակյանը` տեղեկացնելով, որ ցեղասպանության պատճառով իրենց մեծ գերդաստանից միայն հայրն է փրկվել:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցադրումներին` տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն շատ է կարեւորում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, քանզի դա է մարդու իրավունքների ու ազատությունների իրացման, երկրի կենսունակության ապահովման ու նրա զարգացման ամենակարեւոր գործիքը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց նաեւ լրագրողների մի շարք հարցերի եւս, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացման ու արտագաղթի կանխման ծրագրերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի անդամ երկրների ջանքերին, ՀՀԿ-ի որդեգրած քաղաքական առաջնահերթություններին ու առաջիկա ընտրություններում նրա հաղթելու հնարավորությանը, Հայաստանի ու Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am