National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
20.04.2012
Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի հավատն անսպառ է»
1 / 1

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին ընդունեց իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իռլանդացի լրագրողի ցուցաբերած հետաքրքրության համար` պարոն Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումներն ու ժողովրդի հետ անմիջական շփումները օբյեկտիվ պատկերացում կտան լրագրողին ու կբացառեն կողմնակալության որեւէ դրսեւորում:

Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին  տեղեկացրեց, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրեց ԱԺ փոխնախագահին իր գնահատականները  ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է` կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռեւս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:

Պարոն Շարմազանովը կարեւորեց, որ իռլանդացի լրագրողը անձամբ է եղել Լեռնային Ղարաբաղում եւ  ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին: Նրա խոսքերով` Արցախում ժողովուրդն ինքնորոշվել է, կառուցում է ժողովրդավարական հանրապետություն եւ  ԼՂ-ի անկախությունն այլընտրանք չունի: Մի քանի ամիս հետո Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ եթե հարգարժան հյուրը հնարավորություն ունենա ներկա գտնվելու, կտեսնի ժողովրդավարական ընտրություններ` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ գործում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու` քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված սկզբունքը:

Անդրադառնալով ԼՂ-ի հետ կապված տարածաշրջանային անվտանգության խնդրին` պարոն Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պատերազմ չեն ուզում: «Մեր տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբում համանախագահող երկրների կարծիքին: Մենք  բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը, իսկ այդ երկրի նախագահը ռասիզմ ու ատելություն է քարոզում իր ժողովրդին: Նման պարագայում պատերազմի վտանգը միշտ էլ կա: Բայց Հայաստանում ու Արցախում համոզված են, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի ռազմական գործողությունների, նա էլ կարժանանա նույն ճակատագրին, ինչ նրա նախորդ նախագահները, - ասաց ԱԺ փոխնախագահը եւ ապա ավելացրեց,- Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի` սեփական երկիր կառուցելու  հավատն անսպառ է»: Անդրադառնալով հարցի իրավական կարգավորման խնդրին` պարոն Շարմազանովը նշեց, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգայնորեն ընդունված է, եւ Լեռնային Ղարաբաղն էլ, թե ՄԱԿ-ի եւ թե նախկին Խորհրդային Միության օրենսդրության համաձայն, ինքնորոշվել է, ինչպես շատ հանրապետություններ:

Իռլանդացի լրագրողի  հարցին, թե ինչպես է ԱԺ փոխնախագահը գնահատում Ադրբեջանի ղեկավարության այն միտքը, թե Բաքվում Եվրատեսիլին հայերի չմասնակցելն արդեն խոսում է զիջումներին Հայաստանի պատրաստ չլինելու մասին, պարոն Շարմազանովը նկատեց. «Նախ` Հայաստանն ու Ադրբեջանը չեն կոնֆլիկտի կողմերը, այլ Ղարաբաղն ու Ադրբեջանը: Մյուս կողմից` հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու. խնդիրը պետք է լուծվի բանական փոխզիջումների արդյունքում: Մենք պնդում ենք, որ Արցախի անկախությանն այլընտրանք չպետք է լինի, Արցախին անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է տրվեն, եւ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային ընդհանուր սահման: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին ու Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կարծում եմ, որ Ալիեւը պետք է իմանա, որ երբեմն պետք է լռել եւ ոչ թե խոսել` հակասելով ինքն իրեն: Եթե Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին թշնամի է համարում, ինչպես կարող է այդ ժողովուրդը մասնակցել  միջոցառման մի երկրում, որտեղ հայերիս թշնամաբար պետք է ընդունեին»:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ վերջերս հայ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում մասնակցել է Եվրանեսթի նիստին, որտեղ Ալիեւը ցույց է տվել իր իրական դեմքը: Նա իր ելույթում, որտեղ, միջոցառման բնույթով պայմանավորված, չպետք է խոսք լիներ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի մասին, հայերին «ֆաշիստ» է անվանել: «Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ է արդյոք այդ մարդը բանակցությունների»,- հարցրեց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի խնդրանքով ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանում ոչ ժողովրդավարական դրսեւորումների մասին մամուլի հրապարակումներին` արձանագրելով, որ գնահատելի են բոլոր քննադատական ելույթները, որոնք օգնում են Հայաստանին` դառնալու ավելի ժողովրդավարական: Նա նշեց, որ Հայաստանը իր ընտրությունը կատարել է, որի մասին է խոսում նաեւ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկան: ԱԺ փոխնախագահը հյուրին ծանոթացրեց անցած հինգ տարիներին հանրապետությունում կատարված բարեփոխումներին, մամուլի ազատությանն ուղղված առաջընթաց քայլերին, եվրոպական կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, իշխանությունների` առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականությանը, բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի համար հավասար պայմաններ ստեղծելուն եւ  հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտին: «Մենք սա անում ենք ոչ թե Եվրոպային դուր գալու համար, այլ գիտակցում ենք, որ մեր երկրի զարգացման լավագույն ուղին ժողովրդավարությունն ու ազատությունն են, մեր ժողովրդի հավատն ու վստահությունը գալիքի հանդեպ».-նշեց ԱԺ փոխնախագահը:

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ու տնտեսական ազդեցության մեծացման վերաբերյալ իռլանդացի լրագրողի հարցին` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն անկախ երկիր է եւ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն` կարեւորելով եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի, եւ հարեւանների հետ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանն արտաքին քաղաքականություն է կառուցում ոչ թե «կամ…կամ», այլ «եւ…եւ» սկզբունքով: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ մեր երկրի անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, բայց Հայաստանը լուրջ ծրագրեր է իրականացնում նաեւ ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ուժերի կազմում մասնակցում տարբեր երկրներում իրականացվող խաղաղարար գործողություններին: Պարոն Շարմազանովի գնահատմամբ` այս հարցի հետ կապված սպառիչ պատասխան է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռաշը թդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը ռուսամետ, թե՞ եվրոպամետ քաղաքականություն է վարում, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հայաստանը միմիայն հայամետ քաղաքականություն է վարում»:

Պարոն Շարմազանովը պատասխանեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: Նա կարեւորեց  Իրանի խնդրի խաղաղ կարգավորումը` նկատելով, որ տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն սկիզբ կդնի բազում սպառնալիքների, այդ թվում` հումանիտար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am