National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.04.2012
ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հանդիպումները խորհրդարանում

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 12-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հետաքրքրվեց Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներից:

Կարեւորելով ընտրությունների անվտանգ եւ ապահով կազմակերպումը` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ընտրատեղամասերում արդեն փակցված են ընտրական ցուցակները, եւ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՕԵԿ-ը, ակտիվ ստուգումներ են իրականացնում ցուցակներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

Կարեւորելով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները` տիկին Բիշարյանը նշեց, որ այն ընտրություններն արդար եւ թափանցիկ անցկացնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս: Ըստ խմբակցության ղեկավարի` Ընտրական օրենսգրքում գուցե կան փոքր բացեր, սակայն դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների որակի վրա:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու` ինքը հետեւողական կլինի ընտրությունները թափանցիկ անցկացնելու հարցում:

Պատվիրակության ղեկավարի խնդրանքով տիկին Բիշարյանը անդրադարձավ ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի գործունեությանը` նշելով, որ խումբն ընտրական գործընթացների հետ կապված բոլոր խնդիրները պատրաստ է քննարկել, արձագանքել այն դրսեւորումներին, որոնք չեն բխի օրենսդրությունից:

Խմբակցության ղեկավարը կարեւորեց միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրությունների թափանցիկ անցկացման գործում: 
  
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից   հանդիպեցին ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության հետ միասին մասնակցող «Ազատ դեկոկրատներ» կուսակցության անդամներ Անուշ Սեդրակյանը եւ Արմեն Առաքելյանը:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տեղեկացրեց, որ  մայիսի 3-4-ը Հայաստան կժամանեն  30 հոգուց բաղկացած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները:

Բարոնուհու խնդրանքով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները  պատվիրակությանը ներկայացրեցին  ընտրական գործընթացներին առնչվող  եւ  իրենց մտահոգող հարցերը:

Մասնավորապես, ըստ Ստյոպա Սաֆարյանի` ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գտնվում են մրցակցային անհավասար դաշտում, քանի որ իշխանության ձեռքին են գտնվում վարչական  ռեսուրսները: Նրա կարծիքով` բարեգործության անվան տակ հատկապես գյուղական համայնքներում բաժանվում են  տարբեր նվերներ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը նշեց, թե  իրականացվում են, այսպես ասած` քողարկված ընտրակաշառքներ, երբ որոշակիորեն թանկ ապրանքը վաճառվում է համեմատաբար ցածր գնով:

Ըստ   «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ բուն ընտրությունների օրը տեղի են ունենում բռնարարքներ, ուռճացվում են ընտրական ցուցակները:

Անդրադառնալով  մեծամասնական համակարգով  կայանալիք  ընտրություններին` Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ այս դաշտում եւս ընդդիմադիր թեկնածուները հանդիպում են դժվարությունների: Դրանցից է, օրինակ, նախընտրական շտաբի համար տարածք վարձակալելու հարցը: Ըստ նրա` տարածքների տերերը հրաժարվում են դրանք վարձակալության հանձնել ընդդիմադիր թեկնածուներին:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը  կարծիք հայտնեց, որ նմանօրինակ խնդիրներ առկա են ողջ աշխարհում, ուստի այդ իմաստով  Հայաստանը բացառություն չէ:

Բարոնուհի Էմմա  Նիքոլսոնը  «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին խնդրեց գրավոր  իրեն տրամադրել ներկայացված մտահոգություններն ու   հարցերը, որպեսզի  մայիսին Հայաստան  ժամանող ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներն առավել հստակ պատկերացնեն բոլոր խնդիրները: 
  
ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ:

Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընտրություններին հետեւելու պատրաստակամություն հայտնած պատվիրակության անդամներին` հույս հայտնելով, որ նրանց դիտորդական առաքելությունը կհաջողվի ու արդյունավետ կլինի:

Վահան Հովհաննիսյանը, խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը ներկայացրին նախընտրական փուլի եւ բուն ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները:  Որոշ հանգամանքներով պայմանավորված` պատգամավորները վերապահումով են վերաբերվում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: Լիլիթ Գալստյանի կարծիքով` սոցիալ-տնտեսական վիճակը եւ աղքատության բարձր ցուցանիշը խոցելի են դարձնում քաղաքացուն ազատ ընտրելու եւ արտահայտվելու հարցում: Պատգամավորը պատճառներից մեկը համարեց  նաեւ քաղաքական մշակույթի բացակայությունը, երբ ընտրություն է կատարվում ոչ թե գաղափարախոսությունից ելնելով, այլ տարբեր չափանիշներով առաջնորդվելով: ՀՅԴ պատգամավորները մտավախություն հայտնեցին վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործման,  քարոզչական անհավասար պայմանների, անձնագրերի հավաքագրման` իրենց հասած լուրերի վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ընտրություններին վերաբերող այլ խնդիրների, խոսվեց միասնական շտաբ ձեւավորելու անհրաժեշտության եւ ջանքերը համատեղելով ընտրությունները վերահսկելու արդյունավետության մասին: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ  իրենց նախաձեռնած «Քվեն ուժ է» հասարակական շարժումը բաց է բոլորի համար եւ կարող է համագործակության լավ հարթակ դառնալ:  Այդուհանդերձ` ՀՅԴ-ն քաղաքական այլ ուժերի հետ համագործակցում է նաեւ երկու կառույցում` ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբում եւ ընդդիմադիր ուժերի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական շտաբում:

Խմբակցության անդամները կարեւորեցին դիտորդների երկարաժամկետ եւ մեծաքանակ ներկայությունն ընտրական փուլում` ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրություն անցկացնելու համար: 
  
ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպեցին Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց կուսակցության աշխատանքը թե քարոզարշավի նախապատրաստական փուլում, թե քարոզարշավի ընթացքում: Նա նշեց, որ ԲՀԿ-ն մասնակցում է ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը վերահսկող թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ ձեւավորված ձեւաչափի, թե ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի, թե պատգամավոր Դավիթ Հարությունյանի նախաձեռնության աշխատանքներին:

Անդրադարձ եղավ տարբեր քաղաքական ուժերին ու ԲՀԿ-ին մտահոգող ընտրացուցակների խնդրին, այդ առիթով մամուլում եղած հրապարակումներին, մեկ հասցեում մի քանի տասնյակից ավելի գրանցումներին, կրկնակի անձնագրերի վերաբերյալ հրապարակումներին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակները ԲՀԿ տարածքային կառույցներում մանրամասնորեն ճշգրտվում են հրապարակման օրվանից, որի վերաբերյալ միջազգային դիտորդներին համապարփակ տեղեկատվություն կներկայացվի աշխատանքն ամփոփելուց հետո:

Նույն օրը ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը հանդիպեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, քարտուղար Գագիկ Մելիքյանի, անդամներ Դավիթ Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Արտակ Զաքարյանի հետ:

Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ երկրում քաղաքական իրավիճակը կայուն է, հասարակության ակտիվությունն առաջիկա ընտրություններին գնալով նկատելի է դառնում: Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ քաղաքական բոլոր ուժերը տրամադրված են անցկացնելու լավ ընտրություններ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական հզոր ուժ, մեր ժողովրդի ու նրա ապագայի, երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար անում է ամեն ինչ ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու ուղղությամբ:

Կարեւորելով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները` Գալուստ Սահակյանը նշեց, որ այն ոչ միայն պետական կառույցներին է հնարավորություն տալիս վերահսկողություն իրականացնելու ընտրությունների պատշաճ  անցկացման նկատմամբ, այլ նաեւ քաղաքական բոլոր ուժերին: Խմբակցության ղեկավարն առավելություն է համարում նոր Ընտրական օրենսգրքով վստահված անձանց վերահսկողական ընդգրկուն մեխանիզմների տրման հնարավորությունը: Նա կարեւորեց միջազգային դիտորդական առաքելություների դերը եւ մոտեցումներն ընտրական գործընթացներում:

Պարոն Սահակյանն անդրադարձավ ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի աշխատանքներին, որում ընդգրկված են ընտրություններին մասնակից կուսակցություններ, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հետաքրքրվեց ընտրացուցակների ճշգրտությամբ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ցուցակները բաց են եւ հասանելի հանրության համար: Նա անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք ընտրական գործընթացները դարձրել են առավել թափանցիկ եւ հնարավորություն տվել անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ:
 
 


12.04.2012
Խորհրդարանի նիստը չկայացավ
Խորհրդարանի ապրիլի 12-ի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց եւս 3 ժամ: Ժամը 15.00-ին եւս քվորում չապահովվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիս...

12.04.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Ողջունելով դեսպանին  Ազգային ժողովում` պարոն Նիկոյանն անդրադարձավ երկկողմ  աշխույժ կապերին, կարեւորեց դրանց հետագա ակտիվացումն ու փո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am