National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.07.2010
Կենսաթոշակային բարեփոխումներ. ԱԺ քաղաքական ուժերի տեսակետները
1 / 3

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱՄՆ-ի միջազգային  զարգացման գործակալության /USAID/ նախաձեռնությամբ հուլիսի 13-15-ը Ծաղկաձորում կազմակերպվել էր սեմինար` նվիրված կենսաթոշակայն բարեփոխումներին: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, գործադիր իշխանության պատասխանատուների եւ խորհրդատու` USAID-ի PALM` Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց առաջին ընթերցմամբ ընդունված` կենսաթոշակային համակարգում սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քննարկումների մեկնարկին ընդգծեց այս ձեւաչափով հանդիպման կարեւորությունը` այն դիտարկելով մինչեւ առավել լայն քննարկումները պատգամավորներին հուզող հարցերին անդրադառնալու եւ ֆրակցիաների  դիրքրոշումները հստակեցնելու համար անհրաժեշտ փուլ: Նրա տեղեկացմամբ` մինչ սոցիալական փաթեթը երկրորդ ընթերցման ներկայացնելը կկազմակերպվեն թե առանձին հանդիպումներ` այդ թվում եւ գործատուների հետ, եւ թե հնարավորություն կստեղծվի դրան անդրադառնալ  հասարակական լսումներում ու հանրային խորհրդում:

Սեմինարի մասնակիցներին բարեփոխումների գործընթացը, փուլերն ու հիմնական ուղղությունները ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Բանախոսի ներկայացմամբ` Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա: Սակայն ժողովրդագրական միտումները եւ աշխատանքի շուկայի զարգացման ընթացքը վտանգում են այսօր համերաշխության սկզբունքը, եւ տարեցտարի բնակչության ընդհանուր կառուցվածքում ավելանում է կենսաթոշակային տարիք ունեցողների ` 63 տարեկանից բարձր անձանց տեսակար կշիռը: Ծերացման միտումը, ըստ փոխնախարարի, հատուկ է եվրոպական, քրիստոնեական երկրներին, եւ Հայաստանն այդ առումով բացառութույն չէ. տարեցների թիվը կարող է այս տեմպերով հասնել մինչեւ 25 տոկոսի: ործող համակարգի  անկատարության մասին են վկայում նաեւ կենսաթոշակի ցածր դրույքաչափերը, անձի եկամուտի եւ կենսաթոշակի միջեւ կապի բացակայությունը: Այս իրավիճակից ելնելով են նախաձեռնվել կենսաթոշակային բարեփոխումները, եւ կառավարությունն առաջարկում  է  անցնել ինքնաֆինանսավորվող կուտակային համակարգի` ներդնելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան այդ համակարգում, ըստ ներկայացված փաթեթի, կրկին իրենց տեղն են ունենալու պետբյուջեից տրվող սոցիալական եւ աշխատանքային կենսաթոշակները, եւ զուհահեռ ավելանալու են նորերը` կուտակային կամավոր եւ կուտակային պարտադիր կենսաթոշակները: Կամավոր տարբերակը նախատեսվում է կիրառել 2011 թ.-ից, իսկ պարտադիրը` 2014 թ.-ից: Կուտակային վճարի չափը, ըստ առաջարկվող բանաձեւի, կկազմի 10 տոկոս, որից 5-ը կվճարի անձը եւ մյուս 5-ը, սակայն առավելագույնը 25 հազար դրամ` պետությունը: Փոխնախարարի գնահատմամբ` ընտրված այդ մոդելը կիրառվում է մի շարք երկրներում եւ ուսումնասիրությունների արդյունքում են հանգել այս տարբերակին: Այն ներդնելով` նախ հնավարոր կլինի ապահովել համակարգի ֆինանսական կայունություը, հաստատել կապ անձի եկամտի եւ կենսաթոշակի միջեւ , ապա եւ աստիճանաբար միջին կենսաթոշակը  հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին ու գերազանցել այն:

Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը քննարկման մասնակիցներին ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Որպես նոր համակարգի առավելություն նա նշեց սոցիալական արդարության սկզբունքը, անհատի եկամտի եւ կենսաթոշակի բանաձեւումը եւ հաշվարկելիությունը, բնակչության տնտեսական ակտիվության խթանումը եւ նրա մասնակցությունը երկրում ներդրումներ եւ խնայողություններ կատարելու գործում: Փոխնախարարը ներկայացրեց կուտակային գործընթացի  ողջ շղթան` մասնակից-գործատուից մինչեւ մասնավոր ֆոնդեր: Օրենսդրական փաթեթով նախատեսված է ստեղծել կենսաթոշակային մասնավոր ֆոնդեր, սակայն պետությունը գործընթացում ունենալու է կարգավորիչ դեր եւ ֆոնդերի նկատմամբ իրականացնելու է վերահսկողություն: Նախատեսվում է ամրագրել որոշ սահմանափակումներ, մասնավորապես կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ`  500 մլն. դրամ, ֆոնդի եւ կառավարչի աուդիտի, ինչպես նաեւ  դիվերսիֆիկացիայի պահանջներ եւ այլն: Վարդան Արամյանի խոսքերով` պետությունը կատարված պարտադիր վճարները` ավելացված տարեկան գնաճով, վերադարձնելու ուղղակի երաշխիքներ է տալիս, ինչպես նաեւ պարտավորվում փոխհատուցել կենսաթոշակային հաշվին եղած ակտիվների արժեքի եւ երաշխավորված գումարների միջեւ գոյացող պակասուրդը: Կամավոր կուտակային համակարգի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է գործատուներին շահագրգռել հարկային արտոնությունների միջոցով: Սեմինարի ընթացքում ներկայացվեց նաեւ փաթեթում ընդգրկված` «Եկամտային հարկի մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքների եւ հարակից այլ նախագծեր:  Եկամտային հարկը միավորվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ, եւ նոր դրույքաչափերը, ըստ մասնագետների, մեծ բեռ հարկատուների համար չեն ավելացնի, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանան 1.2 մլրդ դրամով: Ներդրումային ֆոնդի մասին օրինագծով սահմանվել են կենսաթոշակային ֆոնդերի գործունեության պայմանները եւ ներդրումների թույլատրելի ուղղությունները:

Սեմինարին ներկա` խորհրդատու կազմակերպության տնօրեն Դանիել Վարտունիկը եւ փորձագետ Վոլոդիմիր Յացենկոն մասնակիցներին ներկայացրին միջազգայի  փորձը` հայտնելով ծրագրին աջակցելու պատրաստակամություն հետագա փուլերում եւս:

Քննարկումների արդյուքնում պարզ դարձավ, որ խորհրդարանի բոլոր խմբակցություններում հիմնավորված են համարում կենսաթոշակային  բարեփոխումները,  տարբերությունները դրանք իրականացնելու պատկերացումների մեջ էին: «Պարտադի՞ր, թե՞ կամավոր». սա այն հարցն էր, որը դարձավ բանավեճի հիմնական առարկան: Պատգամավորները մտահոգված էին, որ կուտակային կենսաթոշակի  վճարումների պարտադիր բնույթը դժվարություններ կստեղծի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Հնչեցին ոչ թե մասնավոր ֆոնդերի միջոցով, այլ պետական մասնակցությամբ գործընթացն իրականացնելու մասին տեսակետներ: Մասնակիցներն անդրադարձան հասարակության վստահության, տնտեսության մեջ ստվերի առկայության եւ գործազրկության  պայմաններում եկամուտ-կենսաթոշակ կապն ապահովելու, աշխատավարձի չափով պայմանավորված` կենսաթոշակների դրույքաչափերի անհամաչափության խնդիրներին: Խոսվեց  բարեփոխումների ռիսկերի մասին: ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը նկատեց, որ փորձել են դրանք նվազագույնի հասցնել` մարդուն իր կառավարչին ընտրելու հնարավորություն տալով,   կառավարչին վճարողի մասին տեղեկություն չհաղորդելով, օրենսդրորեն դիվերսիֆիկացիա սահմանելով եւ կառավարությանն ու ԿԲ-ին գործընթացը կառավարելու լծակներ տալով:

Քննարկումներն ամփոփելով` ԱԺ քաղաքական ուժերը տեսակետներ ներկայացրին:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, Արծրունի Աղաջանյանի խոսքերով,   կենսաթոշակի ներկա ցածր մակարդակի պարագայում խիստ անհարժեշտ է համարում բարեփոխումները եւ կողմ է գործադիրի նախաձեռնությանը: Պատգամավորը որոշ անհարթություններ մատնանշեց կենսաթոշակների ստացման, ժամկետների ընթացակարգերի հարթությունում` առաջարկելով հաշվի առնել Հայաստանից դուրս գտնվող թոշակառուների հանգամանքը: Պատգամավորը գործընթացը հաջողելու համար կարեւոր համարեց  բնակչությանը փոփոխությունների մասին պատշաճ կերպով իրազեկել եւ վստահեցնել, որ նրանց կենսաթոշակի տեսքով կվերադարձվեն իրենց իսկ վճարումները: Խմբակցության անդամն առաջարկեց լրացուցիչ քննարկումներով բոլորի համար ընդունելի փաթեթ ստեղծել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում սկզբունքային առարկություն հնչեցրեց կուտակային պարտադիր համակարգի վերաբերյալ: Պատգամավորի համար   առայժմ  տեսանելի չեն առկա ռիսկերը չեզոքացնելու միջոցները, եւ այս առումով նա կարեւորեց լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությունը: Մինչ այդ խմբակցությունը փաթեթի վերաբերյալ կներկայացնի առաջարկներ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս կարծիք հայտնեց, որ պետք է նոր հարաբերություններին համահունչ ստեղծել կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ապահովի տարեցների կենսամակարդակը: Պատգամավորը աշխատանքային խմբի աշխատանքը բարձր գնահատեց` ասելով, որ պետք է ընդունել այս ծրագիրը, սակայն առաջարկությունների միջոցով այն բարելավելուց հետո: Պրն. Բոստանջյանն առաջարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը ներդնել ոչ թե 2014, այլ` 2015 թ.-ին` հաշվի առնելով ընտրությունները եւ նոր կառավարության վրա ծանրաբեռնվածություն չառաջացնելու հանգամանքը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ սա տնտեսական աճին նպաստող փաթեթ է: Նրա կարծիքով` կարելի է օրենքով ամրագրել կուտակված գումարները հանրապետությունում պահելու եւ զարգացման ծրագրերում ներդնելու նորմ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` կուտակային համակարգի պարտադիր բնույթը դեռ հիմնավորումների կարիք ունի, եւ առաջիկա քննարկումներում  ակնկալում են դրանք ստանալ: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը նշեց նաեւ կամավոր տարբերակի դեպքում  գործատունեի համար առավել բարենպաստ պայմաններր ստեղծելու եւ վարձու աշխատողին շահագրգռելու` պետական միջոցառումների անհրաժեշտությունը: Պրն. Հակոբյանն ասաց, որ կա  բարեփոխումները կյանքի կոչելու  քաղաքական կամք, որն իր  դրսեւորումները պետք է գտնի նաեւ թե ստվերի եւ թե կոռուպցիայի դեմ  պայքարում:

Եզրափակելով քննարկումները` սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարը  նշեց, որ հանդիպումն արդյունավետ էր, հստակեցվեցին մի շարք հարցեր: Ճշգրտվեցին  նոր համակարգի մասնակիցների շրջանակը, պետական երաշխիքները,  գնահատվեցին հիմնական ռիսկերը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ փաթեթին անդրադառնալու առիթներ առաջիկայում կրկին կստեղծվեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am