National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.09.2008
ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոն:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող եւ տարածաշրջանային խնդիրներ:

Տիկին Պետրոսյանը, ողջունելով հյուրին, հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը կնպաստի ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շարունակականությանն ու ավելի զարգացմանը: Նա բարձր գնահատեց ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը:Նշվեց, որ եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնայնություններից է, եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները այդ քաղաքականության կենտրոնական տարրերից են` համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ դարձել է արտաքին քաղաքականության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը: ԱԺ փոխնախագահը  հավաստեց, որ Հայաստանը մտադիր է  զարգացնել համագործակցությունը` ընդլայնելով նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում ներգրավվածությունը (Հայաստանը, հավատարիմ իր պարտավորություններին` շարունակում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղարար գործողությանը եւ 2008-ի հունիսից կրկնապատկել է խաղաղապահների թիվը) եւ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը: ՆԱՏՕ-ի փորձագետները դրական գնահատական են տվել այդ ծրագրի 2006-2008 թթ. առաջին երկամյա փուլի իրականացմանը, որն ավարտվել է արդեն եւ նոր երկամյա ծրագիր է մշակվում 2008-2010 թթ. համար: Տիկին Պետրոսյանը բարձր գնահատական տվեց ՆԱՏՕ-ի եւ անդամ երկրների կողմից ԱԳԳԾ-ի իրականացմանը Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը եւ հույս հայտնեց, որ խորհրդատվական օժանդակությունը շարունակական կլինի: Կարեւորվեց, որ ԱԳԳԾ ծրագիրը հնարավորություն է ընձեռում «26+1» ձեւաչափով ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների անցկացման համար:
 
Պարոն Լելյոն նկատեց, որ համագործակցությունը օգտակար է ոչ միայն իրենց կազմակերպության, այլեւ Հայաստանի համար, որը ոչ միայն առաջընթաց է ակնկալում պաշտպանական ոլորտում, այլեւ փորձում է բազմազան դարձնել իր աշխարհաքաղաքական համագործակցությունը: Խորհրդարանական վեհաժողովի նախագահը, որպես օրինակ, մատնանշեց Վրաստանում ստեղծված ճգնաժամը, որը արգելափակել է այլ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերը եւ ՆԱՏՕ-ին լուծման միջոցներ փնտրելու խնդիրներ առաջադրել. իրենց կազմակերպությանը հետաքրքրում են ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, գիտական, մշակութային ու տնտեսական խնդիրները:

Կողմերը քննարկեցին ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության, միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային  խնդիրներին վերաբերող այլ հարցեր եւս:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ ասոցիացված պատվիրակության հետ:

Պարոն Լելյոն տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է լսել  կարծիքները տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ, որոնց լուծումը իրենք տեսնում են համընդհանուր, փոխպայմանավորված քաղաքականության շրջանակներում, ուստի  եւ կայուն առաջադիմությամբ ու հեռանկարով Հայաստանի կարիքն են զգում: Նա մտահոգություն հայտնեց Հարավային Օսեթիայի իրադարձությունների վերաբերյալ, Ռուսաստանի քայլը գնահատեց անհամաչափ, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը` անընդունելի: Նա հույս հայտնեց, որ ռուսական զինված ուժերը հետ կքաշվեն Վրաստանի տարածքներից, եւ երկու երկրների միջեւ առաջացած հակասությունները կլուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Պարոն Լելյոն տեղեկացրեց նաեւ, որ ինքը պատրաստվում է 12-13 օրից այցելել Վրաստան, տեղում ծանոթանալ իրավիճակին ու որոշակի եզրակացության գալ:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ ասոցիացված պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հասարակության տեսակետը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միանշանակ չէ: Հասարակության մի ստվար մասը, տեղյակ լինելով Կոսովոյի անկախության ճանաչմանը, տեսնելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, սկսեց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հույսեր փայփայել: Իշխանության վերաբերմունքը այս հարցում շատ հստակ է. Հարավային Կովկասի հիմնախնդիրների, սառեցված առճակատումների լուծումը  պետք է տեղի ունենա միմիայն խաղաղ բանակցությունների եւ համագործակցության ճանապարհով: Որպեսզի Լեռնային Ղարաբաղում էլ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Հարավային Օսիայում, տարածաշրջանային երկրների միջեւ պետք է ստորագրվի մի համաձայնագիր, որը բացառի ռազմական ճանապարհով նման հարցերի լուծումը. վիճահարույց տարածքային խնդիրները պիտի լուծվեն միայն խաղաղ գոյակցության պայմաններում: Թե ո՞վքեր կմասնակցեն այդ համաձայնագրի ստորագրմանը, քննարկման խնդիր է: Պարոն Աղաբեկյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է կովկասյան տան վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը, միայն թե այդ համագործակցությունը պետք է լինի բոլոր այն երկրների միջեւ, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում. այս իմաստով հաշվի չառնել Իրանին եւ կառուցել խաղաղ Կովկաս, հեռանկարային չի լինի: Առանց նախապայմանների Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների բացումը կարեւոր քայլ կլինի տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ճանապարհին:

Պարոն Աղաբեկյանի գնահատմամբ` տարածաշրջանային խնդիրները կարելի է կարգավորել, եթե չհակադրվեն տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները, ինչն էլ բերում է ռազմական ճանապարհով հարցը լուծելու մտայնությանը: Պարոն Լելյոյի հարցադրմանն ի պատասխան` պարոն Աղաբեկյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը հանրաքվեի ճանապարհով ընդունելի է, եթե այդ տարածքում չխախտվի  հայերի եւ ադրբեջանցիների տոկոսային հարաբերակցությունը, որը կար 1988 թվականին:
ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Կարեն Ավագյանի գնահատմամբ` Հայաստանը լավ է պատկերացնում իր պարտականությունները եւ որպես հարեւան, եւ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, եւ որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկիր. Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում: Ակնհայտ է, որ Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնի գործողություն եւ կողմ է բոլոր վիճահարույց հարցերը լուծել միայն  խաղաղ բանակցությունների ճանապարհով: Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները բավարար են, բավական մեծ աշխատանքներ են իրականացվել, եւ որեւէ այլ միջնորդական առաքելության խնդիր չի կարող լինել, եթե այդ աշխատանքները լինեն շարունակական եւ նպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ:

Խորհրդարանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոն  հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական   հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ:
  
Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը: Նշվեց, որ հանձնաժողովի  հիմնական նպատակն է ամրապնդել   միջխորհրդարանական կապերը  եւ այս առումով կարեւոր է փոխգործակցության զարգացումը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ընդհանրապես: Պարոն Ռուստամյանի խոսքով` ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ: Համատեղ իրականացվող ծրագրերը խթանում են մեր պաշտպանական համակարգի բարեփոխման գործընթացը: Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, պարոն Ռուստամյանի կարծիքով, նաեւ մեր երկրի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս հավասարակշռել թե երկկողմ, թե բազմակողմ հարաբերությունները:

ՆԱՏՕ ԽՎ նախագահ Ժոզե Լելյոն  կարեւորեց իր այցը Հայաստան եւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում զարգացնել հարաբերությունները Եվրաատլանտյան շատ երկրների հետ  եւ մասնավորապես Թուրքիայի, որը ՆԱՏՕ անդամ է:

Հյուրի խնդրանքով պարոն Ռուստամյանը ներկայացրեց  Հայաստանի դիրքորոշումը  տարածաշրջանում ստեղծված  բարդ իրավիճակի շուրջ: Նրա խոսքով` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել եւ անվտանգության նոր համակարգի ձեւավորման  անհրաժեշտություն է առաջացել: Նրա համոզմամբ` հարաբերությունները չեն կարող կառուցվել բաժանարար գծերի վրա եւ տարածաշրջանը չի կարող զարգանալ 3-1 բանաձեւով: Մինչեւ այժմ տարածաշրջանային շատ ծրագրեր նախատեսում էին տարածաշրջանի զարգացում առանց Հայաստանի:

Անդրադառնալով Ռուսաստան-Վրաստան  հակամարտությանը, պարոն Ռուստամյանը  նշեց, որ Հայաստանը որդեգրել է հավասարակշիռ եւ սկզբունքային  դիրքորոշում, հիմնվելով այն մոտեցման վրա, որ մենք ունեցել ենք  հակամարտությունների կարգավորման սեփական հայեցակարգը. հակամարտությունները կարող են  համարվել  վերջնական լուծված, եթե դա տեղի է ունեցել միջազգային  համապատասխան գործընթացի ավարտով: Այս է պատճառը, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ի, Կոսովոյի անկախությունը, ինչպես նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի: Պարոն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը ակտիվ կմասնակցի այն  նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն հակամարտության  խաղաղ կարգավորմանը:  Նրա համոզմամբ` տարածաշրջանի բոլոր երկրների համար ընդհանուր ճանապարհը մեկն է` Կովկասի անվտանգության բանալին Հարավային Կովկասի կայունությունն է   եւ պետք է գտնել ճիշտ ձեւաչափ, որը հնարավորություն կտա  ստեղծել անվտանգության նոր համակարգ, որը  կընդգրկի  Հարավկովկասյան երեք հանրապետությունները եւ  Ռուսաստանը, Թուրքիան,  Իրանը, ինչպես նաեւ  այն ուժային կենտրոնները, գերտերությունները, որոնք ընդունում են, որ տարածաշրջանը կարող է զարգանալ առանց նոր բաժանարար գծերի:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս հանդիպեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի հետ: Հանդիպմանը ներկա էին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանը, ներկայացուցիչներ ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցություններից:

Վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոն ներկայացրեց ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը հետխորհրդային երկու տարածաշրջաններում` Բալկաններում եւ Հարավային Կովկասում:  Եվրաաատլանտյան դաշինքն ակնկալում է Հայաստանի հետ համագործակցություն` ապահով անվտանգության միջավայր ստեղծելու համար: Բարձրաստիճան հյուրի գնահատմամբ` Հայաստանի պատվիրակությունը շատ ակտիվ է աշխատում վեհաժողովում: Պորտուգալիան ներկայացնող ԽՎ նախագահը հետաքրքրված է տարածաշրջանային քաղաքականության, աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ ԱԺ քաղաքական ուժերի տեսակետներով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խոսելով  վրաց-ռուսական բախման մասին, նկատեց, որ Հայաստանը ակամա դարձել է տուժող կողմ. տրանսպորտային ճանապարհը, որը միակն է, քանի դեռ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը պահում են շրջափակման մեջ, փակվել է: Պրն. Հովհաննիսյանը միջազգային կառույցներին, այդ թվում եւ ՆԱՏՕ-ին, կոչ արեց  հաշվի առնել նաեւ մեր երկրի շահերը: Նա անթույլատրելի համարեց տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հակադրությունը կամ որեւէ մեկի գերակայությունը: Սրանք բոլորովին այլ հարթություններում կիրառելի սկզբունքներ են. տարածքային ամբողջականության սկզբունքով պետք է լուծել երկու սուվերեն պետությունների միջեւ վեճերը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվել, երբ որեւէ պետության  մեջ ազգային փոքրամասնությունը փորձում է անկախություն ձեռք բերել:  Նա վերապահումով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության լուծման գործում խաղաղարարի դեր ստանձնելու` Թուրքիայի ձգտումներին: Պարոն Հովհաննիսյանի գնահատմամբ` Թուրքիան դեռ չի ապացուցել բոլոր կողմերի նկատմամբ իր անաչառ վերաբերմունքը,  սահմանները չի բացել եւ հայոց ցեղասպանությունը չի ճանաչել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի բնորոշմամբ` Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը մեկ աստիճանով բարձրացնում է մեր  անվտանգության մակարդակը: Նա ճիշտ է համարում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունը հայկական կողմինն է, քանի որ հայ ժողովուրդը ցեղասպանության հարցում չպետք է բարդույթավորվածություն դրսեւորի: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ` «կովկասյան պլատֆորմ» ստեղծելու գաղափարը դեռ խիստ նախնական է, ամեն դեպքում, ՀՀԿ ներկայացուցչի համոզմամբ, Հայաստանը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը  Վրաստանի եւ Ռուսաստանի հակամարտության առնչությամբ նշեց, որ տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշումը պետք է դիտարկել որպես հավասարազոր սկզբունքներ, ընդգծվեց, որ նման հակամարտությունները  հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով:  Պատգամավորի խոսքերով` սրանից պետք է հետեւություն կատարի Ադրբեջանը, որն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում:   «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջունում է հանրապետության նախագահի` Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու նախաձեռնությունը` համարելով այն վճռական քայլ: «ԲՀ»-ն կարեւորում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը` չմոռանալով մեր պատմական խնդիրների եւ հայոց ցեղասպանության մասին:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ վերջին տարիներին տարածաշրջանում ժողովրդավարությունը նահանջ է ապրել, ինչը հանգեցնում է խնդիրները այլ ուղիներով լուծելու ցանկության:  Պատգամավորը թեեւ չի արդարացնում Ռուսաստանի քաղաքակությունը, բայց եւ չի հասկանում վրացական իշխանությունների վարքագիծը: Նա հույս հայտնեց, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը երկընտրանքի առաջ չի հայտնվի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ, իրենց համար ի սկզբանե ընդունելի չեն, քանի դեռ Ղարաբաղը հանդես չի գալիս որպես բանակցող կողմ:  Իսկ անկախության ձգտող երկրների ճանաչման հարցում, ըստ  պատգամավորի,  կիրառվում են երկակի ստանդարտներ: Խոսելով Հյուսիսատլանտյան դաշինքի  քաղաքականության մասին` «Ժառանգության» քարտուղարը անընդունելի համարեց, որ տարածաշրջանում երկրները բաժանվում են «լավ եւ վատ հարեւանների», եւ որոշ երկրներ մեկուսացվում տարբեր ծրագրերից:   



17.09.2008
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
ԱԺ գիտության, կրթության,  մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Անահիտ Բախշյանը, Լիլիթ Գալստյանը, Հեղինե Բիշարյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեցին  խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am