National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ժնեւում
1 / 7

Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնեւում շարունակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ  հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից: Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի եւ Լիբանանի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը: Լինելով Լիբանանի քաղաքացիներ, նրանք իրենց շոշափելի ներդրումն են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի կառավարության հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ:

Լիբանանի խորհրդարանի նախագահը  բարձր գնահատելով հայ-լիբանանյան հարաբերությունները` նշեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Լիբանան խթան հանդիսացավ համագործակցության խորացմանը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը անդրադարձավ  հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ վիճակին եւ ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց  երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ հետագա խորացումը` նշելով, որ միջխորհրդարանական շփումները բավարար մակարդակի վրա չեն եւ զարգացման մեծ ներուժ ունեն: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց  աշխուժացնել Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները`  ապահովելով դրանց շարունակական բնույթը, ինչպես նաեւ ակտիվացնել պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:  Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց նաեւ տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը:

Պարոն Պետսալնիկոսը նույնպես կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը եւ նշեց, որ Հունաստանի խորհրդարանում ստեղծվել է Հունաստան-Հայաստան  բարեկամության խումբ: Նա վստահություն հայտնեց, որ խմբի գործունեությունը էապես կնպաստի միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: Հունաստանի խորհրդարանի նախագահը վերահաստատեց Հունաստան պաշտոնական այց կատարելու ԱԺ նախագահին իր հրավերը, ընդգծելով որ այն կարեւոր քայլ կլինի միջպետական հարաբերությունների խորացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Բահրեյնի Թագավորության խորհրդարանի նախագահ Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի հետ էր: ԱԺ նախագահը կարեւորեց Բահրեյնի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում: Միջխորհրդարանական համագործակցության հիմք է հանդիսացել 2005 թ. Բահրեյնի  եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը եւ այժմ կարեւոր է զարգացնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց գործակցությունը միջազգային կառույցներում:

Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ համաժողովը լավ հնարավորություն է ընձեռել հանդիպելու ԱԺ նախագահին: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ Բահրեյնի խորհրդարանում գործում է պատգամավորական բարեկամության խումբ, ինչը կնպաստի միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվեց տնտեսության բնագավառում համագործակցության ակտիվացումը, գործարար շփումները: Կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, անհրաժեշտ համարելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը: Երկու երկրների միջեւ կապերը առավել ամրապնդելու համար ԱԺ նախագահը եւ Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը երկուստեք պաշտոնական այցեր կատարելու հրավերներ  ուղղեցին:

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ  Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացումներն են տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որ Սիրիայում արժանացան եղեռնից մազապուրծ նրա հազարավոր զավակները:  Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերը եւ բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հայաստանը շահագրգռված է աշխատել հայ-սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային, կրթական եւ այլ բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նշելով, որ Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Սիրիա բարեկամության      խումբ` ԱԺ նախագահը կարեւորեց բարեկամական խմբերի դերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Մահմուդ ալ-Աբրաշի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, նշելով, որ 21-րդ դարում հակամարտությունները չպետք է լուծվեն ռազմական ճանապարհով: Մեր երկիրը կողմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը եւ տեղեկացրեց, որ Սիրիայի խորհրդարանում նույնպես ստեղծվել է պատգամավորական բարեկամության խումբ: Նա նշեց, որ Սիրիան, ինչպես եւ Հայաստանը խաղաղասեր երկիր է եւ շեշտեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ տկն. Էրիկա Ֆորստեր-Վաննինիի հետ: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ բազմաբնույթ համագործակցության ամրապնդումը: Նշվեց, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ կերպով, ձեւավորվել է բովանդակալից եւ բավականին ընդգրկուն օրակարգ: Հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ գոհունակություն արտահայտեց վերջին երկու տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեությամբ: Նա շնորհակալություն հայտնեց 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար:

Էրիկա Ֆորստեր-Վաննինին շեշտեց, որ Շվեյցարիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Նա նշեց, որ այսուհետ եւս Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ արդյունավետ եւ անկեղծ համագործակցությունը կշարունակի խորանալ եւ ընդլայնվել: Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց  հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ  արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նա նշեց, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը եւ խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:

Ուրուգվայի  Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորիի  հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց,որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մշտապես ունեցել են դրական ընթացք եւ բոլոր նախադրյալները կան  հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման կարեւորությունը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման գործում առաջնային խնդիրներից համարվեց  իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Կարեւորելով ՈւԱՀ-ում ազդեցիկ հայ համայնքի դերը` ԱԺ նախագահը  գոհունակություն հայտնեց հայերի հանդեպ ՈւԱՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության համար: Հաշվի առնելով միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հարաբերությունների հետագա ակտիվացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար եւ նշեց, որ Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ պաշտոնապես դատապարտեց Հայոց մեծ եղեռնը:

Ուրուգվայի  Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորին նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը եւ միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը:

Հուլիսի 20-ի ԱԺ նախագահի վերջին հանդիպումը Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ էր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրների, մասնավորապես` Ճապոնիայի հետ հարաբերությունների հետեւողական զարգացմանը` հաշվի առնելով Ճապոնիայի  ներդրումն իր տարածաշրջանում եւ աշխարհում միջազգային անվտանգ մթնոլորտի ստեղծման, տնտեսության եւ միջազգային առեւտրի, բնապահպանական հարցերում, ինչպես  նաեւ  զարգացող երկրներին օգնություն հատկացնելու գործում: Պարոն Աբրահամյանը նշեց, որ այս տարվա հուլիսից Տոկիոյում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը կովկասյան տարածաշրջանում եւ գնահատում է Ճապոնիայի ջանքերը մեր տարածաշրջանի բոլոր պետությունների հետ հավասարակշիռ եւ համազոր հարաբերություններ զարգացնելու համար: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանը եւ Ճապոնիան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում մեր երկրներին հուզող հարցերի շուրջ: Հայաստանի խորհրդարանը կարեւորում է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանումը: Այդ կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Ճապոնիայի հետ խորհրդարանական բարեկամության խումբ: Բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը` ԱԺ նախագահը կարեւորեց  ավելի լիարժեք առեւտրատնտեսական համագործակցության անցումը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը, ինչին կնպաստի նաեւ խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am