National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
16.09.2010
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 4

Սեպտեմբերի 16-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` ավարտին հասցնելով նախորդ օրն ընդհատված պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկեց ԱԺ պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Գոհարիկ Ենոքյանի հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում սկզբունքային առաջարկներ եւ դիտողություններ չեն ներկայացվել: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց քննարկված օրենսդրական փաթեթը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Ավագյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարեն Ավագյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման   նպատակն է կարգավորել եւ վերահսկելի դարձնել սովորողների բնականոն հաճախելիությունը հանրակրթական դպրոց եւ մասնակցությունը հանրակրթական ծրագրերին: Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ուսումնական տարում 180 ժամ եւ ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցի վերաբերյալ որոշում ընդունել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը եւ կրթական գործընթացում սովորողների գիտելիքների գնահատման առաջնահերթությունը` նա նշեց, որ տարբեր պատճառներով բացակայություններին (սպորտ, օլիմպիական խաղեր,  առարկայական օլիմպիադաներ, հիվանդություններ, անհարգելի բացակայություններ եւ այլն) միանշանակ վերաբերվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ հաճախելիության, ինչու չէ նաեւ  դպրոցի վարկանիշի  վրա:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց  ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Օրենքի նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալին ուղղվող գույքն ազատել ավելացված արժեքի հարկից, որը կխրախուսի կազմակերպություններում ֆիզիկական անձանց կողմից կապիտալ ներդրումների կատարմանը: Օրինագծի ընդունման արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն տնտեսության զարգացման համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Նռանյանը::

Երկրորդ ընթերցումով քննարկվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրենքի նախագծի համահեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը:

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունները գործող օրենսգրքի որոշ դրույթներ հստակեցնելու նպատակ ունեն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի եւ Կորյուն Նահապետյանի հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Կորյուն Նահապետյանը նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թ. հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ եվ 240-րդ հոդվածներով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերանայման արդյունքում լիազորված են վերաքննիչ բողոքը մերժելու դեպքում դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ պատճառաբանել դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող, սակայն թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված դատական ակտը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված» բառակապակցությունը սահմանադրականության խնդիր չի առաջացնում, մինչդեռ այլ է վիճակը «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձեւակերպման առկայությունը ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն, մինչդեռ օրենսդրությունը պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, քանի որ նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաեւ ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Նշվեց, որ նույն պատճառներով են պայմանավորված նաեւ ՀՀ քրեական դատավարության եւ դատական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ  Պետրոսյանի, Արամ Սաֆարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ օրինագծի համահեղինակ Ռաֆիկ Պետրոսյանի,  նպատակ ունի վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կրկնաբանությունները եւ այն համապատասխանեցնել իրավաբանական տեխնիկայի կանոններին:

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած օրինագծերի փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Ըստ պարոն Հարությունյանի` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումների վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ: Հստակեցվել են առաջին ատյանի դատարանի քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարան դիմելու դեպքերը եւ հայցադիմում ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք` սահմանելով, որ օրենքով նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դատարան հայցադիմում ներկայացնելիս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Արամ Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի, Հերմինե Նաղդալյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 343` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասը` ապաքրեականացնելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին: Օրինագծերով մասամբ իրացվել են նաեւ Հայաստանում դատավարությունների դիտարկում ծրագրի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները:

Քննարկված երեք հարցերի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը:

ՀՀ կառավարության դրական տեսակետը ներկայացնելով` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը կարեւորեց օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխությունները:

Այնուհետեւ քննարկվեց 2010թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հանձնման համաձայնագիրը: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ հանձնման բնագավառում արդյունավետ համագործակցությունը: Քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումն իրականացվում է այն բոլոր արարքների համար, որոնք երկու երկրների օրենքներով համարվում են հանցանք եւ պատժվում են ազատազրկմամբ առնվազն մեկ տարի ժամկետով: Հանձնումը կարող է իրականացվել նաեւ այն դատապարտյալի նկատմամբ, որի կատարած արարքը եւ դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերոնշյալին, եւ կայացրած դատավճիռը սահմանում է առնվազն վեց ամիս ազատազրկում:

Պարոն Դանիելյանը ներկայացրեց նաեւ 2010 թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական եւ իրավական գործերում` կարգավորելով քաղաքացիական գործերով դատական փաստաթղթերի եւ դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման եւ քաղաքացիական գործերով դատական որոշումների ճանաչման եւ կատարման հարցերը:

2010 թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրայի Արաբական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը եւս քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու հիմքերը:

2010 թ. մարտի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի հիմնական զեկուցողը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանն էր: Ըստ նրա` համաձայնագրի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ձեւավորման եւ պատշաճ կարգավորման համար, կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված չորս համաձայնագրերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Լյովա Խաչատրյանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Արեւիկ Պետրոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ  տիկին Պետրոսյանի` օրինագծով առաջարկվում է օրենքով կոնկրետ սահմանել քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող համապատասխան մարմնի ներկայացուցիչների հստակ շրջանակ, այն է` համապատասխան մարմնի ղեկավարը եւ նրա տեղակալները, աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալը, ներքին ստորաբաժանման ղեկավարը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթին եւ այն զբաղեցնող անձի ատեստավորմանը համապատասխան մարմնից կմասնակցեն միայն այն պաշտոնատար անձինք, ովքեր ղեկավարում, համակարգում, վերահսկում եւ պատասխանատու են այն ստորաբաժանման համար, ուր տվյալ քաղաքացիական ծառայողը աշխատում է կամ աշխատելու է: Ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի` առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել մրցութային եւ ատեստավորման գործընթացներում գիտելիքների, հմտությունների, գործնական կարողությունների ստուգման պրոֆեսիոնալ, իրավասու, պատասխանատու մասնակցությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կորյուն Նահապետյանը:

ՀՀ կառավարության դրական եզրակացությունը բարձրաձայնեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն ընդունելով քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող համապատասխան մարմնի ներկայացուցիչների շրջանակի հստակեցման անհրաժեշտությունը գտնում է, որ օրենքի նախագծի առաջին հոդվածում համապատասխան մարմնի ղեկավարի մասով պետք է բացառություն սահմանվի ՀՀ Նախագահի եւ ՀՀ կառավարության աշխատակազմերի համար:

2001 թ. նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով) ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նրա խոսքով` արձանագրության նպատակն է ընդլայնել կոնվենցիայի կիրառման ոլորտը, առավել մանրամասն կարգավորել քրեական  գործերով փոխադարձ օգնության մասին հարցում կատարելու պարագայում վկաների, փորձագետների, ինչպես նաեւ հայցող կողմի պաշտոնատար անձանց ներկայանալու, կալանքի տակ գտնվող անձանց ժամանակավոր փոխանցման, կոնվենցիայի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման եւ դատական մարմինների միջեւ անմիջական հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց 2009 թ. նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու արդյունքում նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ներկայացրեց 2009 թվականի հունիսի 21-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացումը եւ ամրապնդումը:

Երեք միջազգային պայմանագրերի վերաբերյալ էլ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն. այդ մասին բարձրաձայնեց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը եւս ներկայացրեց Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կուտակած աշխատանքային փորձը լուրջ հիմքեր է ստեղծել գործող օրենքի 15 -րդ հոդվածում որոշակի փոփոխություններ կատարելու համար: Փոփոխությունները նպատակ ունեն գործող օրենքից հանել այն հյուպատոսական ծառայությունները եւ գործողությունները, որոնք գործնականում չեն կիրառվում, ավելացնել հյուպատոսական ծառայությունների այն տեսակները, որոնք որպես այդպիսին նոր են սկսել մատուցվել, անկախ իրենց գտնվելու երկրից ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ստանալ հյուպատոսական ծառայություններ հավասարության սկզբունքով, այսինքն` միեւնույն սակագներով եւ նվազեցնել ակնհայտ բարձր դրույքաչափերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Նռանյանը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը եւ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» եւ դրան առնչվող օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am