National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.03.2011
Խորհրդարանական լսումներ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» վերաբերյալ
1 / 6

Մարտի 10-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր իշխանության, ուժային կառույցների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ՄԻՊ պաշտպանը,լրագրողներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, բացման խոսքում կարեւորելով քննարկվելիք նախագիծը, նշեց, որ ներկայումս ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները կարգավորվում են 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության  որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Միաժամանակ, գործող որոշման մի շարք դրույթներ արդեն  չեն բավարարում ՀՀ զինված ուժերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ օրինագիծը ուղարկվել է միջազգային փորձաքննության. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ընդառաջել է հանձնաժողովին` օրինագծի վերաբերյալ ներկայացնելով փորձագիտական կարծիք:

Պարոն Կարապետյանի գնահատմամբ` նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել, բայց դեռ լրամշակման ու մի շարք դրույթների հստակեցման կարիք ունի, եւ ներկաներին հորդորեց, որ  ակտիվորեն մասնակցեն օրինագծի քննարկմանը եւ ներկայացնեն համապատասխան առաջարկներ:

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նրա տեղեկացմամբ` առաջարկվում է օրենքով կարգավորել ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոնները, զինծառայողներին տրվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները: Մտցվել է զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի նոր տեսակ` կարգապահական վաշտ ուղարկելը, որի գործառույթային առանձին բաղադրիչներ դեռեւս հստակեցման կարիք ունեն: Առաջարկներ կան նաեւ կարգապահական տույժի այլընտրանքային տեսակների վերաբերյալ, որոնք քննարկման փուլում են:

Պարոն Նազարյանի գնահատմամբ` օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակով կարգավորել ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները, կապահովի զինծառայողների` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների անարգել իրականացումը, կարեւոր նշանակություն կունենա երկրի  պաշտպանության գործում  անձնական պատաuխանատվության լիարժեք գիտակցման եւ  կարգապահական պատասխանատվության ճշգրիտ կիրառման առումով:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը հանգամանորեն ներկայացրեց  օրինագիծը եւ անդրադարձավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկներին: Ըստ բանախոսի` միջազգային փորձագետներն առաջարկում են օրինագծում ներառել կոնկրետ կարգապահական խախտման տեսակները` նշելով, թե յուրաքանչյուրի համար ինչ տույժ է սահմանվում, հստակեցնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու ի պատասխան զեկուցագիր-բողոքների, ով է պատասխանատու այդ միջոցները ձեռնարկելու եւ վերահսկելու հարցում, մանրամասնել բողոքարկման կիրառելի ընթացակարգերը, տարբերակում մտցնել ընթացակարգերի եւ բողոքարկման մարմինների միջեւ: Սասուն Սիմոնյանի տեղեկացմամբ` փորձագետների առաջարկները  քննարկվում են եւ օրինագծում տեղ կգտնեն համապատասխան ձեւակերպումներով:

Ելույթ ունեցողները պատասխանեցին նաեւ մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին կարգապահական վաշտի իրականացնելիք խնդիրներին, զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կարգապահական խախտումների տեսակների եւ դրանց համար նախատեսված տույժերի հստակեցմանը, նախագծի առանձին դրույթների իրականացման մեխանիզմներին,  ՀՀ Սահմանադրությանը այդ դրույթների համապատասխանությանը:

Ելույթ ունեցան նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները, ԱԺ պատգամավորներ, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք համակարծիք էին կարեւորագույն  հարցերում. օրենքը պետք է բխի ՀՀ Սահմանադրության պահանջներից, պետք է ապահովի ՀՀ քաղաքացի զինծառայողի իրավունքները, ամրապնդի  զինվորական կարգապահությունը եւ նպաստի ՀՀ զինված ուժերի հզորացմանը:

 ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ արժեքավոր ու իրատեսական բոլոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am