National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
13.03.2011
Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 3

Մարտի 13-ին սկսվեց Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:  ԱԺ նախագահի գլխավորած  պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր:  Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

«Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների զարգացման վերջին 10 տարիների ընթացքում իմ գլխավորած պատվիրակության այցը Լոնդոն երկրորդն է: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Լոնդոն 2010թ. փետրվարին: Այս այցերը վկայում են հայկական կողմի պատրաստակամության մասին էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ որպես միջազգային ասպարեզում կարեւոր դերակատարի:  Ես ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ եւ իմ առաքելությունն եմ տեսնում միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման միջոցով նպաստել միջպետական հարաբերությունների զարգացմանը, ինչի համար գոյություն ունի զգալի ներուժ: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրատնտեսական ոլորտներին: Արդեն իսկ ձեւավորված մշակութային հարուստ օրակարգը եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը պետք է լրացուցիչ լծակ հանդիսանան ակտիվ փոխայցելությունների եւ կառուցողական քայլեր նախաձեռնելու համար»-ասաց Հովիկ Աբրահամյանը:

 ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է միջազգային ատյաններում ստանձնած իր պարտավորությունների կատարմանը եւ  այսօր Հայաստանի քաղաքական թիմը հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  գլխավորությամբ դրսեւորում է քաղաքական կամք եւ սկզբունքայնություն մեր երկրի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների իրականացման գործում: «Հայաստանն այսօր իր անկախությունը պաշտպանելու ի զորու պետություն է եւ հուսալի գործընկեր միջազգային ասպարեզում»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է  եւ այդ գործընթացը որակական  նոր փուլ է թեւակոխել` Եվրամիության հետ մեկնարկելով ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` խորհրդարանի ղեկավարը նշեց.« Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով եւ բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է եւ ոչ մեկը, առավել եւս  Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ  ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող  Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ եւ կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի եւ ժողովրդի  անվտանգությունը»-ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  խորհրդարանն իր լծակներն ակտիվորեն օգտագործում է հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ կարծիք ձեւավորելու համար: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. կազմակերպվում են  փոխայցելություններ, շփումներ արտերկրի գործընկերների հետ: ԱԺ նախագահը նշեց, որ անցյալ տարի Եվրախորհրդարան կատարած  իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նախատեսվում են նաեւ այլ պատգամավորների  այցելություններ, շփումներ գործընկերների հետ, ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի խիզախ նախաձեռնությունը` բարելավելու հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ տապալվեց Թուրքիայի պատճառով:  Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի կողմից առաջ քաշվեցին նախապայմաններ, որոնց մասին անգամ խոսք չկար արձանագրությունների ստորագրման արարողությունից առաջ ընթացող բանակցությունների ժամանակ եւ  չնայած հայկական կողմը պատրաստ էր վավերացնել արձանագրությունները` ընդգրկելով հարցը Ազգային ժողովի օրակարգում, Թուրքիայի անհիմն շահարկումների պատճառով Հայաստանի Նախագահը ստիպված էր հարցը հետ կանչել Ազգային ժողովի օրակարգից եւ սառեցնել գործընթացը: «Եթե խոսքը գնում է նախապայմանների մասին, ապա կարծում եմ անվիճելի է, որ հայկական կողմն ունի ավելի շատ բարոյական հիմքեր նախապայմաններ ներկայացնելու թուրքական կողմին»: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ապա այն ոչ միայն ունի բարոյական մեծ նշանակություն, այլ նաեւ կկանխարգելի ցեղասպանության կրկնությունն իր տարբեր դրսեւորումներով աշխարհի ցանկացած անկյունում»-ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  սիրով պատասխանեց նաեւ մեր հայրենակիցների  բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ներքաղաքական զարգացումներին,  տնտեսությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, գյուղական բնակավայրերի զարգացմանը, չշրջանցվեց նաեւ երկպալատ խորհրդարան ստեղծելու հնարավորության հարցը:

Մարտի 14-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ, կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am