National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.03.2011
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
1 / 2

Մարտի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը Հայաստան այցի շրջանակներում հանդիպեցին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների  հետ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը նշեց, որ իրենց այցի նպատակներից մեկն է հասկանալ, թե հանձնաժողովը իր իրավասության շրջանակներում ինչ առաջընթաց է արձանագրել եւ այդ մասին զեկուցել վեհաժողովին: Նա գոհունակությամբ նշեց, որ երկրում կատարվել են ու դեռեւս շարունակում են իրականացվել բարեփոխումներ եւ երկարաժամկետ, եւ կարճաժամկետ ծրագրերի մասով, սակայն դեռեւս կան չլուծված հարցեր:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեեւ հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ են, այնուամենայնիվ հանձնաժողովը իր իրավասության շրջանակներում անդրադարձել է նաեւ ազատազրկված անձանց խնդրին եւ այն գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքին  մարտիմեկյան իրադարձություններ հետ կապված ` պարոն Հարությունյանը նշեց, որ հատկապես կարեւորվել է մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործունեության ուսումնասիրությունը: Այս ոլորտում արմատապես փոխվել է իրադրությունը, փոխվել են օրենքները: Հանձնաժողովը իրականացնում է նաեւ վերահսկողություն` պարզելու համար, թե ոստիկանական բարեփոխումների տեսանկյունից ի՞նչ քայլեր են իրականացվում կառավարությունում: Այս համատեքստում պարոն Հարությունյանը գոհունակությամբ փաստեց, որ կառավարությունն արձագանքում է հանձնաժողովի պահանջներին: Ոստիկանության դեմ բողոքների հարցում հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ փորձ է արվել ստեղծել բողոքները քննող մարմին, սակայն քանի որ դեռեւս բարեփոխումների փուլում է գտնվում ոստիկանական համակարգը, նման մարմնի ստեղծումը կխճողեր իրադրությունը: Ըստ պարոն Հարությունյանի` համակարգի բարեփոխումներից հետո` 2012 թ., անդրադարձ կկատարվի այդ մարմնի ստեղծմանը:

Պարոն Հարությունյանը նշեց, որ ստացվել է «Ընտրական օրենսգրքի» ընդդիմության նախագիծը: Խորհրդարանի դատին կներկայացվեն եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացրած նախագծերը, որոնք կքննարկվեն այլընտրանքային տարբերակով: Հանձնաժողովում քննարկվելու է նաեւ հավաքների ազատությանը վերաբերող նոր օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել: Պարոն Հարությունյանը նշեց, որ այս հարցում եւս ակնկալվում է ընդդիմության ակտիվ մասնակցությունը:

Ըստ հանձնաժողովի անդամ Արտյուշ Շահբազյանի` ընտրությունների նախաշեմին դեռեւս կան չլուծված բազում խնդիրներ: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ խմբակցությունը մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը կցել էր վերապահումներ ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ ու ոչ համաչափ լինելու եւ 10 զոհվածների մահվան հանգամանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամներից Կորյուն Նահապետյանը եւս կարեւորեց հանձնաժողովի առանցքային դերակատարությունը ոչ միայն օրենսդրության կատարելագործման ոլորտում, այլ նաեւ որպես մոնիտորինգ իրականացնող հանձնաժողով: Նա ընդգծեց, որ հանձնաժողովն իր գործունեությամբ փորձում է թափ հաղորդել երկրում իրականացվող իրավական բարեփոխումներին, որոնք, նրա համոզմամբ, հասարակության համար պետք է լինեն տեսանելի:

Հանդիպման ավարտին պարոն Պրեսկոտը, կարեւորելով խորհրդարանական հանձնաժողովի կատարած լայնածավալ աշխատանքը, նշեց, որ վեհաժողովին կզեկուցի, որ հանձնաժողովում աշխատանքները ընթանում են ճիշտ հունով: 
  
Նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորիգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, հանձնաժողովի անդամներ Լիլիթ Գալստյանի եւ Արտակ Զաքարյանի  հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ հանդիպել են ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ եւ քննարկել ոլորտում առկա մի շարք  հարցեր, որոնք բարձրաձայնել են ընդդիմության ներկայացուցիչները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նախընտրական ժամանակահատվածում թեկնածուներին հատկացվող հեռուստաեթերին, որն ըստ ընդդիմության, հավասար չի բաշխվում:

Ջոն Պրեսկոտը նշեց նաեւ, որ ընդդիմադիր գործիչները մի շարք հանդիպումներում անընդունելի են համարել ՀՌԱՀ-ի ձեւավորման գործող կարգը: Համազեկուցող Ջոն Պրեսկոտը հույս հայտնեց, որ ոլորտում նախանշված բարեփոխումները կնպաստեն վիճակի բարելավմանը:  Համազեկուցողի գնահատմամբ  կատարված դրական փոփոխություններն ակնհայտ են. դրանք իրենց տեղը կգտնեն առաջիկա զեկույցում:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադառնալով համազեկուցող Ջոն Պրեսկոտի` ոլորտում մատնանշած առաջընթացին` նկատեց, որ այդ մասին «Լրագրողական էթիկան եւ մարդու իրավունքները» պարբերականում  մարտի 1-ին նշել է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, արձանագրելով, որ Հայաստանում որոշակի բարեփոխումներ են կատարվել զանգվածային լրատվության ոլորտում: Առանձնակի ուշադրության են արժանացել տեղեկատվության մատչելությունը եւ զրպարտանքի վերաբերյալ հոդվածի ապաքրեականացումը:

Նա  տեղեկացրեց, որ եվրոպացի փորձագետների գործուն աջակցությամբ  փոփոխություններ են կատարվել ոլորտը կանոնակարգող մի շարք օրենքներում:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկելու է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի բարեփոխմանն ուղղված  առաջարկները:

Հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նկատեց, որ թեեւ ամիսներ առաջ է ընդունվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը եւ այն նախորդից առավել ընդունելի է, այնուամենայնիվ կան որոշ մտահոգություններ: Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել էր շուրջ 40 առաջարկ, որոնց գերակշիռ մասը չի ընդունվել, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին: Նշվեց, որ այժմ էլ խմբակցությունը նորաստեղծ աշխատանքային խմբի  քննարկմանն է ներկայացրել  60 առաջարկ:

 Կարեւորվեց ՀՌԱՀ-ի թափանցիկ աշխատանքի ապահովումը եւ ձեւավորման այնպիսի մեխանիզմի ամրագրումը, որը կապահովի նաեւ ընդդիմության ներկայությունը հանձնաժողովում:

Հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը կարեւորելով համազեկուցող Ջոն Պրեսկոտի գնահատականները, նշեց, որ Հայաստանի որդեգրած ժողովրդավարության ուղին հստակ է եւ անբեկանելի, ուստի արվում է հնարավորը` արձանագրելու նոր առաջընթաց ոլորտում եւ մոտենալու եվրոպական չափանիշերին:

 Անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ  օրենքի վերաբերյալ արված առաջարկներին նա տեղեկացրեց, որ ընդունվել են ոչ միայն ՀՅԴ խմբակցության  առաջարկների մի մասը, այլեւ «Ժառանգություն» խմբակցության եւ քաղաքացիական հասարակության առաջարկներից շատերը:
 
 
 


17.03.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Շնորհակալություն հայտնելով համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am