Ապրիլի 12-ին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Հայ ասպետ» կրթության կենտրոնի սաները: ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին հետեւելուց հետո նրանք մասնակցեցին ավանդական դարձած բաց դասին, որն այս անգամ անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա ողջունեց կենտրոնի սաների մուտքը խորհրդարան եւ մանրամասն տեղեկություններ հաղորդեց ԱԺ գործունեության, խորհրդարանի ձեւավորման կարգի, օրենսդիրների կողմից օրենքների նախագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերի վերաբերյալ:
Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահը պատասխանեց երեխաների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին հայրենական արտադրության զարգացմանը, մանկական հեռուստաալիքների կարեւորությանը, գյուղական վայրերում մշակութային կենտրոնների ստեղծմանը, սերիալների ազդեցությանը, դպրոցների ջեռուցմանը եւ մի շարք այլ խնդիրների:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը լուսանկարվեց բաց դասի մասնակիցների հետ: