National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.8.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.08.2008
Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը
Օգոստոսի 21-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի  առաջարկությամբ, մինչ քննարկվող հարցին անդրադառնալը, տեղի ունեցան քվեարկություններ:  Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նախորդ օրը քննարկված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների  կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` կից օրենսդրական փաթեթով եւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ապա շարունակվեց նախորդ օրն սկսված «Սեւանա  լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը, որով առաջարկվում է  թույլատրել 2008 թվականի ընթացքում 240 մլն խմ ջրի փոխարեն լճից բաց թողնել   360 մլն խմ ջուր:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետները շարունակեցին ներկայացնել խմբակցությունները:

ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնող Հակոբ Հակոբյանն ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին: Անդրադառնալով օրինագծի շուրջ ծավալված մանրամասն ու բուռն քննարկումերին, նա կարծիք հայտնեց, թե պատգամավորներից շատերի ելույթները, ցավոք, քննարկվող հարցի շրջանակներից դուրս էին եւ հնչեցված կասկածներն էլ` չհիմնավորված: Պարոն Հակոբյանը գտնում է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը չի կարող եւ չպիտի ինքնանպատակ լինի. ջուրը պետք է օգտագործվի միմիայն ըստ անհրաժեշտության` ոռոգում եւ այլն: Պարոն Հակոբյանը բացառեց ջրառը այլ նպատակներով իրականացնելու մտադրությունը, որի կասկածը  արտահայտվել էր մի քանի պատգամավորների ելույթներում:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Ըստ նրա` երբեմն խորհրդարանը պարտադրված է լինում իրավիճակային լուծումներ պահանջող օրենքներ ընդունել, ինչպիսին ներկայացված օրինագիծն է: Անցած տարիներին տասնյակ միլիոնների գումար է հատկացվել բնապահպանական խնդիրներին, սակայն անարդյունա‎վետ է օգտագործվել եւ չի նպաստել Սեւանի էկոհամակարգի պահպանությանը: Խմբակցության  կարծիքով, Սեւանա լճի էկոհամակարգի բարելավման համար անհրաժեշտ է, որպեսզի լճի մասին նոր հայեցակարգ մշակվի: Պարոն Մարգարյանը հավաստեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

ՀՅԴ-ի դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, գործադիր իշխանությունը  ուղղակի չէր հավատում Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը, որ  2001 թ. ընդունված օրենքների հիմքում էր, արդյունքում լճի մակարդակի բարձրացումը վտանգավոր է դառնում շրջակա ինֆրակառույցների համար: Այդ  պատճառով նույնիսկ 250 հազար տնտեսություն ջրով փրկելու խնդիրը կասկածի տակ են դնում հասարակությունն էլ, պատգամավորներն էլ: Խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց դիրքորոշումը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ պատասխաններ կտրվեն 3 առաջարկներին` քառապատիկ կավելացվե՞ն Սեւանա լճի համար նախատեսվող հատկացումները 2009-ի պետբյուջեի նախագծում, առաջիկայում ստեղծվելիք հանձնաժողովում հստակ կձեւակերպվե՞ն խնդիրները, որ նույն խնդիրը վերստին չառաջանա, եւ երրորդ` բյուջետային ծախսերում նախատեսվելու՞ է ոռոգման համակարգի բարելավման ծրագիր:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որ ներկայացված նախագիծը չի արտահայտում գյուղացիների շահերը, այլ կապված է ափամերձ տարածքների, ինչպես նաեւ` էլէներգիայի արտադրման խնդիրների հետ:  

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Մեր գործընկերներն արձանագրում էին, որ չափազանց կարեւոր հարց է քննարկվում: Իսկապես, դա այդպես է եւ ճիշտ կլինի, որ քննարկումը պատշաճ լինի հարցի լրջությանը: Անկեղծ ասած` չեմ ուզում համաձայնել մեր գործընկերոջ հետ, որ մենք այստեղ քննարկում ենք կառավարության ազնվության հարցը: Ես կարծում եմ` նման հարց քննարկելու ոչ հիմք կա, ոչ էլ իմաստ ունի նման քննարկումը: Եթե որեւէ մեկը խնդիր ունի կառավարության հետ, կարող է համապատասխան մեխանիզմներով ներկայացնել իր վերապահումները:

Իսկապես չափազանց կարեւոր է Սեւանի հարցը, դա միայն ջրի հարց չէ, Սեւանի` որպես լճի բնապահպանական խնդիր չէ միայն, այլ համալիր հարց է: Ակնհայտ է, որ, ցավոք, այդ հարցին անդրադառնում ենք ստեպ-ստեպ, մինչդեռ սա այն հարցն է, որ շարունակական ուշադրության է արժանի: Ես կարծում եմ` այս առումով պիտի արձանագրենք, որ մեր հանձնաժողովը մշտապես պիտի իր ուշադրության կենտրոնում պահի այս հարցն ու պարբերաբար խորհրդարանին ներկայացնի համապատասխան տեսակետ` եւ իրավիճակի, եւ այն հիմնախնդիրների վերաբերյալ, որ մեր գործընկերները ներկայացրին: Իհարկե, կան մի շարք հիմնական հարցադրումներ` եւ Սեւանի բնապահպանական խնդիրը, եւ ոռոգման համակարգի խնդիրը, եւ գյուղատնտեսության աջակցության խնդիրը: Երբեմն մենք ստիպված ենք լինելու, ինչպես այսօր ենք ստիպված, իրավիճակից ելնելով` որոշակի խնդիրներ լուծել գյուղատնտեսության դժվարությունների առնչությամբ: Սա էլ է չափազանց կարեւոր հարց, մյուս կողմից կարեւոր է, որ բոլոր հարցադրումները հաշվի առնելով` համոզիչ հիմնավորումներ ներկայացվեն. եւ տեղումների հետ կապված, եւ համեմատական վերլուծությունների, թե որ տարի ինչպիսին են եղել տեղումները, բերքը, ցանքատարածությունների, այգիների մակերեսները... 

Ամենակարեւոր հարցադրումը, որ բոլորն այստեղ նման մոտեցման համար քվեարկելու ժամանակ պետք է համոզված լինեն, որ առաջարկվող լուծումն այլընտրանք չունի եւ այդ հարցի լուծման համար առաջարկվող մեխանիզմը չի կարող բացասական ազդեցություն ունենալ Սեւանի էկոհամակարգի վրա: Անշուշտ, չափազանց կարեւոր խնդիր է նաեւ ոռոգման համակարգի վիճակի հարցը: Կարծում եմ` այսօր մենք, մեր բյուջեի աճը նկատի ունենալով, հնարավորություն ունենք իսկապես լուրջ ուշադրություն դարձնել այս խնդրին: Կարող է թվալ, թե ջուրն առանձնապես թանկ ապրանք չէ, բայց վստահ եմ, որ այդպես չէ: Ամեն տարի մեծ կորուստների գինը շատ ավելին է, քան այդ համակարգը անհրաժեշտ վիճակի բերելու համար պահանջվող ծախսերը:

Եվ ամփոփելով խոսքս` ուզում եմ ասել հետեւյալը. ես համաձայն եմ, որ Սեւանի էկոհամակարգի համար ավելի մեծ գումարներ հատկացվեն, բայց շատ կարեւոր է ծրագիրը եւ այդ ծրագրի ներկայացումից հետո պարզ կդառնա` 4 թե 5 անգամ ավելի գումար պետք է հատկացնել: Այնպես որ առաջնայինը ոչ թե գումարը պետք է լինի, այլ` ծրագիրը, նաեւ գումարի արդյունավետ օգտագործումը պիտի կարեւորվի:

Լիովին համաձայն լինելով Վահան Հովհաննիսյանի երեք հարցադրումներին, այնուամենայնիվ, ուզում եմ առաջարկել, որ Աժ համապատասխան հանձնաժողովի միջոցով շարունակական ուշադրության հարթությունում պահենք Սեւանի խնդիրը` որպես մեր երկրի համար բացառիկ մի խնդիր: Մեր հանձնաժողովը մշտապես պատրաստ պիտի լինի Սեւանի հետ կապված իր եւ հարցադրումները ներկայացնելու, եւ մեկնաբանություններն ու բացատրությունները տալու, որպեսզի մյուս պատգամավորները, որ այդ հանձնաժողովի անդամ չեն կամ այդ խնդրով հատկապես զբաղվելու հնարավորություն չունեն, լիարժեք տեղեկություն ունենան եւ կարողանան հանգիստ խղճով քվեարկել նման առաջարկությունների դեպքում: Անշուշտ, ցանկալի է, որ նման առաջարկություններ հնարավորինս քիչ լինեն: Կարծում եմ` որեւէ մեկը խնդիր չունի Սեւանին վնաս հասցնելու, եւ համաձայն չեմ այն պարզունակ հարցադրման հետ, թե Սեւանի ափերին ինչ-ինչ շինություններ կան եւ հանուն այդ շինությունների պահպանության է ներկայացվել այս նախագիծը: Իսկապես կարեւոր է, որ բոլորը, ովքեր քվեարկելու են այս նախագծի համար, վստահ լինեն, որ խնդիրը կոնկրետ է եւ գյուղատնտեսության դժվարին իրավիճակի հետ կապված լուծումներին է վերաբերում եւ լուծումը, ինչքան էլ արտառոց լինի վերջին տարիների համեմատ, չի հանգեցնելու Սեւանի էկոհամակարգի վնասին: Համոզված եմ` պարոն Անդրեասյանը կներկայացնի լրացուցիչ հիմնավորումներ, եւ մենք կքվեարկենք այս նախագծի ընդունման օգտին»:
   
Պատգամավորների առաջարկներին եզրափակիչ ելույթում անդրադարձավ  հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:  Նա հավաստիացրեց, որ սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով կստեղծվի Սեւանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողով, կավելանան բնապահպանական միջոցառումները,  կներկայացվի ջրամբարաշինության հայեցակարգ:
Անդրադառնալով ներկայացված գրավոր առաջարկներին, պարոն Անդրեասյանն ասաց, որ ստացվել է երկու առաջարկություն. ԱԺ տնտեսական հանձնաժողովի առաջարկը Սեւանա լճի  հարցով հանձնաժողով ստեղծելու մասին ընդունվել է,  «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` չավելացնել բաց թողնվող ջրի քանակը,  մերժվել է:

Երկու ընթերցմամբ քննարկումներից հետո օրինագիծն ընդունվեց ներկայացված տեսքով:

Խորհրդարանը քննարկեց եւ երկրորդ, ապա նաեւ` երրորդ   ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` կից օրենսդրական փաթեթով:

Խորհրդարանն այնուհետ երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրինագծերով:

Սպառելով օրակարգը` արտահերթ նստաշրջանն ավարտեց  աշխատանքը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am