National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.3.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.03.2012
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
1 / 14

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին:

Մինչ նիստի մեկնարկը պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին Անկախության հուշակոթողին:

Բացելով նիստը, ՌԴ Դաշնային խորհրդի  եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրեց այն կարեւոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում: Մասնավորապես նշվեց, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ  անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: ԱՊՀ ՄԽՎ-ն ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին: Նշվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունները ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում հետեւողականորեն քննարկել են այդ պայմանագրի օրենսդրական հարցերը, իսկ 2006 թվականից որոշում է կայացվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին:  ԱՊՀ ՄԽՎ կարեւորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր  մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաեւ անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում: Դրանցից կարեւորագույններից մեկն է 1994 թվականին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:

Նիստի ընթացքում ելույթներ ունեցան մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես ՍԾՏՀ ՄԽՎ  անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսք ասաց ԱԺ պատգամավոր,  ՍԾՏՀ ՄԽՎ  փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաեւ ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 22-24-ը Երեւանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:

 ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հոբելյանական նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել  Նիկոյանը:

Ելույթը ներկայացնում ենք ստորեւ. 
  
Հարգելի տիկին նախագահ

Հարգելի գործընկերներ

Տիկնայք եւ պարոնայք

Պատմական եւ ժամանակային առումով քսանամյակը մեծ ժամկետ չէ, սակայն մեր երկրների եւ ժողովուրդների,  Անկախ Պետությունների Համագործակցության համար ընդհանրապես այն նշանակալից   ժամանակահատված է:

Դեռեւս 20 տարի առաջ նոր կազմավորվող բոլոր անկախ պետությունների համար խիստ հրատապ եւ ընդհանրական խնդիր էր  ազգային որակական մի նոր օրենսդրական-իրավական համակարգի ստեղծումը: Ընդ որում,  մենք բոլորս հասկանում էինք, որ համապատասխան կադրերի ու անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում միայնակ դժվար կլինի  հաղթահարել այդ խնդիրը: Միաժամանակ հասկանալի էր, որ նման իրավական դաշտի ստեղծումը, որը կհամապատասխաներ նոր տնտեսական եւ քաղաքական իրողություններին, հումանիտար ամուր կապերի առկայության պայմաններում հնարավոր է միայն ԱՊՀ  երկրների խորհրդարանների ջանքերը միավորելով:

Հենց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ այն ասպարեզը, որտեղ, համատեղելով ընդհանուր հնարավորություններն ու  ներուժը, մենք կարողացանք արդյունավետ կերպով փոխգործակցել եւ համակարգված լուծել ծառացած խնդիրները:

Սկզբնական փուլում ԱՊՀ անդամ երկրների առանձնահատկությունների հաշվառումով համապատասխանեցված մոդելային օրենսդրությունը շատ մեծ նշանակություն ունեցավ:  Արդյունքն ակնհայտ է, երբ  գնահատում ենք ԱՊՀ երկրների օրենսդրական դաշտում իրականացված փոփոխությունների ծավալը, որն այսօր համահունչ է միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին: Այս առումով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել:

Բացի այդ` ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում մոդելային փաստաթղթերի նախագծերի մշակման ուղղությամբ կատարված  աշխատանքի շնորհիվ  օրենսդրական պրոֆեսիոնալ գործունեության մեծ փորձ կուտակվեց: Բացի դրանից` համատեղ աշխատանքը, հաճախակի հանդիպումները, գործընկերների անընդհատ շփումերը  նաեւ նպաստեցին Համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը, միջխորհրդարանական լայնածավալ գործունեության կազմակերպմանը:

Հարգելի գործընկերներ

Անարդարացի կլիներ հոբելյանական նիստում չնշել ԱՊՀ ՄԽՎ-ի խաղաղապահ առաքելությունը, չհիշել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ Բիշկեկի արձանագրության ստորագրման հարցում Վեհաժողովի կարեւոր ներդրման մասին, որի շնորհիվ 1994 թ. մայիսին հաջողվեց հրադադարի հասնել:

Հարգելի գործընկերներ

ՀՀ Ազգային ժողովն ակտիվորեն համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարանների հետ, անդամակցում միջազգային հեղինակավոր խորհրդարանական կազմակերպություններին: Այդ համատեքստում,  իհարկե, հատուկ ուշադրության է արժանի ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը:

Հայ խորհրդարանականները  ՄԽՎ-ի հիմնադրման ակունքներում են եղել, անմիջական մասնակցություն ունեցել  Կազմակերպությունը արդյունավետ միջխորհրդարանական կառույց դարձնելու գործում: Ազգային ժողովի պատգամավորները ներգրավված են եղել ամենատարբեր մոդելային իրավական ակտերի, այդ թվում` Վեհաժողովի գործունեությունը կանոնակարգող  փաստաթղթերի մշակման ու համաձայնեցման գործընթացում:

Հայ խորհրդարանականներն ակտիվորեն են աշխատում  ոչ միայն ՄԽՎ-ի մշտական հանձնաժողովներում, այլեւ  մասնակցում են ՄԽՎ-ի  կազմակերպած բոլոր միջոցառումներին: ՄԽՎ-ի պատվիրակության մեջ մեր խորհրդարանականները ԱՊՀ տարածքում նաեւ դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրական գործընթացներում: Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչների գործունեությունն ըստ արժանվույն է գնահատել Միջխորհրդարանական վեհաժողովը: Նրանցից շատերը միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ու զարգացնելու համար պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ-ի պատվոգրերով ու մեդալներով:

Հարգելի գործընկերներ

Միջխորհրդարանական վեհաժողովը կայացման դժվար ճանապարհ է անցել`  իր ուրույն տեղն զբաղեցնելով առաջատար միջխորհրդարանական կազմակերպությունների  շարքում:

Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ  Վեհաժողովը դեռեւս իր աշխատանքները հետագայում կատարելագործելու մեծ ներուժ ունի: Այս առումով արդիական եմ համարում այս փուլում այնպիսի մոդելային իրավական ակտերի մշակումը, որոնք կարող են մեր երկրների հետագա տնտեսական համարգործակցությունը զարգացնելուն ու խորացնելուն,  միջազգային ասպարեզում միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելուն,  Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների միջեւ հումանիտար կապերն  ընդլայնելուն  ուղղված փաստաթղթերի հիմք դառնալ: Նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն  հանգամանքի վրա, որ  ՄԽՎ-ի աշխատանքներում, ցավոք, կարծես թե, չի նկատվում նախկին ոգեւորությունը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծրատիպերից եւ Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը նոր բովանդակություն հաղորդել:

Սիրելի ընկերներ

Ամփոփելով ելույթս` ուզում եմ նշել, որ իսկապես պատմական  կարճ ժամանակահատվածում Կազմակերպությունն անցել է ձեւավորման, համագործակցության լավագույն ձեւաչափ որոնելու բարդ ճանապարհ: Դրա լավագույն արդյունքն այն է, որ ԱՊՀ պետությունների փոխգործակցությունը կարեւոր ոլորտներում մասնակիցների ձգտումով ու պատրաստակամությամբ է պայմանավորված:

Այս ամենը, առանց չափազանցության, վերաբերում է նաեւ ԱՊՀ  Միջխորհրդարանական վեհաժողովին` որպես Համագործակցության բաղկացուցիչ մասի:

Հարգելի գործընկերներ

Վերջում թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ՄԽՎ-ի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ շնորհակալություն հայտնել բոլորին,  ովքեր կանգնած են Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման ակունքներում, բոլորին, ում  ջանքերի շնորհիվ կայացավ մեր կազմակերպությունը, եւ հատկապես  ՄԽՎ-ի Խորհրդի քարտուղարությունը 20 տարի անընդմեջ ղեկավարող Միխայիլ Իոսեֆովիչ Կրոտովին, բոլորին` իրենց անխոնջ եւ շնորհակալ աշխատանքի համար`  հանուն մեր Համագործակցության պետությունների շահերի ու միասնականության ամրապնդման: 
  
ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը լսեց ու ընդունեց նիստի օրակարգում ներառված բոլոր տասնմեկ հարցերը, մասնավորապես մի շարք երկրներում իրականացված դիտորդական առաքելությունների արդյունքները, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 2011 թվականի գործունեության արդյունքները, 2012 թվականի աշխատանքային պլանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի 20-ամյակի մասին» հայտարարությունը, որտեղ ամփոփելով երկու տասնամյակի գործունությունը` մասնավորապես նշվում է, որ գլխավոր ուղղություններից է եղել Համագործակցության օրենսդրական հիմքերի ձեւավորումը` ուղղված անդամ երկրների օրենսդրական դաշտերի մերձեցմանը, ընդհանուր իրավական հիմքի վրա ընդգրկուն համագործակցության ապահովմանը:

Ասվում է, որ ԱՊՀ ՄԽՎ մոդելային օրենսդրական հիմքի ստեղծումը Համագործակցության երկրներին հնարավորություն է տվել ընդհանուր մոտեցումներ մշակել շուկայական տնտեսության, անվտանգության ապահովման, սոցիալական եւ էկոլոգիական քաղաքականության մեջ, ապահովել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, հումանիտար համագործակցությունը:

Քսանամյա գործունեության արդյունքում Վեհաժողովն ընդունել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան 315 մոդելային օրենսգիրք, օրենք ու երաշխավորություն` տեղայնացված ԱՊՀ տարածքի համար եւ հասարակության գործունեության բոլոր ուղղություններն ընդգրկող:

Հայտարարության մեջ խոսվում է ԱՊՀ ՄԽՎ միջազգային գործունեության, Վեհաժողովի կողմից կազմակերպած համաժողովների եւ կոնֆերանսների դերակատարության, հետխորհրդային տարածքում միջխորհրդարանական համագործակցության տարբեր մակարդակներով եւ աստիճանների ինտեգրման մեխանիզմների ապահովման, այն նպաստի մասին, որ ունեցել է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական համագործակցության   խորհրդարանական վեհաժողովների կայացմանը:

Կարեւորվում է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների դերակատարությունը Համագործակցության անդամ երկրներում ժողովրդավարական ու ազատ ընտրությունների ու հանրաքվեների անցկացման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից երկրների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի եւ քաղաքացիների ընտրության իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի ստեղծման ու գործունեության ապահովման մեջ, որի մասնաճյուղերը  գործում են հինգ անդամ երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Նշանակալից է Վեհաժողովի ներդրումը հումանիտար համագործակցության, պառլամենտարիզմի ավանդույթների, ազատ երկխոսության դաշտի ձեւավորման, տնտեսական գործակցության ընդլայնման ոլորտներում:

Հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշումների օրենսդրական ապահովման, համագործակցության կարեւոր ուղղություններով միջպետական ծրագրերի ձեւավորման ու իրականացման գործում: Մեծ հեռանկար է արձանագրվում համատեղ ուժերով մոդելային օրենսդրության հետագա կատարելագործման ուղղությամբ, արձանագրվում է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ գործողությունների համակարգման կարեւորությունը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի անդամներն իրենց հաստատակամությունն են հայտնում ընդլայնել միջխորհրդարանական երկխոսությունը թե աշխարհագրական, թե բովանդակային առումով, մշտապես կատարելագործել խորհրդարանների միջեւ համագործակցության ձեւերն ու ուղղությունները:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-17-ը, Սանկտ Պետերբուրգում:

ՄԽՎ խորհրդի որոշմամբ` ԱՊՀ գործունեությունն ապահովող օրենսդրական հիմքերի ստեղծմանը նպաստելու, միջխորհրդարանական եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե եւ արծաթե մեդալներով, ինչպես նաեւ պատվոգրերով պարգեւատրվեցին տարբեր երկրների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պարգեւատրվեց «ԱՊՀ ՄԽՎ. 20 ամյակ» ոսկե մեդալով: ՀՀ խորհրդարանի ղեկավարին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրամանագրով շնորհվեց նաեւ «Ղազախստան. անկախության քսան տարի» մեդալ:

Խորհրդի նիստն իր աշխատանքներն ամփոփեց խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ ասուլիսով:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ներկա դրությամբ ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական համագործակցությունը զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի  միջխորհրդարանական հանձնաժողովի գործունությունը: Վերջինիս երկարամյա աշխատանքի շնորհիվ ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերը ստացել են կայուն եւ դինամիկ բնույթ, ստեղծվել է իրավական հիմք, որը երկու երկրների միջպետական համագործակցության համար ապահովում է բնականոն եւ լայնածավալ զարգացում:

Կողմերը կարեւոր համարեցին երկկողմ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման գործում` ընդգծելով Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անդրադարձ եղավ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես ՀՀ մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի խորհրդարանը կարեւորում է ԱՊՀ ՄԽՎ ջանքերը Համագործակցության երկրների միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման ուղղությամբ: ՀՀ-ն հատկապես բարձր է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխհամաձայնեցված գործունեությունը:

Միջխորհրդարանական կապերի նշանակության եւ դրանց հետագա խորացման ու կատարելագործման անհրաժեշտության, փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ: Նուրլան Նիգմատուլինը հատկապես բարձր գնահատեց հայ համայնքի ունեցած դերակատարությունը իրենց երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը եւ տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am