National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.1.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
29.01.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 5

  
Հունվարի 29-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: 
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այս օրինագծով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը հարկային (տարածքային) տեuչության պետին փոխանցելու հնարավորություն է վերապահվում նաեւ հարկ վճարողների կողմից հայտարարության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման ստուգման դեպքում, չափագրման համար հանձնարարագիր հրապարակելու (այդ թվում`չափագրմանը անկախ փորձագետ ներգրավելու) լիազորություններ է տրվում նաեւ հարկային տեսչության պետին եւ մեկ չափագրման համար առավելագույնը 5 աշխատանքային օրվա սահմանափակումը փոխարինվում է 10 աշխատանքային օրով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին առաջիկա ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որն առաջարկում է` 1. վերացնել խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարները` փոխարենը բարձրացնելով դրանց համար սահմանված տարեկան պետական տուրքի չափը, 2. խաղատների գործունեության կազմակերպումը, շահումով խաղային ավտոմատների շահագործումը, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ազատել ավելացված արժեքի հարկից, 3. սահմանել, որ շահութահարկով հարկման առումով եկամուտ չեն համարվում խաղատների գործունեության կազմակերպումից, շահումով խաղային ավտոմատների շահագործումից, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից ստացվող եկամուտները, 4. սահմանել, որ շահութահարկով հարկման առումով ծախս չեն համարվում խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գծով կատարված ծախսերը: «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվում է, որ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս` զբոսաշրջության վայրերում, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Քննարկվեց նաեւ «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին»,  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,   «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով կարգավորվում են ապրանքի աշխարհագրական նշումների, ապրանքի ծագման տեղանունների (այսուհետեւ ծագման տեղանուն) եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, ապրանքների ցանկից հանված են բնական եւ հանքային ջրերը, ինչը պայմանավորված է Եվրամիության կանոնակարգի պահանջներով:

ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրինագծերի փաթեթի նպատակն է  պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաuտողների իրավունքները, սպառողների շահերը, տնտեսվարող սուբյեկտների համար` ապահովել արդարացի մրցակցային պայմաններ, ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է ստեղծել օրենսդրական հիմք` պլաստիկ քարտերով դրամական հաշվարկների իրականացման դեպքում  հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ տրամադրելու համար:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը սահմանում է դրույթ, որի համաձայն` տոհմային թռչնաբուծության զարգացման համար սահմանված ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը կվերաբերի միայն տոհմային թռչունների ներմուծմանը:

Հանձնաժողովը քննարկված բոլոր օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն` 7-րդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ երկրորդ ընթերցման ներկայացված «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումեր կատարելու մասին» օրինագծերին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով հետաձգեց 20 օրենքի նախագծերի քննարկումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արարատ Մալխասյանը տեղեկացրեց, որ  ՀՀ Սահմանադրության  պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել ընդունել օրենք, որով կկարգավորեն արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության ժամանակ ՀՀ-ում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր միջոցառում է, որը հայտարարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին եւ այդ վտանգի վերացումն անհնարին է առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց եւ կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված առանձին հիմնական իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների:

Նախագծով սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի    Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության գործողության ժամկետը, արտակարգ դրության դադարման հիմքերը, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող  միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները, Արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը, արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները,  արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները, Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները, պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը, արտակարգ դրությունը դադարած հայտարարելու իրավական հետեւանքները, արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը եւ այլն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը  հետաձգեց  «Թիկնազորային  (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:
 

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով  քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը, որով սահմանվելու են  հոգեբուժական հաստատությունում գտնվող հոգեկան  խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման  մեխանիզմները:

Հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի  օրակարգի նածագծում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 30 օրով հետաձգվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը,  իսկ մինչեւ 90 օրով` «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության  եւ փոխներարկման մասին», «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն  եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ պատվավոր կոչումների» մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը: Հաստատվեց նաեւ 2010 թ. փետրվար - հունիս ամիսների ընթացքում  հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված չորս հարցերից երեքի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

  ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանձնաժողովի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, տեղեկացնելով, որ օրենքում փոփոխություն նախատեսվել  է` ելնելով ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրից եւ պայմանավորված է համայնքների ավագանիների կողմից Վերահսկիչ պալատի եւ այլ պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների պարտադիր քննարկման պահանջի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:

  Օրինագծի ընդունման պարագայում համայնքների ավագանիները իրավունք կստանան քննարկել ՀՀ Վերահսկիչ պալատի եւ այլ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները եւ իրենց իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունել որոշում:

 Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը. այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ին հրավիրած նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկեց եւ դրական եզրակացությամբ երաշխավորեց երկրորդ ընթերցմամբ քննարկել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անասնակերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Կառավարության հեղինակած այս նախագծերի վերաբերյալ պատգամավորներն առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացրել:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած` «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս կներկայացվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու առաջարկով: Լրամշակված նախագծերում հեղինակն արտացոլել է թե կառավարության եւ թե հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի առաջարկները:

Հանձնաժողովը «Բնապահպանական  եւ բնօգտագործման  վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի  մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը նույնպես կառաջարկի դրական եզրակացությամբ ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:  Կառավարությունը նախատեսում է, ի թիվս այլ փոփոխությունների,  բնապահպանական վճար սահմանել  լեռնաարդյունահանող  իրավաբանական անձանց կողմից ոչ վտանգավոր թափոնների տեղադրման եւ  հողի բերրի շերտի հանման համար:   Առաջարկվում է նաեւ  հստակեցնել ջրային ռեսուրս վնասակար նյութեր եւ միացություններ արտանետելու եւ չտեսակավորված կոշտ կոմունալ թափոններ տեղադրելու համար բնապահպանական  վճար վճարողների շրջանակը, ինչպես նաեւ  սահմանել ջրային ռեսուրս ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման համար վճարների ու վերահսկման կագը: Հանձնաժողովում նախնական քննարկումների արդյունքում համաձայնություն  է ձեռք բերվել   օրենսդրական փաթեթում մի շարք փոփոխություններ կատարելու մասին. պատգամավորների առաջարկությունները եւ նկատառումները հաշվի կառնվեն առաջին ընթերցումից հետո:

 ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական  հանձնաժողովը  հաստատեց նաեւ գարնանային նստաշրջանի ընթացքում քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, որոշեց  գարնանային նստաշրջանի օրակարգում ներառելու համար դրական  եզրակացությամբ երաշխավորել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության մասին» եւ հարակից 14 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:  Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ կառավարության ներկայացրած փաթեթը մեկ տարի է`  ուղարկվել է խորհրդարան, եւ որ այդ ընթացքում այն, քննարկվելով նաեւ ապահովագրական ընկերությունների եւ ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ,  զգալիորեն բարեփոխվել է: Հիմնական զեկուցող` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց, որ փաթեթով ամրագրել են   ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պարտադիր պահանջ,  երաշխավորել  տուժողին ճանապարհատրանսպորտային  պատահարի արդյունքում պատճառված անձնական եւ գույքային  վնասների  փոխհատուցումը` առնվազն ապահովագրական գումարի սահմաններում, օրենքով կարգավորել վնաս պատճառողների վճարունակության խնդիրը: ԿԲ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց ընտրած` ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով   երրորդ անձանց պատճառած վնասի  համար պատասխանատվության ապահովագրությունը  պարտադիր ապահովագրության առավել տարածված եւ եվրոպական երկրներում կրիառվող  տեսակն է: Զեկուցողի հիմնավորմամբ` ապահովագրության այս տեսակի պարտադիր բնույթը բխում է հասարակական շահից եւ ունի սոցիալական նշանակություն: Բանախոսի կարծիքով` պարտադիր ապահովագրությունը նաեւ հաճախ փոխարինում է   բնակչության սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու` պետության ուղղակի միջամտությանը: Վաչե Գարբրիելյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ապահովագրության նոր տեսակի ներդրմամբ կխթանեն ապահովագրական ընկերությունների զարգացմանը, բնակչության գիտակցության բարձրացմանը` ապահովագրման ուղղությամբ,  կստեղծեն առողջ մրցակցային պայմաններ ապահովագրական ընկերությունների համար: Նա նաեւ նկատեց, որ նոր համակարգի ներդրումը տնտեսության մեջ կբարձրացնի ֆինանսական միջնորդությունների մակարդակը:

Կարեւորելով հասարակության լայն շերտերին առնչվող այս փաթեթը` գլխադասային հանձնաժողովը նախատեսում է առաջին ընթերցումից հետո հարցի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահը վստահ է փաթեթի սոցիալական նշանակության մեջ եւ  համոզված, որ առաջիկայում այս նորույթի դրական ազդեցությունը նկատելի կլինի  մեր հասարակության համար:

Հանձնաժողովը դրական քննարկեց նաեւ միջազգային երկու համաձայնագիր` «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (Հատուկ գործողություններ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)» եւ  «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)»:  Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը ,   համաձայնագրերով նախատեսվում է  Հայաստանին տրամադրել 60 մլն. դոլարի արտոնյալ վարկ` Հյուսիս-հարավ մարյուղու կառուցման նպատակով: Կառավարության ներկայացուցչի խոսքերով` նպատակ ունեն բարձրորակ  ճանապարհով կապել հյուսիսն ու հարավը` ապահովելով ելք դեպի միջազգային շուկաներ, աշխուժացնելով թե առեւտուրը եւ թե զբոսաշրջությունը:  Ծրագրի ընդհանուր արժեքը, բանախոսի փոխանցմամբ, կազմում  է 1 մլրդ. դոլար, իսկ ծրագրի իրագործման ժամկետը` 10-15 տարի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կձգվի Մեղրի-Երեւան-Գյումրի-Բավրա հետագծով: Առաջին փուլում նախատեսվում է նոր եւ բարձր որակի ավտոճանապարհով կապել մայրաքաղաքը Գյումրիին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը  նիստում կարեւոր համարեց ճանապարհային այս միջանցքի կառուցումը` համարելով այն ռազմավարական նշանակության: Նրա բնորոշմամբ`  Հայաստանն այս ճանապարհով  գործնականում կճեղքի  շրջափակումը եւ կհանդիսանա տարանցիկ երկիր:

Նիստի օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի քննարկումը, հեղինակների առաջարկությամբ, հետաձգվեց:
 
 
 
 
 
 
 
 
 


29.01.2010
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին
 Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ բուհի խորհրդի նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ։ Օրակարգի երկու հարցին՝ «ՀՊՏՀ 2009 թվականի ուսո...

29.01.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունվարի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ  փետրվարի  1-4-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am