National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.03.2011
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները խորհրդարանում
1 / 2

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը մարտի 16-ին հանդիպեցին ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա չէր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը:

Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ողջունելով համազեկուցողներին, բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը եւ հույս հայտնեց, որ նորանաշանակ համազեկուցող պրն. Ֆիշերը, ով առաջին անգամ է Հայաստանում, կշարունակի համագործակցության ձեւավորված ավանդույթները:

Եռօրյա այցի ընթացքում  համազեկուցողները նպատակ ունեն ծանոթանալ Հայաստանի ստանձնած պարտականությունների ու հանձնառությունների կատարման ընթացքին, լսել քաղաքական դաշտում առկա տեսակետները եւ իրավիճակն ավելի լավ հասկանալ, նշեց պրն. Պրեսկոտը:  Համազեկուցողների ուշադրության առանցքում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, ինչպես նաեւ փոփոխությունները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, 2008 թ. մարտյան դեպքերից հետո անազատության մեջ գտնվող անձանց գործերը, արդարադատության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումները, նաեւ` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները:  ԵԽԽՎ ներկայացուցիչը նշեց, որ գնահատում են կատարված դրական փոփոխությունները,  սակայն որոշ հարցեր  դեռ  լուծման կարիք ունեն:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ ԶԼՄ-ներին առնչող օրենսդրական բարեփոխումներին` նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» առաջարկություններ է ներկայացրել օրենքը բարելավելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը, Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, խորհրդարանականների եւ միջազգային փորձագետների հետ միասին կկարողանա օրենքը ընդունելի տեսքի բերել: Խոսելով ժողովրդավարացման երկարատեւ եւ ոչ դյուրին գործընթացի մասին` ԲՀ խմբակցության պատգամավորը փոխանցեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները ավարտին հասցնելու  իշխանությունների քաղաքական կամքը: Պատգամավորը եւս նշեց, որ, չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին. որոշ խնդիրներ ոստիկանության եւ արդարադատության համակարգում դեռ լուծված չեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հյուրերին տեղեկացրեց ընտրական օրենսգրքի փոփոխության` 11 կետից կազմված իրենց առաջարկի մասին: ՀՅԴ խմբակցությունը շրջանառելու է օրենսգրքի փոփոխման այլընտրանքային տարբերակ: Խմբակցությունն առաջարկներ ունի  նաեւ հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերաբերյալ` կամայական ու տեխնիկական պատճառաբանություններով հանրահավաքներն արգելելու դեմ:  Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խմբակցությունը գտնում է, որ նոր քննարկումներրի անհրաժեշտություն կա` 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Նաեւ նշեց, որ համաներումից հետո էլ դեռ կան անազատության մեջ գտնվող անձինք:

Դավիթ Հարությունյանը եւս անդրադարձավ համազեկուցողներին հետաքրքրող հարցերին: Նախ նկատեց, որ համաներումը տարածվել է մարտի 1-2-ի դեպքերի համար կալանված բոլոր քաղաքացիների վրա` մի մասն ազատ է արձակվել, մի մասի պատժաչափը կրճատվել է, եւ այսօր էլ շարունակվում են քննարկվել օրենքով նախատեսված` վաղաժամկետ ազատ արձակման  հնարավորությունները: Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց նաեւ արդարադատության համակարգում մեկնարկած բարեփոխումների ընթացքը` հատկապես դրական ու առաջադեմ գնահատելով քրեական դատավարության օրենսգրքի նոր մշակված հայեցակարգը: Նախագիծը նախատեսվում է խորհրդարան ներկայացնել սեպտեմբերին: Ոստիկանության ոլորտում կատարված փոփոխությունները դեռ հասարակության համար տեսանելի չեն, սակայն կատարվել են մի շարք կարեւոր քայլեր` մարտի 1-երը չկրկնելու համար, տեղեկացրեց բանախոսը: Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ առաջիկա քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել հանրահավաքների անցկացման մասին նախագիծ: Լրատվական դաշտին առնչվող եւ ընտրական օրենսգրքի փոփոխություններին համազեկուցողները դեռ առիթ կունենան ծանոթանալ մասնագիտացված հանձնաժողովոներում քննարկումների ընթացքում, նշեց պրն. Հարությունյանը եւ նրանց ուշադրությունը հրավիրեց Հայաստանի համար շատ կարեւոր` ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողով ստեղծելու  նախաձեռնության վրա: Հայկական պատվիրակությունն այս հարցում միակամ է եւ գտնում է, որ այդ ենթահանձնաժողովի ստեղծումը վտանգում է խաղաղ բանակցությունների ընթացքը, ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նաեւ նշեց, որ Վեհաժողովի նախագահի ջանքերի պատճառով հարցի վերաբերյալ հայկական պատվիրակության փաստաթղթերը չեն տարածվում: 
 
ԵԽԽՎ  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը հանդիպեցին նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի անդամների հետ:

Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը պարոն Պրեսկոտի խնդրանքով ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը եւ կատարված հիմնական փոփոխությունները: Նա տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ ստեղծելու նպատակով դեռեւս 2008 թվականի ամռանը  քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ձեւավորվեց աշխատանքային խումբ: Հայեցակարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հաշվառումով մասնագիտական խումբը գրեց ընտրական օրենսգրքի նախագիծ, որը դեռեւս պաշտոնական չէր, այլ միայն քննարկման համար ներկայացված նախագիծ էր, որի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ստացվեցին: Կազմակերպվեց երկօրյա կոնֆերանս, որին, բացի ՀԱԿ-ից, մասնակցում էին բոլոր քաղաքական ուժերը: Կոնֆերանսում հնչած առաջարկների հաշվառումով ստեղծվեց փաստաթուղթ, որից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ստեղծեց աշխատանքային խումբ` քննարկելու ստացված մի քանի հարյուր առաջարկները: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել խմբի աշխատանքներին` ներկայացնելով վերջնագիր. կամ ընդունել իրենց առաջարկները, կամ կհրաժարվեն խմբի աշխատանքներին մասնակցելուց: Նրանց առաջարկները հիմնականում երեքն էին` 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ, ընտրությունների ցուցակների հրապարակում, թեեւ Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ դա ընտրական կարգի խախտում է, եւ բոլոր ընտրատարածքներում պետության կողմից նկարահանումների իրականացում: Խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցին մասնակցել խմբի աշխատանքներին եւ այնտեղ որոշել առաջարկների ճակատագիրը, քանի որ միայն աշխատանքային խումբը  որոշումներ կայացնելու իրավասություն ունի: Առաջարկը չընդունվեց, եւ աշխատանքային խումբ ստեղծվեց կոալիցիոն համաձայնագիր ստորագրած երեք խմբակցությունների ներկայացուցիչներից:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ օրինագիծը արդեն պատրաստ է: Եզրակացություն ստանալու համար այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ միաժամանակ խորհրդարանում շրջանառության մեջ է դրված: Առաջիկա քառօրյա նիստերում օրինագիծը կքննարկվի առաջին ընթերցմամբ, որից հետո խորհրդարանը կսպասի Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: Վերջինիս կարծիքը ստանալուց հետո կանցկացվեն հանրային քննարկումներ եւ նոր միայն լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Նախատեսվում է մայիս ամսին ավարտել աշխատանքները, որպեսզի ընտրություններից մեկ տարի առաջ պատրաստ լինի բարեփոխված ընտրական օրենսգիրքը: Պարոն Հարությունյանի գնահատմամբ` բարեփոխված օրենսգրքում հստակեցվել են ֆինանսավորման կանոնները, խստացվել են ֆինանսական փաստաթղթերի կեղծիքների դեպքում նախատեսվող պատժամիջոցները, ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովին պարտավորեցվել է նախապես հրապարակել լրատվամիջոցից օգտվելու անաչառ մեթոդիկա, նախատեսվում է ընտրական հանձնաժողովի ղեկավար կազմ ընտրել ըստ խորհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածության:

Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ 10-15 կետից կազմված կարեւոր փոփոխությունները գրավոր կներկայացնի համազեկուցողներին:

ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, աշխատանքային խմբի անդամ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ կոալիցիոն գործընկերների հետ երկար են աշխատել փաստաթղթի վրա, եւ այն պատրաստ է առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկներին, դրանք կարող են մեկ անգամ եւս ԱԺ կանոնակարգի հանաձայն քննարկվել մինչեւ երկրորդ ընթերցում: Եթե ընդդիմությունը քաղաքական կամք եւ պատրաստակամություն դրսեւորի, իրենք պատրաստ են համագործակցել եւ այդ առաջարկները մեկ անգամ եւս քննարկել  ԱԺ նիստում եւ  տեղի ունենալիք հանրային քննարկումների ժամանակ: Պարոն Բալասանյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց խմբակցությունը աշխատանքային խմբին է ներկայացրել բազմաթիվ առաջարկներ, որոնցից միայն 2-ը չեն ընդունվել. դրանք քննարկման փուլում են: Առաջարկների մի մասը վերաբերում է ընտրախախտումների դեպքում քրեական օրենսգրքի խստացումներին:

Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին` «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ,  աշխատանքային խմբի անդամ Հովհաննես Մարգարյանը հատկապես կարեւորեց ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմում ընդդիմության ներկայացվածությունը, ընտրական գործընթացում նկարահանումներ կատարելու իրավունքը, վստահված անձանց լիազորությունների մեծացումը, ընտրախախտումների համար քրեական օրենսգրքի սահմանած պատիժների խստացումը:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, աշխատանքային խմբի անդամ  Հովհաննես Սահակյանը ասաց, որ աշխատանքային խումբը մերժել է  ընտրության ցուցակները տպելու վերաբերյալ ընդդիմության առաջարկը, որպեսզի չխախտվի ընտրության մասնակցի գաղտնիության սկզբունքը, բայց միաժամանակ ներառվել է մի դրույթ, ըստ որի` ընդդիմության լիազորված անձը հանձնաժողովի անդամի հետ կարող է նայել, հսկել կամ ստուգել ցուցակները:

Պարոն Ջոն Պրեսկոտի գնահատմամբ` ժողովրդավարական գործընթացներում ընդդիմության դերը նույնքան կարեւոր է, ինչքան իշխանության: Երկու կողմերն էլ պետք է հասկանան իրենց առաքելությունը եւ նպաստեն երկրի ժողովրդավարացմանը, իսկ այդ ճանապարհին շատ կարեւոր է լավ ընտրական օրենսգիրք ունենալը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am