National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.05.2009
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը


Մայիսի 21-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին դիմումը համարվում է ընդունված, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` հրապարակումից երեք օր հետո նա ետ չի վերցրել հրաժարականի դիմումը:

ԱԺ պատգամավորներն առաջին ընթարցմամբ ընդունեցին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց նախորդ նիստում ընդհատված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ կառավարության համար ընդունելի կլինի օրենքի նախագիծը, եթե ապահովվի ստացված կամ իրացված գազի ճիշտ հաշվառում, տեղադրվի հարկային մարմնի կողմից կապարակնքված երկրորդ հաշվիչ, հնարավորություն տրվի հարկային մարմնի ներկայացուցչին ցանկացած պահի ծանոթանալ չափիչ սարքերի ցուցմունքներին եւ աշխատանքին ու սահմանել գազի իրացման գների վրա ազդելու մեխանիզմներ:

Երկօրյա քննարկումները հաշվի առնելով` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ստուգող մարմիններին քաղաքակիրթ ու չափավոր վերաբերմունք դրսեւորել յուրաքանչյուր գործարարի եւ գործատուի նկատմամբ, քանի որ նրանք են ապահովում երկրի բյուջեի եկամուտները: Պարոն Աբրահամյանի կարծիքով` ստուգող մարմինները պետք է հասկանան, որ իրենց մեխանիզմներ են տրված ոչ թե անձնական խնդիրները լուծելու, այլ օրենքը գործադրելու համար: Նա գտնում է, որ չի կարելի բոլոր գործարարներին գող ու ավազակ անվանել, սակայն միեւնույն ժամանակ պետք է պատժվեն այն գործարարները, ովքեր խախտում են օրենքը, խուսափում են հարկերի վճարումից: Խորհրդարանի նախագահի խոսքով` պետք է վստահություն լինի հարկային մարմինների եւ հարկատուների միջեւ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նկատեց, որ բախվում են պետության, սպառողի եւ գործարարի շահերը: Խոսելով սպառողի իրավունքների պաշտպանությունից` ԱԺ փոխնախագահը նշեց, որ պետք է սպառողին հնարավորություն ընձեռել օգտվել մատչելի եւ որակյալ ծառայությունից: Պարոն Նիկոյանը համակարգում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, ինչը, ըստ նրա, ապացուցում են նաեւ գազալցակայանների խողովակները, որոնք աշխատում են օրվա որոշակի ժամերի: Նրա գնահատմամբ` օրինագիծը միտված է սպառողների շահերի պաշտպանությանը եւ կոռուպցիոն ռիսկերի վերացմանը: Պարոն Նիկոյանն առաջարկեց օրինագծի հեղինակներին ընդունել կառավարության` ոլորտում պատշաճ վերահսկողություն սահմանելուն առնչվող դիտողությունը: 

Եզրափակիչ ելույթում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ գործադիրը կհամաձայնի օրենքի նախագծի լրամշակված տարբերակին, եթե առաջինից երկրորդ ընթերցում հեղինակները ընդունեն կառավարության առաջարկները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համոզմամբ` հաշվառման իրականացման վերահսկողության մեխանիզմներ արդեն իսկ գործում են, պարզապես պետք է հաշվառման  քաղաքակիրթ մեթոդներ կիրառել: Նա կարեւորեց տնտեսվարող սուբյեկտների կողմից սպառողների համար պատշաճ մակարդակի սպասարկման ապահովումը: Պարոն Այվազյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել օրինագծին:

Ամփոփիչ ելույթում օրենքի նախագծի համահեղինակ Ռոբերտ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ գործող օրենքն առավել ռիսկային է, քան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Տեղեկացվեց, որ որոշվել է սահմանել հարկման նվազագույն շեմ: Նշվեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կառավարության առաջարկների հիման վրա օրինագիծը կլրամշակվի:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորների քննարկմանը ներկայացվեցին «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները եւ «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրինագիծը:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց եւ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակված Արմեն Աշոտյանին ՀՀԿ ցուցակով փոխարինելու եկած Կարինե Աճեմյանին` մաղթելով պատգամավորին բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք Ազգային ժողովում:  

Առաջին ընթերցման ընթացակարգով ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նա իրազեկեց, որ հարցի կարեւորությունից ելնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, ուր հնչել են տեսակետներ, ներկայացվել են առաջարկներ: Նշվեց, որ կառավարությունը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում այդ առաջարկների հիման վրա օրինագիծը լրամշակել:

Փոփոխություններով առաջարկվում է Հայաստանում արտադրվող ԱՏ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 եւ 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանման, հարկ վճարողի մանրածախ առեւտրի կամ ակցիզային պահեստ տեղափոխման դեպքերում կիրառել «ակցիզային պահեստ» ռեժիմը եւ շրջանառությունից հանել ակցիզային հարկի հաշվանցումների համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը: Պարոն Կարայանն իրազեկեց, որ օրենքի կիրառման դեպքում կկրճատվեն հարկային մարմին ներկայացվող հաշվետվական տվյալները, որպես հումք օտարելու դեպքում ակցիզային հարկի հաշվանցումներ կատարելու համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: «Հարկերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ հարկային մարմնի ղեկավարին իրավունք է վերապահվում հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ, եթե հարկ վճարողը հանդիսանում է խոշոր հարկատու (նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, նախորդ տարվա որեւէ պահին ունեցել է 500 եւ ավելի աշխատող, երկու տարի անընդմեջ հայտարարել է 50 միլիոն եւ ավելի դրամ  հարկային վնաս կամ հաշվետու տարվա որեւէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը), ներկայացրել է գրավոր դիմում, սահմանված չափագրումների արդյունքում առնվազն երեք անգամ արձանագրվել է ներկայացված հաշվետվությունների տվյալների եւ չափագրումների արդյունքների միջեւ էական տարբերություն եւ եթե հարկ վճարողը հանդիսանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող: «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ակնկալվում է, որ հստակեցվելու է փաստաթղթով չհիմնավորված փաստացի կատարված ծախսերի մասով իրատեսական հարկային պարտավորությունների հաշվարկման գործընթացը, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարվող լրացումներով ու փոփոխություններով կիրառության մեջ են դրվելու որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ, ուժը կորցրած են համարվելու պարարտանյութերի եւ թունաքիմիկատների իրացման մասով արտոնությունը, կրճատվելու է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնող Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը վերապահումներով է դրական եզրակացություն ներկայացրել օրենսդրական փաթեթին, այն պայմանով, որ  իրենց առաջարկությունները կներառվեն ԱԺ քննարկմանը ներկայացվող օրինագծերում: Կառավարության ներկայացուցիչը հանձնաժողովականներին հավաստիացրել է, որ խորհրդարանի նիստում օրինագծերի փաթեթը կներկայացվի փոփոխված, ինչը, ըստ պարոն Հակոբյանի, չի արվել: Նա հարցը քննարկելու համար առաջարկեց հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել:

Օրինագծերի փաթեթը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, հնչեցին բազմաթիվ հարցեր:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցող ԱԺ պատգամավորների մտահոգությունները բազմազան էին, առաջարկները` բազմաբնույթ: Արեգ Ղուկասյանը եւ Արա Նռանյանը դեմ արտահայտվեցին  հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը:  Արծվիկ Մինասյանի համոզմամբ էլ` օրենսդրական փաթեթի ներկայացումը չմտածված քայլ է, որն ուղղված է բիզնես ոլորտը թուլացնելուն եւ աղճատելուն, մոնոպոլիստական կապիտալիզմի դրսեւորում է: Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ կառավարությունը տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու հարցում ունի համապատասխան լծակներ եւ պարտադիր չի հարկային մարմնի ներկայացուցչի միջոցով հարցը լուծել: Նա կարծում է, որ օրինագիծն անընդունելի է, ուստի կառավարությունը պետք է հետ վերցնի այն:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


21.05.2009
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
Մայիսի 21-ին  երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության Ազգային  ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  նույն  հանձնաժողովի նախագահի տեղակալներ Լասլո Կոսին եւ Մաթիաս Ֆիրթլին:Այցի ընթացքում  Հուն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am